
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Արդարադատության ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Կնքված հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն փորձի փոխանակման, ուսումնական, գիտական և գործնական ոլորտներում գործունեության փոխադարձ իրականացման, փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպման ուղղություններով:
Ինչպես նշված է հաղորդագրությունում, Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Առաքելյանին համագործակցության առաջարկի նախաձեռնությանն աջակցելու համար՝ շեշտելով, որ թեև հուշագրի ստորագրումը որոշակի հանգամանքներից ելնելով փորք-ինչ հետաձգվել է, սակայն այդ ընթացքում կողմերի միջև համագործակցությունը չի դադարել: Միաժամանակ ՄՊՀ նախագահը հավելել է, որ հանձնաժողովի աշխատակիցների շրջանում հատկապես մեծ ոգևորությամբ է ընդունվել իրենց փորձով կիսվելու ռեկտորի առաջարկը:
Իր հերթին Սերգեյ Առաքելյանը նշել է, որ հուշագրի ստորագրմամբ պարզապես իրավական հիմքի վրա է դրվում հանձնաժողովի հետ ավելի վաղ մեկնարկած համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ էական դրական արդյունքներ կարձանագրվեն: Նա մասնավորապես շեշտադրել է համատեղ հոդվածների հրապարակումը, ուսումնական գործընթացում Հանձնաժողովի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավումը, վերապատրաստումների իրականացումը:
Մեկնաբանել