
ՀԱԿ-ի անորեքսիան և ԲՀԿ-ի կեղծ այլընտրանքը
Ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը կամա թե ակամա լծված են «քաղաքական պատասխանատվություն» կատեգորիայի իմաստազրկմանը` լեգիտիմացնելով ԲՀԿ-ի անբնական, կիսաիշխանական կիսաընդդիմադիր «մուտանտային» կարգավիճակը: ՀՀԿ-ն դա արեց, երբ 2011-ին ստիպեց ստորագրել կոալիցիոն նոր հուշագիր 2013-ի ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու և պաշտպանելու նպատակով: Չնայած ֆորմալ առումով այդ պարտադրանքը արդյունք տվեց, սակայն ԲՀԿ-ն, ստանձնելով քաղաքական հալածյալի արհեստական կարգավիճակը, սկսեց տեղավորվել իշխանության մեջ ընդդիմություն լինելու կերպարում ու հիմք ստեղծել իր համար խուսափելու կոալիցիայի ու կառավարության գործունեության համար ունեցած իր բաժին պատասխանատվությունից:
Ընդդիմության համար գայթակղիչ էր ԲՀԿ-ի հսկայական մարդային ու ֆինանսական ռեսուրսը` այլընտրանքային բևեռ ձևավորելու առումով, ինչը նրանց մղեց տակտիկական ու քարոզչական առումով ԲՀԿ-ին իշխանությունից, ուստի նաև պատասխանատվությունից տարանջատելուն: Հենց այս իրողությունը լեգիտիմացրեց կոալիցիոն հռչակագրից չհրաժարվելով ընդդիմություն խաղալու, այսինքն ձևով իշխանություն, բովանդակությամբ ընդդիմություն լինելելու ԲՀԿ-ի քաղաքականությունը:
Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ԲՀԿ-ն պահանջված դարձավ թե իշխանության և թե ընդդիմության համար: Խաղալով այդ պահանջի վրա` նա սկսեց հանրային գիտակցության մեջ ընկալվել որպես պոտենցիալ այլընտրանք թե իշխանության և թե անգործունակ դարձած ընդդիմության համար` բացառապես իր համար դիվիդենտներ քաղելով թե մեկի և թե մյուսի ընտրազանգվածի հաշվին:
ԲՀԿ-ի այս կարգավիճակը, սակայն, խիստ անբնական է, որովհետև ինչպես չի լինում բնության մեջ կիսահղի վիճակ, չի լինում նաև կիսով չափ պատասխանատու վիճակ: Սա այն մեծ մանիպուլյացիան է, որը ոչ միայն հանրային գիտակցությունը վարժեցնում է, որ մանևրումներով պատասխանատվությունից խուսափելն օրինաչափ է, այլև ձևավորում է կեղծ այլըևնտրանք` թույլ չտալով, որ քաղաքական դաշտը ենթարկվի իրական այլընտրանքային բևեռ ձևավորելուն ուղղված բնական վերափոխումների:
Խնդիրն այն է, որ այլընտրանքը ենթադրում է ընտրություն իշխանության ձևավորման ու պահպանման հին և նոր մեթոդների, կառավարման մշակույթների, տնտեսվարման ձևերի, գաղափարական հենքերի միջև: Մինչդեռ ԲՀԿ-ն իր բնույթով, իր նպատակներով, իր լիդերով գործող քաղաքան-տնտեսական ռեժիմի ծնունդ է, կրում է նրա ողջ արժեքային կոդերը: Այն կենսունակ չէ իրական ժողովրդավարության, իրական մրցակցային քաղաքականության պարագայում:
Առավելագույնը, որ կարող է առաջարկել ԲՀԿ-ն որպես «այլընտրանք», հին ֆիգուրներին նորերով փոխարինելն է, որոնք սակայն ունենալու են որակական նույն հատկանիշները, նույն աշխարհըմբռնումը, լինելու են նույն տեսակը: Այսինքն՝ մենք գործ ունենք մի ուժի հետ, որը ոչ թե նոր որակի իշխանություն ձևավորելու, այլ միայն գործող իշխանությունը երկատելու միջոց կարող է լինել:
Այսօր ասպարեզում չկա որևէ ուժ, որն ունակ է հենց որակական այլընտրանք դառնալ: Հայ ազգային կոնգրեսը, որը ժամանակին ասպարեզ իջավ հենց այդ հավակնությամբ, իր նկատմամբ առկա հանրային վստահությունն ու հավատն սկսեց վատնել այն ժամանակ, երբ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց Սերժ Սարգսյանին որպես նոր Եղիազար Այնթափցի ընդունելու, այսինքն՝ նրա ընտությունը լեգիտիմացնելու պատրաստակամության մասին, իսկ 2011-ին, կուլ տալով խայծը, իշխանության հետ անհասկանալի ու փակուղի տանող երկխոսություն սկսեց:
Արդյունքում կորցնելով հանրությանը, ՀԱԿ-ը ցայտնոտի մեջ ձեռքը մեկնեց դեպի ԲՀԿ-ն` հույս փայփայելով, որ տերպետրոսյանական խորաթափանցությամբ կկարողանա վերջինիս դարձնել իշխանության պառակտման գործիք:
Դրանով իսկ` նա թույլ տվեց ամենասկզբունքային ռազմավարական սխալը, որովհետև դավաճանելով ամբողջական ու բովանդակային իշխանափոխության իր նպատակներին` հասկացրեց, որ առաջնորդվում է Ռուզվելտի հայտնի «գուցե նա շան որդի է, բայց մեր շանորդին է» տրամաբանությամբ:
Իսկ սխալն այն էր, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին իշխանությունից տարանջատելու քայլին գնաց ոչ իբրև դրության տեր, օրակարգ թելադրող, այլ ընդամենը որպես 10 կուսակցություններից բաղկացած մի դաշինք, որն անգամ դժվարանալու է հաղթահարել խորհրդարան անցնելու 7 տոկոսանոց շեմը:
ՀԱԿ-ի հիմնական պրոբլեմն այն է, որ տառապում է քաղաքական անորեքսիայով` չցանկանալով տեսնել իր խղճուկ վիճակը: ՀԱԿ-ը փորձում է ԲՀԿ-ին գցել իր թակարդը` առանց գիտակցելու, որ ինքն է գտնվում պոտենցիալ զոհի կարգավիճակում:
Չկա գիտակցումը, որ սա Ռոբերտ Քոչարյանի միահեծան, մոնոլիտ իշխանությունը չէ, որ Սերժ Սարգսյանը վարում է ոչ թե ուղղահայաց ազդեցության քաղաքականություն, ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այլ զուգահեռ ազդեցության, ինչը կառուցվում է հանդուրժողականության ու փոխադարձ սիրո գաղափարներով պարուրված` քաղաքական դաշտի գորշացման ու պղտորման, «հաճախորդների» հետ տարվող աշխատանքի միջոցով:
ՀԱԿ-ում չեն ուզում տեսնել, որ գործ ունեն ոչ թե «քաղաքական սպորտում» հրաձգությունը նախընտրող և թիրախներին պարտադիր խոցելու, կոմպրոմիսների չգնալու սկզբունքով առաջնորդվող Ռոբերտ Քոչարյանի հետ, այլ մի նոր ֆիգուրի, ով սիրում է շախմատ խաղալ և խաղալ հակառակորդի տակտիկական սխալների վրա: Այս խաղացողի պարագայում հին քարոզչական ու տակտիկական հնարանքներն այլևս անօգուտ են:
Արդյունքում ՀԱԿ-ը այսօր, առավել քան երբևէ, կտրվել է իրականությունից և ոչ միայն կորցրել այլընտրանք ձևավորելու շանսը, այլև թույլ տվել, որ դրա իմաստն այս աստիճան խեղաթյուրվի: Կշեռքի նժարն այլևս նրա կողմը չէ և իր ներկայիս վիճակում Կոնգրեսը ԲՀԿ-ի հետ գործակցության խնդիր դնելով կարող է ինքը հայտնվել նրա ծուղակում:
ՀԱԿ-ն ակամա սկսել է իր ընտրողներին մղել դեպի ԲՀԿ-ն ու դառնալ այդ կեղծ այլընտրանքի ձևավորման հիմնական հենասյուներից մեկը: Որովհետև մարդիկ սկսում են հասկանալ, որ առանձին վերցրած Գագիկ Ծառուկյանը, մտնելով իշխանության հետ դիմակայության մեջ, կարողանում է հիմա շատ ավելին անել, քան այս մեծ ու փոքր տասը կուսակցություններն ու ողջ ընդդիմադիր դաշտը միասին վերցրած, և որ ՀԱԿ-ն ինքը հույսը է դրել այն ուժի վրա, որին ժամանակին ուղղակի մերժում էր:
Հեռու չէ օրը, երբ ՀԱԿ-ն իրեն կարող է բռնել այն մտքի վրա, որ, ԲՀԿ-ի մերձակայքում դիրքավորվելով, նպաստում է իր ամենաոխերիմ «թշնամու»` Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: Բայց երբ դա տեղի ունենա, իր վերադարձն այլևս հնարավոր չի լինելու:
Մեկնաբանություններ (19)
Մեկնաբանել