HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի հետ

Աշխարհի 2020թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 0:0 հաշվով ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Սկոպյեի «Տոդոր Պրոեսկի» մարզդաշտում։

Առաջին խաղակեսն անցավ դաշտի տերերի տարածքային առավելությամբ, սակայն ժամանակ առ ժամանակ մեր հավաքականը կարողանում էր նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և սուր գրոհներ անցկացնել՝ հիմնականում հակագրոհներ, սակայն դրանցից և ոչ մեկը արդյունավետ հարվածով չավարտվեց: Մակեդոնացիները ևս չկարողացան գրավել Հայաստանի ազգային ընտրանու դարպասը, և թիմերը ընդմիջման գնացին գոլազուրկ ոչ-ոքու պայմաններում:

Երկրորդ խաղակեսը ևս անցավ նույն սցենարով, ինչ առաջինը: Մակեդոնացիները ավելի շատ էին տիրում գնդակին, իսկ Խոակին Կապառոսի սաները ապավինել էին հակագրոհներին: Այնուամենայնիվ երկու թիմերի ջանքերն ապարդյուն եղան և հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

J խմբի մյուս հանդիպումներում Գերմանիան 2:0 հաշվով հաղթեց Լիխտենշտայնին, իսկ Ռումինիան ևս 2:0 հաշվով առավելության հասավ Իսլանդիայի նկատմամբ։

Այսպիսով, կայացած չորս տուրերից հետո Հայաստանի ազգային հավաքականը 10 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել որակավորման J խմբի մրցաշարային աղյուսակը։ Գերմանիան 9 միավորով 2-րդն է, Հս․ Մակեդոնիան՝ 7 միավորով 3-րդը, Ռումինիան 6 միավորով 4-րդը, Իսլանդիան 3 միավորով 5-րդն է, իսկ Լիխտենշտայնն իր ակտիվում դեռևս միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 5-ին՝ Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում հյուրընկալվելով Գերմանիայի ազգային հավաքականին։ Այդ օրը նաև Իսլանդիան սեփական հարկի տակ կընդունի Հս․ Մակեդոնիային, իսկ Ռումինիան՝ Լիխտենշտայնին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter