HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆրանսիան Հայաստանի կողքին է այդքան անհրաժեշտ և սպասված խաղաղությանը հասնելու համար». Ժան-Իվ Լը Դրիան

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ 

«Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ սրտանց Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները` կանխավ գոհունակություն հայտնելով Ձեզ հետ սերտորեն և վստահության մթնոլորտում աշխատելու հեռանկարի համար:

Ձեր երկիրը վերջին ամիսներին բախվել է անվտանգային, տնտեսական և առողջապահական մի շարք փորձությունների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունը դժվարին այս փուլն անցնող հայ ժողովրդին:

Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են պատմական, մշակութային խորը առնչությունների վրա հիմնված և հագեցած օրակարգ ունեցող առանձնաշնորհյալ հարաբերություններ: Հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության որակը մեզ պարտավորեցնում է առավել խորացնել մեր տնտեսական համագործակցությունն` ի նպաստ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության ապաշրջափակմանը և բազմազանեցմանը:  

Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:

Եթե վերջին ամիսների միջադեպերն ընդգծում են Ձեր երկրի սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը, ապա ցանկանում ենք, որպեսզի ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով առաջ եկած դրական դինամիկան նպաստի կողմերի միջև վստահության վերականգնմանը: Ֆրանսիան Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդես է գալիս որպես  խաղաղության դերակատար և Հայաստանի կողքին է այդքան անհրաժեշտ և սպասված խաղաղությանը հասնելու համար:

Վերստին Ձեզ հղելով իմ շնորհավորանքները, ընդունեք, խնդրեմ, հարգելի պարոն նախարար, խորին հարգանքիս հավաստիքը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter