Մենք պետք է խթանենք կանանց բիզնես կարողությունները․ ՄԻՊ-ը Սյունիքում արտադրամասեր է այցելել
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի մարզ կատարած վերջին այցի ընթացքում այցելել է կանանց համար զբաղվածություն ապահովող արտադրամասեր։ Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից։
«Մենք պետք է ամեն կերպ աջակցենք կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, քանի որ ֆինանսապես կայուն եկամուտներ ունեցող կանայք կարող են հնարավորինս զերծ մնալ բռնությունից ու խտրականության այլ դրսևորումներից։ Կանանց ակտիվ ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքին ու որոշումների կայացման գործընթացներին բխում է հենց հասարակության շահերից»,- հանդիպումների ժամանակ նշել է Արման Թաթոյանը։
Արման Թաթոյանը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ղեկավար Ծովինար Հարությունյանի հետ այցելել է Տեղ համայնքի Տեղ գյուղում գտնվող կարի արտադրամաս։ «Անգել» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Պրոկոպենկոն էլ նշել է, որ իր նպատակը հնարավորինս շատ աշխատատեղեր ապահովելն է գյուղում բնակվող կանանց համար՝ ներդնելով այդ ոլորտում իր գիտելիքները։
Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած փոքրիկ արտադրամասում կարում են սրբիչներ, սպիտակեղեն, հագուստ, պայուսակներ և այլն։
Երկրորդ կանգառը եղել է Վերիշեն բնակավայրում գտնվող Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի սոցիալական ձեռնարկությունում, որն ուսումնական կենտրոն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կանանց համար։
Կենտրոնի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը Պաշտպանին ներկայացրել է Goris Handmade ապրանքանիշի 100% բնական բրդի տեսականին․ գորգեր, բարձեր, ծածկոցներ և ավելի քան 50 տարբեր խաղալիք կենդանիներ:
Ռուզաննա Տոռոզյանը նշել է, որ հիմնադրամի շահառուների թվում են ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ Արցախից տեղահանված ավելի քան 40 ընտանիքների կանայք, որոնք անցնում են ուսումնառություն և ստանում նոր մասնագիտություն՝ աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար (ձեռարվեստ, խոհարարություն, համակարգչային գիտելիքներ, հաշվապահություն, վարսահարդարում և այլն)։
Երրորդ արտադրամասը, որտեղ այցելել է Մարդու իրավունքների պաշտպանը «Կապանի կանանց ռեսուրս կենտրոնն» է եղել։ Կենտրոնի ղեկավար Քրիստինա Սաղաթելյանի ուղեկցությամբ Արման Թաթոյանը շրջել է կարի արտադրամասի տարածքում, որի արտադրանքը ներկայացված է Սյունիքի մարզի հագուստի սրահներում։
Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակում նպաստել կանանց ձեռք բերած կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ համատեղ միջոցառումներ իրականացնելով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել