HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Բարի գալուստ, Մե՛րի». Արտամետի միակ առաջին դասարանցին կսովորի չորրորդ դասարանցիների հետ

Մերին Արմավիրի մարզի Արտամետ համայնքի միակ առաջին դասարանցին է: Աղջիկը սովորելու է իրենից 3 տարի մեծ երեխաների հետ: Դպրոցը ֆինանսական հնարավորություն չունի առանձին դասարան պահելու համար և Մերին ու 4-րդ դասարանի երեխաները սովորելու են երկկոմպլեկտ դասարանում: Արտամետի դպրոցում կան երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններ:

Առավոտյան ժամը 10-ին Մերին, փուչիկներն ու ծաղիկները ձեռքին, դպրոցի բակում էր: Աստիճանների մոտ աղջիկը շփոթված շուրջն էր նայում: Զննում էր իրենից բարձրահասակ ու մարմնով համեմատաբար խոշոր դասընկերներին: Նրա մտքով չի էլ անցել, որ սովորելու է իրենից տարիքով մեծերի հետ: 

Ուսուցչական կազմի կողմից բարեմաղթանքներ լսելուց հետո աշակերտները շտապեցին ներս: Մերին նստած էր առաջին շարքում: Եթե մյուս երեխաներին արդեն ծանոթ էին գրատախտակը, աշակերտական նստարանն ու պատերին փակցրած գունավոր նկարները, ապա Մերին նոր էր տեսնում:

Աղջկա ոտքերը գետնին հազիվ էին դիպչում: Փուչիկն օդում պտտելով՝ ուշադիր նայում էր ամեն ինչին: Երկար համոզելուց հետո նա նույնիսկ բանաստեղծություն արտասանեց ուսուցչուհու համար:

Մերին ազգությամբ եզդի է: Ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ և ամառվա ամիսներին բարձրանում են սար՝ անասուններին պահելու: Մերին 2 օր առաջ է սարից իջել, որպեսզի դպրոց գնա: Մայրիկին խնդրել է՝ առաջին օրվա համար ծաղիկներ գնել: Ճիշտ է՝ ծաղկի զամբյուղը Մերիի համար ծանր էր, բայց մայրիկի օգնությամբ փոխանցեց առաջին ուսուցչուհուն: Դասվար Աննա Պողոսյանի սեղանին հենց Մերիի նվիրած ծաղիկներն էին դրված: Ուսուցչուհին էլ աղջկա պատվին դասարանում երաժշտություն էր միացրել:

Մայրը՝ Զինե Ալոյանը, ասաց, որ դպրոցի վիճակով պայմանավորված՝ համակերպվել են այն մտքի հետ, որ իրենց աղջիկը պետք է սովորի 3 տարի մեծ երեխաների հետ: Այլ տարբերակ էլ չունեն: Չհամակերպվելու դեպքում պետք է աղջկան տանեն հարևան համայնքների դպրոցներ, ինչի հնարավորությունն էլ չկա:

«Երեխան ուրախ է, որ դպրոց է եկել, անհամբեր սպասում էր: Ուսուցչուհուն ճանաչում ենք, շատ լավն է, վստահ ենք՝ ոչ մի դժվարություն չի առաջանա»,-ասում է Զ. Ալոյանը:

Դասվար Աննա Պողոսյանն ասաց, որ կոմպլեկտավորված դասարաններում դժվար է աշխատելը: Նշեց, որ 10 տարի է, ինչ աշխատում է Արտամետի դպրոցում: Վերջին 5 տարվա ընթացքում է սկսել աշխատել կոմպլեկտավորված դասարանների հետ:

«Սկզբում ինձ համար էլ էր անսովոր, շատ էի վազվզում, բայց արդեն սովորել եմ»,- կատակով ասում է դասվարը:

Ա. Պողոսյանը նշեց, որ նախորդ տարի էլ մեկ չորրորդ դասարանցի է ունեցել կոմպլեկտավորված դասարանում: Սկզբում երեխան հոգեբանական որոշ դժվարություններ է ունեցել, այնուհետև հարմարվել է այլ տարիքային խմբի երեխաների հետ: Հույս ունի, որ Մերին ևս հեշտ կհաղթահարի:

11 ուսուցչից 10-ը այլ համայնքների բնակիչ է

Արտամետի դպրոցի ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 2012թ.-ի սեպտեմբերի 1-ին: Նախկինում ուսումնական գործընթացը կազմակերպվել է վագոն-տնակներում:

Նորակառույց դպրոցը նախատեսված է 92 աշակերտի համար, սակայն այսօր սովորում է 39 աշակերտ՝ 5 կոմպլեկտ դասարանում:

Արտամետի միջնակարգ դպրոցի տնօրեն Մելքոն Ղազարյանն ասաց, որ կոմպլեկտավորված են բոլոր դասարանները, քանի որ թերծանրաբեռնված են: Կոմպլեկտավորումն իրականացրել են Կառավարության որոշման համաձայն, ըստ որի՝ երկկոմպլեկտ դասարաններում աշակերտների թիվը չի կարող  գերազանցել 15-ը, եռակոմպլեկտ դասարաններում՝ 12-ը, իսկ քառակոմպլեկտ դասարաններում՝ 8-ը:

Մելքոն Ղազարյանն ասաց, որ առանձին դասարաններ կարող են գործել միայն դպրոցի ազատ ֆինանսական միջոցների առկայության պայմաններում՝ դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ: Սակայն, Արտամետի դպրոցը չունի ֆինանսական միջոցներ, որպեսզի առանձին դասարաններ կարողանան պահել:

Դպրոցի  տնօրենը փաստում է, որ կոմպլեկտավորված դասարանների հետ աշխատելն ունի առանձնահատկություններ և դժվարություններ: Ուսուցիչն այդպիսի դասարաններում պետք է 45 րոպեի ընթացքում կատարի իր աշխատանքային պարտականությունները, որը նախատեսված է միակոմպլեկտ դասարանի համար: Տնօրենը բնական է համարում, որ անկախ աշակերտների թվից, բազմակոմպլեկտ դասարաններում ուսուցիչը կունենա ժամանակի պակաս, ինչը անդրադառնալու է նաև որակի վրա:

«Նախորդ տարիների համեմատությամբ ուսուցիչները ձեռք են բերել կոմպլեկտ դասարանների հետ աշխատելու փորձ, այնուամենայնիվ ժամանակը չի բավականացնում գործընթացներն իրականացնելու համար»,- հավելում է Մ. Ղազարյանը:

Արտամետ գյուղում վերջին տարիներին աշակերտների թվի փոփոխություն գրեթե չի եղել: Տնօրենի խոսքերով՝ կոմպլեկտավորված դասարաններ ունեն արդեն 10 տարուց ավելի: Առաջիկա տարիների համար աշակերտների թվի աճ ակնկալում են: Օրինակ՝ հաջորդ տարի ունենալու են 6 առաջին դասարանցի, դրա հաջորդող տարում՝ 3 և այլն, սակայն, միևնույն է, էական փոփոխություններ չեն լինի:

«Այնպիսի թվաքանակով աշակերտներ չենք ունենալու, որ առանձին դասարաններ լինեն: Նույն սկզբունքով առաջիկա տարիներին էլ են կոմպլեկտավորվելու դասարանները»,- ասում է Արտամետի միջնակարգ դպրոցի տնօրենը:

Արտամետի շրջանավարտները հետագայում բարձրագույն կրթություն ստանալու հարցում ևս ունեն դժվարություններ, այդ իսկ պատճառով նախընտրում են Արմավիր քաղաքի քոլեջները:

Բանն այն է, որ գյուղը չունի հասարակական տրանսպորտ: Հենց այդ պատճառով ծնողները չեն կարողանում պահովել երեխաների հետագա կրթության շարունակականությունը: Նույն դժվարության առաջ կանգնած են նաև դպրոցի ուսուցիչները:

11 ուսուցչից միայն դպրոցի տնօրեն Մելքոն Ղազարյանն է Արտամետ համայնքից: Մյուսները գալիս են Արմավիր քաղաքից, մեկն էլ՝ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից:

«Սա էլ մեզ համար անհարմար իրավիճակներ է ստեղծում՝ կախված ձմռան ամիսների ոչ բարենպաստ պայմաններից: Ուսուցիչներն աշխատանքի գալիս են տաքսիներով: Օրինակ բերեմ՝ Արմավիր քաղաքից Արտամետ համայնք մեկ ուղղությունով տաքսով երթևեկելու արժեքը 2-3 հազար դրամ է»,- ասում է Մ. Ղազարյանը:

Ուսուցիչները երբեմն հավաքվում, մեկ ավտոմեքենայով են գալիս, սակայն լինում են նաև դեպքեր, որ միասին հնարավոր չէ գալը, ստիպված 2-3 հազար դրամ են վճարում դպրոց հասնելու համար:

Մելքոն Ղազարյանն ասաց, որ նախորդ տարվանից ուսուցիչներին հատկացվում է նաև տրանսպորտային ծախս՝ ամսական առավելագույնը 20,200 դրամ, սակայն այդ գումարը չի բավականացնում տաքսիներով երթևեկելու համար:

«Եթե աշխատանքային օրերը ամսվա կտրվածքով վերցնենք 22 օր, ապա բնականաբար այդ գումարը չի բավականացնելու տաքսիներով երթևեկելու համար, իրենց գրպանից են ծախսում»,- հավելեց տնօրենը:

Դա է պատճառը, որ դպրոցում աշխատելը շահեկան ու գրավիչ չէ ուսուցիչների համար: Անցյալ տարվանից թափուր են դպրոցի ֆիզկուլտուրայի, բնագիտության, քիմիայի և ֆիզիկայի ուսուցիչների տեղերը. դիմողներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter