Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր աշխատանքային շրջայցը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սկսել է բակային տարածքներից: Քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով Քանաքեռ-Զեյթունում նույնպես համալիր բարեկարգման ծավալուն աշխատանքներ են ընթանում. բարեկարգվում են բակային տարածքները, տեղադրվում են զրուցարաններ, նստարաններ, ինչպես նաև երեխաների համար խաղային ատրակցիոններ, վերականգնվում է կենտրոնական և երկրորդական փողոցների ասֆալտբետոնյա ծածկը, թարմացվում են կանաչ գոտիները:
Բակային բոլոր տարածքներում պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել կառուցապատման նախագծերն ու ընթացող աշխատանքների մանրամասները:
Իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնելով Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի համար, բնակիչներն ընդգծել են, որ իրենք սիրով են արձագանքել քաղաքապետի կոչին և սեփական նախաձեռնությամբ են ազատում բակերում իրենց կողմից ինքնակամ զբաղեցրած տարածքները, որոնք ևս շուտով կբարեկարգվեն ու հանգստի գոտի կդառնան:
Սարկավագի 72 շենքի բնակիչները դեռ նախորդ տարի էին դիմել Տարոն Մարգարյանին` իրենց շենքին հարակից տարածքը ևս ընդգրկելու բակային տարածքների բարեկարգման ծրագրում: Հաշվի առնելով, որ տվյալ տարածքը ժամանակին օտարվել էր և ուներ օրինական սեփականատեր, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքում, տվյալ տարածքն այսօր համայնքային սեփականություն է և այժմ բարեկարգվում է ու շուտով այն բնակիչների համար կդառնա հանգստի գոտի:
«Բանակցությունների արդյունքում այս տարածքի սեփականատերը կամովին հրաժարվեց իր տարածքից և այն արդեն ծառայում է որպես ընդհանուր օգտագործման տարածք: Շնորհակալ եմ նրան, և բոլոր նրանց, ովքեր կամովին ազատում են նաև ինքնակամ զբաղեցրած հողակտորները, ինչի շնորհիվ մենք ավելի արագ ու ավելի շատ տարածքներ ենք կարողանում բարեկարգել և հանձնել մեր բնակիչների տնօրինմանը»,- նշել է քաղաքապետը:
Ի խորհրդանշումն այս հարցում Տարոն Մարգարյանի անմիջական աջակցության, շենքի բնակիչներն առաջարկել են քաղաքապետին իրենց հետ միասին ծառ տնկել այդ վայրում: Խնդրանքը չի մերժվել, իսկ ծառի և ընդհանրապես տարածքի խնամքի հարցն էլ բնակիչները պարտավորվել են անձամբ ապահովել:
Դավիթ Անհաղթի 18 շենքի բակում նախկին անշուք պատերն այսօր վառ գույներ են ստանում: Երեխաների նկարչության թեման այս անգամ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելն էր: Ողջունելով երեխաների նախաձեռնությունը, Տարոն Մարգարյանը նրանց առաջարկել է գեղեցկացնել ոչ միայն սեփական, այլև հարևան բակային տարածքները: Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու համատեքստում քաղաքապետին անակնկալ են մատուցել նաև վարչական շրջանի դպրոցականները, ովքեր գրքի տեսքով խորհրդանշական զգեստներով ողջունել ու գիրք են նվիրել Տարոն Մարգարյանին:
Շրջայցի շրջանակում բնակիչների հետ ունեցած անմիջական շփումների ընթացքում վերջինները քաղաքապետին են ներկայացրել նաև իրենց հուզող խնդիրները: Բարձրացվել է մասանավորապես բակային տարածքներում ոռոգման ցանց ունենալու հարցը: «Բակային տարածքների ոռոգման խնդիրներ կան ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն, այլ նաև մյուս վարչական շրջաններում: Մայրաքաղաքի զարգացման այս տարվա ծրագրով, ոռոգման համակարգի վերականգնմանը զուգահեռ, նաև 16 կմ ոռոգման նոր ցանց կանցկացնենք: Ծրագրում բակային տարածքները նույնպես հաշվի են առնված»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Ուլնեցու փակուղիները իրար կապող աստիճանավանդակների կառուցման աշխատանքների ընթացքին: Մինչ վարչական շրջանի աշխատակազմի շենք այցելելը Տարոն Մարգարյանը գնահատել է նաև նախորդ տարեվերջին շահագործման հանձնված Դավիթ Անհաղթի փողոցի վերգետնյա անցումը: «Հաշվի առնելով մեր բնակիչների դիմում-խնդրանքները, մենք այս տարի ևս 7 վերգետնյա անցումներ ենք կառուցում մայրաքաղաքում: Նշեմ, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական»,- նշել է քաղաքապետը:
Վարչական շրջանի աշխատակազմի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս կարևորելով բնակիչների հետ անմիջական շփումը, հանձնարարել է նրանց ևս մասնակից դարձնել բակային տարածքներում ընթացող աշխատանքներին. «Բնակիչների հետ անմիջական շփումը պետք է լինի ամենօրյա և իրականացվող բոլոր աշխատանքները պետք է կատարվեն հաշվի առնելով բնակչի կարծիքն ու առաջարկությունները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել