HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորից ի պաշտպանություն Հովհաննես Իշխանյանի

Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք ՀՀ դատախազությունից, ոստիկանությունից և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից անհապաղ դադարեցնել հալածանքները և քրեական գործ հարուցելու նախապատրաստությունը Հովհաննես Իշխանյանի նկատմամբ:

Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» պատմվածքների գրքույքի համար փետրվարի 27-ին կանչել են Ռազմական ոստիկանություն գրքում իրականություն փնտրելու պատճառաբանությամբ, ապա հարցաքննել: Որևէ մեղադրանք չկարողանալով կպցնել Ռազմական ոստիկանությունը փորձել է քրեական գործ հարուցել Քր.օր. 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելու»  համար:

Ստեղծված իրավիճակը կարելի է միանշանակորեն բնութագրել, որպես իշխանությունների կողմից ճնշումներ ստեղծագործական գործունեության դեմ, որը ոչ միայն խոսքի և արտահայտվելու ազատության հերթական ոտնահարումն է, այլև Հայաստանի պատմության  20 տարիների ընթացքում աննախադեպ երևույթ, երբ ուժային կառույցները գեղարվեստական գրքի համար հեղինակին պատասխանատվության են կանչում:

Իշխանությունների գործողություններին զուգահեռ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր են նետվում 1937 թվականների ձեռագրով, անհայտ «Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնություն» խմբի անունից անստորագիր հայտարարություններ, ուր կոչ է արվում չհանդուրժել հեղինակին:

Հրատարակված ստեղծագործության շուրջ իրավիճակը բացահայտում է նաև, որ ուժային կառույցներում աշխատում են պաշտոնյաներ, որոնք չեն ընկալում գեղարվեստական գործի առանձնահատլությունները, և, որ ամենացավալին է` այնտեղ իշխում է գրաքննության ոգին, որից թվում էր թե Հայաստանը  ազատվել է  անկախություն հռչակելով:

Մեկ անգամ ևս, դատապարտում ենք հալածանքները Հովհաննես Իշխանյանի դեմ  և պահանջում անհապաղ դադարեցնել քրեական գործ նախապատրաստելու գործողությունները իր նկատմամբ:

Ստորագրություններ`

1. «Ասպարեզ» լրագրողական ակումբ

2. Երևանի մամուլի ակումբ

3. Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան

4. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

5. Իրավունքի գերակայություն

6. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

7. Համագործակցության հանուն ժողովրդավարության

8. Հայաստանի հելսինկյան կոմիտե

Որպես ապացույց վերը արտահայտած բողոքի և պահանջի, ստորև ներկայացնում ենք ստեղծված իրավիճակի ժամանակագրությունը.

- 2011 թ. մայիսին տպվել է, մայիսի 6-ին եղել է գրքի շնորհանդեսը «Բյուրոկրատ» գրախանութում:

- 2012 թ. փետրվարի 27-ին Հովհաննես Իշխանյանը կանչվել է Ռազմական ոստիկանություն պարզաբանում տալու թե արդյոք պատմվածքներում նկարագրված դեպքերը համապատասխանում են իրականությանը: Նրան տրված ծանուցագրում ասված է. «Ձեզ ռազմական ոստիկանություն հրավիրելը կապված է ձեր կողմից 2011 թ. հունիս ամսին հեղինակային հրատարակությամբ տպագրված «Ուվալնյատի օրը» գրքույկում շարադրված պատմվածքներում մատնանշված դեպքերի առնչությամբ գրավոր բացատրություն տալու հետ: Չներկայանալու դեպքում կենթարկվեք հարկադիր բերման»: Իշխանյանը հարցաքննությանը պատասխանել է, որ այդ պատմվածքները ամբողջությամբ հորինված են և ոչ մի իրական անձ այնտեղ չկա:

Ռազմական ոստիկանությունը փորձում է քրեական գործ հարուցել քր. օր. 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելու»  համար: Գիրքը փորձաքննության է հանձնում «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Ադնրեասյանին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը գրավոր հայտնում է ՊՈԱԿ-ի պատասխանը, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ «շարժական մշակութային արժեքների փորձաքննության չափորոշիչները և մշակութային արժեքների փորձաքննության անցկացման ոլորտները չեն նախատեսում տպագիր նյութերի բովանդակային փորձաքննության իրականացում»:

- Մարտի 23-ին armenianow.com-ը հաղորդում է, որ ռազմական ոստիկանության սպա, իրավաբան Անահիտ Եսայանն ասում է, որ Իշխանյանի պատմվածքները խեղաթյուրում են իրականությունը, կոպիտ հայհոյանքները վարկաբեկում են ՀՀ զինված ուժերը, վիրավորում կրոնը, հայ մայրերին: Թերթը նաև հաղորդում է, որ ռազմական ոստիկանության ճնշումներով Բյուրոկրատ գրախանութը «Ուվալնյատի օրը» գիրքը հանել է վաճառքից:

- Մարտի 23-ին Հովհաննես Իշխանյանին կրկին հարցաքննում են Երևանի Կենտրոն համայնքի ոստիկանության քննաչական բաժնում:

- Մարտի 23-ին հարցաննվել է նաև թերթի տպագրիչը:

- Epress.am թերթը հայտնում է որ ոստիկանության լրատվական վարչությունից թերթին ասել են. «2011 թ. 300 օրինակով տպագրված 178 էջից բաղկացած 1500 դրամ արժողությամբ «Ուվալնյատի օրը» գրքում գռեհիկ ձևերով նկարագրված են սեռական հարաբերություններ` շարադրված կոպիտ հայհոյանքներով և արտահայտություններով»:

- Հայ ժամանակակից մի քանի գրողներ հայտարարություն են տարածել և ստորագրահավաք կազմակերպել ի պաշտպանություն Հովհաննես Իշխանյանի

- Ապրիլի 3-ին գրողները ստորագրություններով բողոքի նամակը հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազություն

- Ապրիլի 4-ին գրքի տպագրիչը կրկին հրավիրել են հարցաքննության Երևանի Մաշտոցի ոստիկանությունում, նա հրաժարվել է բացատրություն տալ: Տպագրիչը չի ցանկանում իր անունը և հարցաքննվելու փաստը հրապարակել:

- Ապրիլի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հովհաննես Իշխանյանի դեմ ռազմական ոստիկանության և ոստիկանության նյութեր պատրաստելու հետ կապված ասել է . «Ցանկացած գեղարվեստական երկի նկատմամբ հետապնդման, մասնավորապես այս դեպքի կապակցությամբ մենք ունենք մեր դիրքորոշումը. որևէ իրավական հիմք չենք տեսնում  հետապնդման համար: Սա կարող է մեր կողմից ապագայում գրաքննություն գնահատվել, բայց այսօր չեմ կարող մեկնաբանություններ տալ, քանի որ մենք ունենք դիմում Հովհաննես Իշխանյանից, և գործը գտնվում է ընթացքի մեջ»: Մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ իրենք ակտիվորեն հետևում են այս գործին՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնեց. «Նախապես կարող եմ ասել, որ գեղարվեստական երկերի նկատմամբ  ցանկացած գրաքննության փորձ խստորեն մեր կողմից դատապարտվում է և ընկալվում՝որպես խոսքի ազատության իրավունքի լուրջ սահմանափակում»:

- Ոստիկանությունը գիրքը ուղարկել է փորձաքննության այլ հիմնարկ (դեռ մեզ հայտնի չէ թե որը):

- Ապրիլի 6-ին Հայաստանի լրագրողների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը Հելսինկյան կոմիտեին նախագահ Ավետիք Իշխանյանին հայտնել է, որ ոստիկանությունից իրեն հարցրել են, թե արդյոք այս գիրքը կարող է պոռնկագրություն համարվել, ինքը պատասխանել է թե գեղարվեստական գրականության վրա չի կարող տարածվել պոռնկագրության վերաբերյալ քրեական այդ հոդվածը:

Լուս.՝ Ն. Արմենակյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր