HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը պաշտոնական խաղերում անպարտելի է արդեն մեկ տարի

Հայաստանի ազգային հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ 9-րդ պաշտոնական խաղն անընդմեջ անպարտելի է։ Վերջին անգամ պաշտոնական հանդիպումներում մեր թիմը պարտվել է նախորդ տարվա սեպտեմբերի 2-ին Սկոպիեում, երբ Ազգերի լիգայի խաղարակության շրջանակներում Հս․ Մակեդոնիայի ընտրանուն զիջեց 1-2 հաշվով։ Դրանից հետո մեր հավաքականը միայն մեկ անգամ է պարտվել, սակայն դա ընկերական խաղ էր շվեդների դեմ, որում մերոնք զիջեցին 1-3։ Ավելին ասենք՝ Կապառոսի ղեկավարությամբ անցկացրած 12 խաղերում երեկ առաջին անգամ մեր թիմը դաշտից հեռացավ առանց գոլի։

Հավաքականն իր վստահ խաղով երկրպագուներին սովորեցրել է հաղթանակների, սակայն երեկվա 0-0 հաշիվը վատ ձեռքբերում չէ՝ հաշվի առնելով, որ Հս․ Մակեդոնիան հատկապես իր դաշտում միշտ էլ խնդիրներ է ստեղծել մեզ համար։ Ազգային հավաքականների մակարդակով հայ-մակեդոնական հակամարտության շրջանակներում մինչ այս կայացած 10 խաղերից 5-ում, որոնք տեղի են ունեցել մակեդոնացիների հարկի տակ, մերոնք 1-ական հաղթանակ ու ոչ-ոքի էին գրանցել, իսկ 3-ում՝ պարտվել։ Բայց եթե չեզոք հայացքով նայենք, ապա 0-0 հաշիվը պետք է նաեւ մակեդոնացիների ակտիվում գրանցել, որովհետեւ մեր թիմը շատ ավելի սուր եւ վտանգավոր էր գործում, չնայած որ ամբողջ խաղի ընթացքում դարպասին կատարված ուղիղ հարվածները երկուստեք քիչ էին։

«Եվրո-2020»-ից հետո Հս․ Մակեդոնիայի կազմում սերնդափոխություն է սկսվել․ ամենամեծ փոփոխությունն այն է, որ միջազգային կարիերան ավարտել է թիմի առաջատար, բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Գորան Պանդեւը։ Բայց մեր թիմում էլ դեղին քարտերի պատճառով խաղը բաց էին թողնելու կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով պաշտանության գլխավոր հենասյունն է, եւ եզրային գրոհայիններ Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։ Եթե Տարոն Ոսկանյանը երեկ բավականին վստահ ու գրագետ խաղ ցուցադրեց եւ ամբողջովին լրացրել Հարոյանի բացը, ապա նույնը չենք կարող ասել երիտասարդների՝ Վահան Բիչախչյանի ու Էրիկ Վարդանյանի մասին․ այս առումով Բարսեղյանի ու Բայրամյանի բացակայությունը նկատելի էր։

Դարպասապահի ու պաշտպանության օղակում Կապառոսը որեւէ բան չէր փոխել, ինչը տրամաբանական էր․ Համբարձումյան-Հարոյան (Ոսկանյան)-Չալըշըր-Հովհաննիսյան քառյակը այդ գծում այսօր կարելի է ամենաօպտիմալ ու փորձված տարբերակը համարել, ինչն էլ տեսանք։ Ամենահետաքրքիրը կիսապաշտպանությունում եւ հարձակման գծում գլխավոր մարզչի կատարած քայլերն էին։ Եթե մեր թիմը խաղար մինչեւ Կապառոսը կիրառված ավանդական 4-2-3-1 սխեմայով, ապա թիմ վերադարձած Մխիթարյանը, անկասկած, պետք է լիներ ենթահարձակվող-խաղարկողի գոտում, սակայն Կապառոսի 4-4-2-ի պարագայում հարց էր ծագում, թե ինչ դիրքավորում է ունենալու մեր ավագը։

Ֆուտբոլասերները կհիշեն, որ պատասխանատու մրցավեճերում մեր ընտրանու մարզիչները երբեմն Հենոյին կիրառել են հենակետային գոտում՝ փորձելով ամրապնդել այդ օղակը, սակայն դրանից տուժել է հարձակման գիծը՝ անկախ նրանից, որ մեր ավագը ունիվերսալ ֆուտբոլիստ է ու կարող է գործել գրեթե ցանկացած օղակում։ Այսպիսով՝ կա՛մ Հենոյին պետք է դաշտի կենտրոնում տեսնեինք, որտեղ նա, ամենայն հավանականությամբ, զույգ պիտի կազմեր հենակետային Արտակ Գրիգորյանին, կա՛մ ավագը եզրում պիտի խաղար, ինչպես սովոր ենք տեսնել նրան ակումբային մակարդակում։

Եվ ահա Կապառոսը հենակետային գոտին վստահել էր Գրիգորյան-Ուդո զույգին, որը բավական լավ աշխատեց, իսկ եզրերից Մխիթարյանն (ձախից) ու Բիչախչյանն (աջից) էին։ Հարձակման դուետն էլ Ադամյան-Վարդանյան տեսքն ուներ։

Հակագրոհների մարտավարությամբ գործող Հայաստանի ընտրանին միայն առաջին կեսում առնվազն 5 հրաշալի պահ ուներ, որոնք խելամիտ օգտագործելու դեպքում գոլերը Դիմիտրիեւսկու դարպասը գրեթե անխուսափելի կլինեին։ Առաջին դրվագում մրցակցի պաշտպաններից առաջ պոկված Մխիթարյանը քիչ էր մնում հասներ գնդակին, սակայն մակեդոնացի դարպասապահն ավելի շուտ հասավ դրան։ Թերեւս ամենառեալ պահը բաց թողեցին Բիչախչյանն ու Վարդանյանը․ մրցակցի պաշտպանի անփույթ փոխանցման արդյունքում գնդակը որսալով՝ Վահանը մտավ տուգանային հրապարակ, սակայն չկարողացավ ո՛չ գնդակը կարգին կասեցնել-մշակել, ո՛չ էլ փոխանցում կատարել Վարդանյանին, եւ Դիմիտրիեւսկին նորից որսաց գնդակը։ Իրականում Բիչախչյանն ինքը պետք է ավելորդ շռայլություն չաներ ու հարվածեր դարպասին, փոխարենը ինքն իրեն դրեց դժվար դրության մեջ։

Երրորդ դրվագում Վարդանյանը առաջ պոկվեց, ու թվում է, թե իր արագությամբ մեն-մենակ պիտի դուրս գար մրցակցի դարպասապահի դեմ, սակայն կասկածելով, որ խաղից դուրս վիճակում է, սպասեց, որ Ադամյանը հասնի գնդակին, իսկ Սարգսի հարվածը լավը չէր։ Չորրորդ դրվագում մերոնք դասագրքային կոմբինացիա կիրառեցին ու Մխիթարյանը դարպասի դիմաց շատ լավ դիրքում հայտնվեց, գնդակն էլ աջ ոտքի տակ էր, մնում էր իր ոճով հարվածեր, բայց հապաղեց, ու այդ հնարավորությունն էլ կորսվեց։ Հինգերորդ դրվագում մերոնք նորից կտրուկ հակագրոհի արդյունքում թվային առավելություն ստացան մակեդոնացի պաշտպանների նկատմամբ, սակայն աջ եզրից Վարդանյանը շտապեց անկյունագծով անհասցե փոխանցում կատարել, այնինչ բավականին հեռանկարային գրոհ կարող էր զարգանալ։ Երկրորդ կեսում էլ Էրիկը մրցակցի տուգանայինի ձախ թեւում լավ դիրքում գնդակը ստացավ Հենոյից, բայց սուր անկյան տակ ո՛չ ինքը հարվածեց, ո՛չ էլ կարողացավ (ընկավ) վերադարձնել գնդակը ավագին։

Վարդանյանը բավական թեթեւ է շարժվում, բարձրահասակ ու արագավազ է, օդային պայքարում էլ ակտիվ է, բայց 23-ամյա ֆուտբոլիստին պակասում է փորձը․ ամենակարեւոր դրվագներում, երբ անհրաժեշտ է վերջին վճռական փոխանցումը կատարել կամ հարվածել, մի բան չի հերիքում՝ հապաղում է կամ շտապում, ընտրություն կայացնելիս կարծես մնում է երկու տարբերակի արանքում։ Մի փոքր այլ է Բիչախչյանի պարագան։ Դեռ շվեդների հետ ընկերական խաղում զգացվեց, որ 22-ամյա Վահանը, ով ֆիզիկական տվյալներով զիջում է, խնդիրներ է ունենում իրեն կոշտ դիմավորող մրցակիցների հետ․ արագություն ունի, բայց նկատելի է, որ սիրում է գնդակ պահել, ինչը ոչ միշտ է բխում մեր թիմի շահերից։ Մեր կարծիքով՝ Վահանի ՕԳԳ-ն սպասվածից դեռ ցածր է։  

Չնայած հետխաղյա ասուլիսում Կապառոսը գովեց Էրիկ Վարդանյանին, բայց երիտասարդներին խաղաժամանակ տալու մասին հարցին պատասխանելիս նշեց, որ նրանք սխալվելով են սովորում։ Հիմա, թերեւս, այդ ընթացքն ենք տեսնում նույն Վարդանյանի ու Բիչախչյանի պարագայում։

Երեկ բարձր մակարդակի վրա էր ոչ միայն պաշտպանության օղակը, այլեւ հենց թիմային պաշտպանությունը։ Այստեղ Կապառոսի ձեռագիրը, խաղի ընթացքից ու հաշվից ելնելով ոչ ստանդարտ որոշումներ կայացնելը միանգամայն նկատելի է։

Խաղը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականը բավականին վտանգավոր է հակագրոհների ժամանակ, դրանք արագ են ու լայն ճակատով։ Բնականաբար, խնդրահարույց է լավ կազմակերպված նման գրոհների վերջնական իրացումը, բայց դե ընդունենք, որ մակեդոնացիներն էլ նվեր չեն։ Ամեն դեպքում, մերոնք գոլ խփելու ավելի լավ պահեր բաց թողեցին, իսկ Յուրչենկոն անհանգստանալու շատ առիթներ չունեցավ։ Չնայած նրա դարպասի ուղղությամբ 8 շեղ հարված է եղել, դրանց մեծամասնությունը միանգամայն անվտանգ էր, այսինքն՝ այստեղ վիճակագրությունը փոքր-ինչ կարող է խաբել։

Լավ է, որ Գերմանիայի դեմ ամսի 5-ին կայանալիք խաղում շարքում կլինեն Հարոյանը, Բարսեղյանն ու Բայրամյանը, որոնցից վերջին երկուսը թե՛ արագությամբ, թե՛ խաբքերով կարող են գլխացավանք պատճառել ցանկացած մրցակցի պաշտպանության։ Չմոռանանք նաեւ, որ Տիգրանը ֆիզիկական պայքարում բավականին ամուր խաղացող է։

4 տուրից հետո Հայաստանի ընտրանին 10 միավորով շարունակում է գլխավորել 10-րդ ընտրական խմբի մրցաշարային աղյուսակը։ Լիխտենշտայնին մրցակցի հարկի 2-0 հաղթելուց հետո 9 միավորով երկրորդ տեղ բարձրացավ Գերմանիան, Հս․ Մակեդոնիան 7 միավորով երրորդն է, Ռումինիան էլ Իսլանդիային դրսում 2-0 հաղթելուց հետո վաստակեց 6 միավոր ու չորրորդն է, իսկ Իսլանդիան (3) եւ Լիխտենշտայնը (0) խմբի հետնապահներն են։

Սեպտեմբերի 5-ին կկայանան Գերմանիա-Հայաստան, Ռումինիա-Լիխտենշտայն, Իսլանդիա-Հս․ Մակեդոնիա հանդիպումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter