HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

««Մուդիս»-ի զեկույցը կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար». Տ․ Խաչատրյան

Օգոստոսի 31-ին «Մուդիս» միջազգային վարկանիշավորման կազմակերպությունը հրապարակեց հերթական զեկույցը, որով Հայաստանին տրված վարկանիշը մնացել է  նույնը՝ ընթացիկ վարկանիշը սահմանելով Ba3, իսկ հեռանկարը կայուն է։ Այս մասին կառավարության սեպտեմբերի 2-ի հերթական նիստին հայտնեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Փոխվարչապետը խնդրեց Էկոնոմկիայի նախարար Տիգրան Խաչատրյանին անդրադառնալ զեկույցին։

 «Մուդիս»-ը վարկանիշների, հետազոտությունների և ռիսկերի վերլուծության առաջատար կազմակերպություն է։ Վարկանիշավորման գործընթացն իրականացվում է բաց տվյալների և տարբեր կառույցների տրամադրած տեղեկությունների հիման վրա։ Կազմակերպության հետազոտությունները հնարավորություն են տալիս նաև պատկերացում կազմել համաշխարհային շուկայի պարտքերի մասին։

«Մուդիս»-ն իրականացնում է երկարաժամկետ պարտքերի վարկանիշի գնահատում՝ «C»-ից «Aaa» միջակայքում, որտեղ «C»-ն ամենացածր վարկանիշն է, «Aaa»-ն՝ ամենաբարձր։

Ba3/BB- պարտատոմսերի տոկոսադրույքն է, որը տրվում է ընդհանուր առմամբ սպեկուլյատիվ բնույթ կրող պարտքային գործիքներին: Այսինքն, Ba3 գնահատվածները համարվում են «սպեկուլյատիվ տարրեր պարունակող» և «էական վարկային ռիսկ» ունեցողներ։

«Հաշվի առնելով, որ «Մուդիսի» կողմից նախորդ գնահատումը կատարվել էր 2018 թվականին, որից հետո 2020-ին COVID-ի համավարակի տարածման և պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսության համար ի հայտ էին եկել էական տնտեսական ռիսկեր, «Մուդիսի» այս գնահատմամբ՝ արձանագրվում է նման ռիսկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացումը»,- նշեց նախարարը։

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունն այդ տեսանկյունից արդյունավետ է։

«Նշվածը շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարը և կառավարության տնտեսական քաղաքականության բարենպաստությունը ներդրումների համար։ Այն ընդգծում է նաև Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումների և կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ «Մուդիս»-ի կանխատեսումը։ Հրապարակման մեջ կարևոր տեղ են գրավում պետական պարտքի կառավարմանն առնչվող հարցերը։ Չնայած 2020 թվականի արդյունքներով կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշն աճել է և կազմել 63,5 տոկոս՝ «Մուդիս»-ն այս զեկույցով ընդգծում է, որ կարևորում է առաջիկա 5 տարիների ընթացքում հիշյալ ցուցանիշը 60 տոկոսից նվազեցնելու վերաբերյալ Հայաստանի կառավարության քաղաքականությունը։ «Մուդիս»-ն ընդգծել է այն գործոնները, որոնք կարող են նպաստել Հայաստանի վարկանիշի հետագա բարձրացմանը»,- հայտնեց Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը թվարկեց նաև այդ գործոնները, այն է՝ տնտեսության մրցունակության բարձրացմանը և կառավարման ինստիտուտների արդյունավետությանն ուղղված բարեփոխումների արագացում, ընթացիկ հաշվի պակասուրդի բարելավում, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով, հարևան երկրների հետ հարաբերությունների լարվածության թուլացում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter