HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ապրանքների ու ծառայությունների գների «վերելքը» շարունակվում է

Գնաճը Հայաստանում շարունակում է արագանալ։ 2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ սպառողական ապրանքների ու ծառայությունների 8.8% գնաճ է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած զեկույցից։

Հուլիսին 12-ամսյա գնաճը կազմել էր 8.2%, հունիսին՝ 6.5%։ Օգոտոսին գրանցված գնաճն ամենաբարձրն է ոչ միայն այս տարվա, այլև նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում։

Տարվա առաջին ութ ամսվա կտրվածքով՝ 2021 թվականի հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, միջին գնաճը կազմել է 6.4%։

Այս տարի գնաճի այսպիսի պատկեր ունենք (տե՛ս ինֆոգրաֆիկայում)։

Սովորաբար, գնաճի իրական տեմպերը հասկանալու համար համեմատում ենք նշված ամիսը նախորդ տարվա նույն ամսվա հետ, քանի որ մի շարք ապրանքների դեպքում սեզոնայնության գործոնը կա։

Իսկ եթե այս տարվա օգոստոսը համեմատում ենք նախորդ ամսվա՝ հուլիսի հետ, ապա գնաճը կազմում է 0.4%։

Ըստ խոշորացված ապրանքախմբերի՝ օգոստոսին (2020 թվականի օգոստոսի համեմատ) գնաճի բացարձակ «առաջատարը» շարունակում է սնունդը մնալ։ 

Սնունդը թանկացել է 15.1%-ով

2021 թվականի օգոստոսին 2020 թվականի օգոստոսի համեմատ Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.1% գնաճ։ 

Բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 66.4% գնաճ։ Հատկապես զգալի թանկացել են կաղամբը, կանաչ սոխը, գազարը, ճակնդեղը, կարտոֆիլը և վարունգը։

Հակառակ բանջարեղենի՝ միրգն այս տարի համեմատաբար էժան է։ 2021 թվականի օգոստոսին, 2020 թվականի օգոստոսի համեմատ, միրգն էժանացել է միջինը 8.7%-ով։ 

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 25.5% գնաճ, մսամթերքի ապրանքախմբում՝ 9.9%, կաթնամթերքն ու ձուն թանկացել են 12.2%-ով, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 9.3%-ով, յուղերն ու ճարպերը՝ 29.1%-ով, շաքարավազը՝ 36.2%-ով։

Ոչ պարենային ապրանքները թանկացել են 9.4%-ով

2021 թվականի օգոստոսին 2020 թվականի օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.4%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնաճ:

Այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի գներն աճել են 2.2%-ով, դիզելային վառելիքի գները՝ 1.6%-ով։

Իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ բենզինը թանկացել է 47.5%-ով, դիզվառելիքը՝ 44.3%-ով։

Վիճակագրական կոմիտեն ոչ պարենային ապրանքների ցանկում առանձնացնում է նաև հագուստն ու կոշիկը, որոնք այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել են 10.3%-ով։

Տնային գործածության առարկաները և կենցաղային տեխնիկան թանկացել են 9.5%-ով։

Ծառայությունների սակագներ

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021 թվականի օգոստոսին, 2020 թվականի օգոստոսի համեմատ, արձանագրվել է սակագների 1.8% գնաճ։

Մասնավորապես, տրանսպորտի գները բարձրացել են 10%-ով, որը հիմնականում պայմանավորված է տաքսի ծառայությունների սակագների բարձրացմամբ։

Առողջապահության ծառայությունները թանկացել են 5.3%-ով, ռեստորանների և հյուրանոցների սակագները՝ 2.6%-ով և այլն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter