Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալլագերին:
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, Հայաստանի արտաքին պարտքի առանձնահատկություններն ու պարտքի կառավարելիությունը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Հատուկ կարեւորվել է, որ ներկայում Հայաստանն անում է առավելագույնն օտարերկրյա ներդրողների համար բարենպաստ, կանխատեսելի ու կայուն միջավայր ստեղծելու ուղղությամբ:
Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` նախարար Խաչատրյանն առանձնակի կարեւորել է Հայաստանում ինստիտուցիոնալ միջավայրի ձեւավորման հարցում Բրիտանիայի կառավարության շարունակական աջակցությունը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել