HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծարավ Աղբյուրի բնակիչներն ահազանգում են. նախկին փոխոստիկանապետն ու որդին փորձում են խլել իրենց ընդհանուր բաժնային սեփականությունը

Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանն ու որդին` Սմբատ Մահտեսյանը «Երևան Սիթի» սուպերմարկետի առաքումն ապահովելու համար փորձում են Ծարավ Աղբյուր փողոցի 55/8 և 55/11 շենքերի բնակիչներից խլել նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը: Բնակիչները դեմ են, ինչի հետևանքով արդեն մի քանի անգամ բնակիչներ-կառուցապատող բախում է տեղի ունեցել:

Ծարավ Աղբյուր 53/9 հասցեում կառուցապատում էր իրականացվում: Վերջապես այն ավարտին է հասցվել: Ներկայում հասարակական շենքի առաջին հարկում ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի»-ի պաստառներն են փակցվել, սուպերմարկետի բացմանն ընդառաջ աշխատանքներ են ընթանում: Երկրորդ հարկը դեռ վարձակալների է սպասում, շինության վրա նման հայտարարություն է փակցված:

«Երևան Սիթի»-ի առաքումը կազմակերպելու համար կառուցապատողը փորձում է բնակիչների բաժնային սեփականություն համարվող տարածքը ծառայեցնել իր կառույցին, որպեսզի սուպերմարկետի առաքման հարթակ դառնա: Այդտեղով պետք է մուտք ու ելք անեն սուպերմարկետի բոլոր առաքիչ մեքենաները:

Պայմանական Ավան 3 կոչվող թաղամասի (որն ընդգրկում է Ծարավ Աղբյուր 55/8 և 55/11 շենքերը) բնակիչներն այդ տարածքին հարակից ճանապարհով, աջ թեքվելով, մուտք են գործում իրենց բակ: Թաղամասի համատիրության կառավարիչ Էմիլ Սարգսյանն ասում է, որ եթե տարածքը ծառայի սուպերմարկետի առաքմանը, ապա իրենք պետք է վերջնականապես հրաժարվեն թե՛ այդ տարածքից, թե՛ ճանապարհից, որովհետև առաքիչները կծանրաբեռնեն այն իրենց առաքումը կազմակերպելու համար, և բնակիչները ստիպված կկորցնեն այդ ճանապարհն ու տարածքից որևէ կերպ օգտվելու իրենց իրավունքը: Մինչդեռ բնակիչների սեփականության վկայականներում հստակ արձանագրված է, որ 0,6 հա հողը նրանց ընդհանուր բաժնային սեփականությունն է:

«Եթե ասֆալտ լցվեց նշված հողակտորի վրա, ուրեմն մեր «շլագբաումը» էլ երբեք չի փակվի, քանի որ այդտեղ շատ հաճախ կուտակվելու են բեռնափոխադրողներ, հետևաբար առանց այդ էլ ծանրաբեռնված նեղ ճանապարհն էլ ավելի անտանելի է դառնալու»,- ասում է թաղամասի բնակիչ, լրագրող Սուրեն Դեհերյանը:

Վերջինս նշում է, որ այս խնդիրը միայն 55/8-ի և 55/11 շենքերի բնակիչներինը չէ։ Սա այս փոքրիկ ճանապարհից օգտվող բոլոր շենքերի բնակիչների խնդիրն է՝ 55/8, 55/11, 17, 26, նաև թաղամասի մյուս հատվածում առկա երեք նորակառույցի։

«Ցանկացած պարագայում այս խնդիրը այլընտրանքային լուծում ունի։ Եվ չպիտի թշնամանքի ու զոռբայության պատճառ դառնա կողմերի միջև, և պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի խաղաղ ձևով հանգուցալուծում ստանա»,- կարծում է Ս. Դեհերյանը: Նա նաև առաջարկել է, որ առաջիկա երեկոները մշակութային միջոցառումներ կազմակերպվեն այդ տարածքում, նաև լավ հարևանություն անելու և իրար ավելի լավ ճանաչելու առիթ կդառնա այն:

ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նույնպես այդ թաղամասի բնակիչ է: Համատիրության էջում աջակցություն է հայտնել բնակիչներին և նշել, որ եթե դա թույլատրեն, ապա բակը կդառնա փոխադրամեքենաների կենտրոն: «Հետո կսրտնեղենք, մինչդեռ հիմա է պետք հստակ մեր դիրքորոշումը հայտնել։ Խնդիրը բոլորինս է և բոլորով պետք է լուծում տանք։

Ես իմ առավելագույն մասնակցությունը կունենամ ի շահ երեխաների անվտանգության և մեր հանգիստ ապրելու»,- գրել է Սոֆյա Հովսեփյանը:

Կառուցապատողը պատրաստ է լուծում գտնել բնակիչների հետ

Բնակիչների բաժնային սեփականությանը տնօրինելու համար բանակցել է նաև անձամբ Արարատ Մահտեսյանը:

Արարատ Մահտեսյանը, հիշեցնենք, ոստիկանության պետի առաջին տեղակալ էր 2006-2008թթ, երբ ոստիկանության պետը Հայկ Հարությունյանն էր: Արարատ Մահտեսյանն այժմ ղեկավարում է իրենց պատկանող Արզնիի առողջարանը, «Արզնի առողջարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Հաշվառված է Ծարավ Աղբյուր 55/11 հասցեում:

Նրա որդին` Սմբատ Մահտեսյանը 55/20 շենքի բնակիչ է: Փաստացի` Մահտեսյաններն իրենց հարևաններից են փորձում խլել նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը` իրենց և Սամվել Ալեքսանյանի բիզնեսը կազմակերպելու նպատակով:

Սակայն համատիրության կառավարիչ Էմիլ Սարգսյանը բացատրել է, որ եթե գոնե մի բնակիչ դրան դեմ է, տարածքը չի կարող որևէ մեկի օգտագործմանը տրամադրվել: Իսկ Ծարավ Աղբյուր բնակիչները գերազանցապես դեմ են դրան: Համատիրությունը ֆեսյբուքյան իր էջում այդ մասին հրապարակում է կատարել, ինչի վերաբերյալ իրենց դժգոհություններն են արտահայտել նաև բնակիչները:

Կադաստրի կոմիտեից արտահանած փաստաթղթում երևում է, որ մոտ 600 քմ շինության սեփականությունը Սմբատ Մահտեսյանի անվամբ գրանցվել է օրեր առաջ` 2021 թվականի օգոստոսի 9-ին:

Սմբատ Մահտեսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ հողակտորն ինքը ձեռք է բերել դեռևս 2006 թվականին առանձնատուն կառուցելու համար, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով այն այդպես էլ չի կառուցել: Տարածքն օգտագործելու և այս շինության կառուցապատում իրականացնելու համար բանկից վարկ է վերցրել: Այդ փաստն արձանագրված է նաև Կադաստրի կոմիտեի փաստաթղթում. 2021թ. փետրվարի 11-ին շինությունը գրավադրվել է Էվոկաբանկում:

Խնդրահարույց տարածքը և ճանապարհը, որտեղից հիմա բնակիչները ելումուտ են անում, նույնպես իրեն է պատկանել, սակայն քաղաքապետարանի հետ բանակցությունների արդյունքում ինքը դա տվել է Ավան 3-ի կառուցման համար:

Հարցին, թե արդյոք Սմբատ Մահտեսյանը վաճառել կամ նվիրել է այդ տարածքը քաղաքապետարանին, դժվարանում էր պատասխանել, սակայն ասաց, որ իրեն այլ տարածք են տվել:

Սմբատ Մահտեսյանը կարծիք հայտնեց, որ տեղի բնակիչները, որոնք դեմ են, ընդամենը վատություն են ուզում անել իրեն, բայց ինքը վատ բան չի անում. ճանապարհը ոչ զավթում է, ոչ էլ փակում:  

«Ես էդ հատվածից ունեմ մուտք, որը քաղաքապետարանի կողմից հաստատված է, ԱԻՆ-ը անվտանգության մուտք է տվել, որ այդ փողոցն օգտագործվող փողոց է, ես էլ եմ նաև էդ թաղամասի բնակիչ, գնում-գալիս եմ: Հիմա էդ հատվածում ես ոչ թե «Սիթիի» կռիվն եմ անում, այլ սեփականատերն եմ, ուզում եմ փոշուց, կեղտից մաքրել էդ տարածքը, քանդել ենք, շեբենը լցրել ենք, որպեսզի մաքրենք: Իրենք մի քանի հոգով դեմ են լինում, ոչ թե բոլոր բնակիչները, մի 10 հոգով կամակատար մարդիկ իրենց բողոքն են արտահայտում: Ու լուծում էլ չեն ուզում գտնել:«Ես էլ եմ այդ թաղի բնակիչ, ես էլ եմ մարդկանց հետ խոսում, ասում եմ՝ ի՞նչ վատ է, որ մաքրել ենք, «Սիթին» բացվում է, գալու եք առևտուր անեք, ի՞նչ խնդիր կա: Ասում են` չկա, իսկ համատիրության նախագահը ստահոդ լուրեր է տարածում, որ հող ենք զավթում»,- ասում է Սմբատ Մահտեսյանը:

Մեր դիտարկմանը, թե ինչպես է կազմակերպվելու առաքումը, արդյոք այդ հատվածը չի ծանրաբեռնվի և կաթվածահար լինի առաքիչ մեքենաների պատճառով, պատասխանում է. դրան էլ լուծում կա, ապրանքը դուրս է գալիս, հետո մյուս մեքենան է գալիս:

Եթե միաժամանակ երեք կամ ավելի առաքիչ մեքենա գա, ինչպե՞ս է կազմակերպվելու առաքումը` մեր հարցին, պատասխանում է. «Դուք հիմա նենց հարցեր եք տալիս, ես «Սիթի»-ի ներկայացուցիչ չեմ, ես սեփականատերն եմ, որը վարձակալությամբ տվել է «Երևան Սիթիին», որ այդտեղ խանութ բացվի, բնակիչներն օգտվեն»:

Երեկ երեկոյան համատիրության նախաձեռնությամբ փլուզվել է նաև խնդրահարույց տարածքին հարակից խաղահրապարակի պատը, որպեսզի կառուցապատողը հավակնություններ չդրսևորի և չբետոնապատի բնակիչների բաժնային սեփականությունը: Պատի փլուզմամբ այն ժամանակավորապես կանխվել է, քանի որ քարերը գլորվել են այդ տարածք և թվացյալ սահմանազատումը` ընդհանուր օգտագործման տարածքի և խաղահրապարակի, վերացել է:

Այժմ բնակիչները փորձում են համախմբվել եւ պայքարել իրենց իրավունքները պաշտպանելու համար:

Շինության սեփականատերն էլ ասում է, որ պատրաստ է բանակցել, որպեսզի համատեղ լուծում գտնեն:  

Մեկնաբանություններ (2)

Ալվարդ
Ոմանք կամ մի քանի կամակատարներ չեն խոսում, ինչպես որ մեջբերված է Մահտեսյանի խոսքում. այդ մարդիկ բնակիչների անունից են բարձրաձայնում. սա խելացի ու տեսած անձանց բնակավայր է, և վաղեմի հնարքներով չեք զարմացնի. իբրև լուծում՝ գտե՛ք շինության ճակատից աջ նեղլիկ անցուղին։
Ներսես
Ձեր հոդվածը իբր ,թե ի պաշպանություն բնակիչներրի շահերի է,բայց իրականում դուք կատարում եք սեփականատիրոջ պատվերը։Կոպիտ ասած մոնիթորինգ եք անցկացնում կողմ և դեմ ձայների հաշվարկ։Դուք և պատվիրատուն սխալ բայց խորամանկ ուղու վրա եք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter