HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է բուժքույրական գործ և բուժակ մասնագիտությունների հզորացման առաջարկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի առաջարկությունը` բուժքույրական գործ և բուժակ մասնագիտությունների հզորացման վերաբերյալ: 

Հաղորդագրության համաձայն՝ քննարկմանը մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի պրոռեկտորները, «Էրեբունի» և Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջների տնօրենները, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ:  

«Ներկայացնելով իրենց առաջարկը` Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները նշել են, որ իրենց առաջարկած կրթական ծրագիրը նախատեսված է միջին մասնագիտական կրթական ծրագրերով բուժակի և բուժքրոջ որակավորմամբ մասնագետների համար և նպատակ ունի ապահովել ավելի բարձր կրթական աստիճան և մասնագիտական որակավորում: Այս համատեքստում վկայակոչվել է միջազգային փորձի ուսումնասիրությունը: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ առաջարկը կարող է քննարկվել` հաշվի առնելով կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները. «Առողջապահության նախարարությունը՝ որպես ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին, պետք է հստակեցնի առողջապահության աշխատաշուկայում նոր որակավորման պահանջարկը` սահմանելով ենթադրվող նոր մասնագիտական որակավորման գործառույթները»:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ նոր կրթական ծրագրի քննարկումներն ու մշակումները կյանքի կոչելիս՝ պետք է հաշվի առնել այդ ուղղությամբ իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրերի առկայությունն ու զարգացման հեռանկարը:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մասնագիտական նոր որակավորման և կրթական ծրագրի նպատակահարմարությունը որոշելու համար քննարկումները կշարունակվեն Առողջապահության նախարարության դիրքորոշման և պահանջարկի հիմնավորումների ներկայացումից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter