Լիտվան Հայաստանին 27 500 դեղաչափ «ԱստրաԶենեկա» է նվիրել
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է 27 500 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ:
Ողջունելով լիտվացի գործընկերներին` Լենա Նանուշյանն ընդգծել է, որ առաջին անգամը չէ, որ Հայաստանին աջակցություն է ցուցաբերվում` շեշտելով, որ Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունները դրանով ոչ միայն ամրապնդվել են, այլև հիմք հանդիսացել ապագայում էլ ավելի ընդգրկուն համագործակցության ձևավորման համար:
Նա անդրադարձել է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի սակավության խնդրին և շնորհակալություն հայտնել Լիտվայի կառավարությանը Հայաստանին օժանդակելու և պատվաստանյութերի խմբաքանակ նվիրաբերելու համար:
«Սա ընդամենը սկիզբն է, մենք ավելի գլոբալ ծրագրեր ենք նախատեսում իրականացնել` անգամ համավարակի պայմաններում»,- ասել է փոխնախարարը:
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն առողջապահության նախարարության հետ համագործակցությունը որակել է արդյունավետ, որի վառ օրինակն է COVID-19 համավարակի օրերին Հայաստանում լիտվացի բժիշկների իրականացրած առաքելությունը` ընդգծելով, որ գործակցությունը լինելու է շարունակական, և Հայաստանը, որպես աջակցություն, կստանա նաև այլ պատվաստանյութեր:
«Պատվաստումների իրականացումը շարունակում է մնալ այս պայքարի կարևորագույն գործիքը, և հույս ունենք, որ ի վերջո հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել