ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանի հետ ընտրական գործընթացների շուրջ
Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը ստորագրեցին երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր` խթանելու արդյունավետ ընտրական վարչարարությունը, որը նաև ներառում է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը նպաստող ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը, ինչպես նաև ընտրությունների հետ կապված այլ միջազգային ջանքերը:
Համաձայնագիրը նախատեսում է տրամադրել տեխնիկական, կրթական և տեղեկատվական աջակցություն Հայաստանի ԿԸՀ-ին` առաջիկա 2012 թ. խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև 2013 թ. նախագահական ընտրությունների համար:
«Մտապահելով այն, որ իրական ընտրական բարեփոխումները և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կախված են հիմնականում դերակատարների քաղաքական կամքից ու ռեսուրսներից` միջազգային հանրության դերը` իր դրական ներգրավվածությամբ կարևոր ներդրում է` խթանելու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը` միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան»,- նշեց Սորոկինը:
ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան ընդգծեց ԿԸՀ որոշիչ դերը` Հայաստանում ազատ և արդար ընտրությունների երաշխավորման գործում:
Այսօր կնքված համագործակցության համաձայնագրի հիմնական ոլորտները ներառում են` տեխնիկական սարքավորումների տրամադրում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի գործունեության բարելավման համար, ԿԸՀ-ի ներքին համակարգչային ցանցի արդիականացում, ընտրական վարչարարությամբ զբաղվող պաշտոնյաների և դիտորդների վերապատրաստում, ինչպես նաև ընտրողների տեղեկատվության և իրազեկության բարձրացման համար նյութերի պատրաստում:
Աջակցության հիմնական մասը կտրամադրվի 1,7 մլն եվրո արժողությամբ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` ԵՄ ֆինանսավորմամբ: Համաձայնագիրը նախատեսում է նաև համագործակցություն այլ միջազգային գործընկերների հետ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 2000 թ.-ից ի վեր տրամադրել է աջակցություն` խթանելու ընտրական բարեփոխումները Հայաստանում: Այն համակարգել և ղեկավարել է ընտրություններով զբաղվող միջազգային աշխատանքային խումբ, ինչպես նաև խթանել միջազգային հանրության` ընտրական օրենսդրության բարեփոխման, ընտրական վարչարարության բարելավման ջանքերը` բարձրացնելով հանրային իրազեկության մակարդակը և աջակցելով տեղական դիտորդական խմբերին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել