HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հս․ Մակեդոնիա-Հայաստան․ մեր թիմը վիճակագրական շատ փոքր առավելություն ունի

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22։45-ին, Հս․ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեի «Տոդոր Պրոեսկի» մարզադաշտում կմեկնարկի ԱԱ-2020-ի ընտրական փուլի Հս․ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը։

Հիշեցնենք, որ աշխարհի 2022 թ․ առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբի առաջատարը մեր թիմն է, որը 3 խաղում նույնքան հաղթանակ է տարել ու 9 միավոր ունի, իսկ մակեդոնացիները 6 միավորով երկրորդն են։ Այս խմբում են ընդգրկված նաեւ Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի ու Լիխտենշտայնի ընտրանիները։ 

Այս պահին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մեր հավաքականը 88-րդն է, իսկ Հս․ Մակեդոնիան՝ 72-րդը։ Այդուհանդերձ, վիճակագրական փոքր առավելությունը Հայաստանի ընտրանու օգտին է։ Թիմերը միմյանց հետ անցկացրել են 10 խաղ, ընդ որում՝ բոլորն էլ պաշտոնական, տարել են 4-ական հաղթանակ ու 2 ոչ-ոքի են խաղացել, գոլերի տարբերությունը՝ 17-15՝ հօգուտ Հայաստանի։

Առաջին հանդիպումը եղել է «Եվրո-1996»-ի ընտրական փուլում՝ 1995-ի մայիսի 10-ին, Երեւանում, որում գրանցվեց 2-2: Մերոնցից գոլերի հեղինակ դարձան Ռազմիկ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը: Սա պատմական հանդիպում էր, քանի որ պաշտոնական խաղերում առաջին անգամ Հայաստանի հավաքականը գոլեր խփեց: Ընդ որում՝ Սամվել Դարբինյանի սաները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեցին հաղթանակը, որը կարող էր դառնալ առաջինը պաշտոնական խաղերում: Այդուհանդերձ, այդ հաղթանակը իրականություն դարձավ նույն մակեդոնացիների հետ պատասխան խաղում, որը կայացավ 1995-ի սեպտեմբերի 6-ին Սկոպիեում: Կրկին Գրիգորյանի ու Շահգելդյանի գոլերի շնորհիվ մեր թիմը հաղթեց 2-1 հաշվով: Հետաքրքիր է, որ այս անգամ էլ մերոնք էին պարտվում 0-1, բայց կամային հաղթանակ տարան. այսպես Հայաստանի ընտրանու պատմության մեջ առաջին պաշտոնական հաղթանակը կայացավ արտագնա խաղում:

Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում հավաքականները նորից երկու հանդիպում անցկացրին: 2004-ի օգոստոսի 8-ին Սկոպիեում Հայաստանը պարտվեց 0-3 հաշվով: 2005-ի հունիսի 4-ին Երեւանում տեղի ունեցած պատասխան հանդիպմանը նորից հաղթեցին բալկանցիները՝ 2-1: Հյուրերի առաջատար Պանդեւի երկու գոլերին մեկ անգամ պատասխանեց մեր թիմի ծագող աստղ Էդգար Մանուչարյանը: 

«Եվրո-2012»-ում, որը Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենահաջողվածներից էր, թիմերը 2010-ի սեպտեմբերի 7-ին հանդիպեցին Սկոպիեում: Յուրա Մովսիսյանի ու Էդգար Մանուչարյանի գոլերը, ցավոք, չօգնեցին Վարդան Մինասյանի թիմին հաղթանակ տանել: Խաղավարտին Արարատ Առաքելյանի ձեռքով խաղը սեփական տուգանայինում հանգեցրեց 11-մ հարվածի, եւ խաղն ավարտվեց 2-2: Այդուհանդերձ, այդ խաղը ցույց տվեց մեր ընտրանու մեծ ներուժը, որը ռեալիզացվեց հետագա մրցելույթներում: Հայ ֆուտբոլիստները 2011-ի հոկտեմբերի 7-ին Մարկոսի, Հենրիխ Մխիթարյանի, Գեւորգ Ղազարյանի ու Արթուր Սարկիսովի գոլերի շնորհիվ բալկանցիներին հաղթեցին 4-1 հաշվով:

Հերթական երկու հանդիպումները կայացան Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության ժամանակ: 2018-ի սեպտեմբերի 9-ին Սկոպիեում տանտերերը հաղթեցին 2-0, սակայն նույն տարվա հոկտեմբերի 16-ին հայ ֆուտբոլիստներն արժանի ռեւանշի հասան 4-0 հաշվով: Գոլերը խփեցին Մարկոսը, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը:

Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության շրջանակներում 2020 թ․ սեպտեմբերի 5-ին մերոնք Սկոպիեում պարտվեցին 1-2 հաշվով։ Ընդ որում՝ բոլորը գոլերը խփվեցին 11-մ հարվածից։ Մերոնցից խաղավարտին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը։ Պատերազմի պատճառով պատասխան խաղը կայացավ չեզոք դաշտում՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, նոյեմբերի 18-ին։ Հովհաննես Համբարձումյանի միակ գոլը հաղթական էր։ Այդ հաղթանակի շնորհիվ մեր թիմն առաջին անգամ հաղթող դարձավ Ազգերի լիգայի խմբային փուլում, ինչը մյուս խաղարկությունում նրան հնարավորություն կտա խաղալ ավելի բարձր լիգայում (դիվիզիոնում)։

Արդեն հայտնի են այն 23 ֆուտբոլիստների անունները, որոնք հայտավորված են այսօրվա հանդիպմանը։

2-ական դեղին քարտերի պատճառով խաղը բաց կթողնեն Վարազդատ Հարոյանը, Տիգրան Բարսեղյանը եւ Խորեն Բայրամյանը։ 

Հանդիպումը սպասարկելու է պորտուգալական մրցավարական բրիգադը՝ Արթուր Դիաշի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ռուի Տավարեշը եւ Պաոլո Սուարեշը։ Չորրորդ պաշտոնյան Ժոաո Պինեյրոն է։

Հս․ Մակեդոնիա-Հայաստան հանդիպմանը զուգահեռ կմեկնարկեն նաեւ Իսլանդիա-Ռումինիա եւ Լիխտենշտայն-Գերմանիա խաղերը։ Ամսի 5-ին Հայաստանի ընտրանին հյուր կգնա գերմանացիներին, իսկ ամսի 8-ին Երեւանում կընդունի Լիխտենշտայնին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter