HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ տարհանված մոտ 100 աֆղանցի կասկածվում է թալիբների հետ կապի մեջ

Մոտ 100 մարդ, որոնց ԱՄՆ-ն տարհանել է Աֆղանստանից, կասկածվում է «Թալիբան» արմատական շարժման հետ կապի մեջ։ Այդ մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

NBC-ի զրուցակիցները պատմել են, որ Աֆղանստանի երկու տարհանված քաղաքացիների՝ ահաբեկիչների հետ համագործակցության վերաբերյալ կասկածներն այնքան հիմնավոր են, որ որոշվել է նրանց ԱՄՆ-ից ուղարկել Կոսովո՝ հետագա ստուգումների համար։ 

Բացի այդ, պարզվել է, որ տարհանված որոշ աֆղանցիներ ավելի վաղ արտաքսվել էին Միացյալ Նահանգներից՝ տարբեր իրավախախտումների համար։ Ներքին անվտանգության նախարարությունը քննարկում է հետագա անելիքները։ Աֆղանստանից ԱՄՆ տարհանված մոտ 30 հազար մարդուց 10 հազարը պետք է լրացուցիչ ստուգվի։ 

NBC-ի աղբյուրներն ընդգծել են, որ կասկածվող անձինք, հնարավոր է, որևէ վտանգ չներկայացնեն։ Խոսքն այն մասին է, որ որոշակի տեղեկատվություն՝ անուն, կենսագրության առանձին տվյալ կամ հեռախոսահամար, լրացուցիչ ստուգման կարիք ունի։ 

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սկսեց իր զորքերը դուրս բերել Աֆղանստանից, «Թալիբան» շարժումն իր ձեռքը վերցրեց իշխանությունը։ Օգոստոսի 15-ին թալիբներն առանց գրոհի կարողացան վերցնել Քաբուլը։ Քաբուլի օդանավակայանի միջոցով ԱՄՆ-ն և մյուս երկրները արտակարգ կերպով տարհանել են տասնյակ հազարավոր աֆղանցիների, որոնք համագործակցում էին նրանց հետ մինչ թալիբների իշխանության վերադարձը։ Տարհանվածների մեծ մասը մեկնել էր Միացյալ Նահանգներ։

Լուսանկարը՝ Evelyn Hockstein/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter