HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենը հանձնարարել է գաղտնազերծել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ փաստաթղթերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաման է ստորագրել  2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին առչվող կառավարական փաստաթղթերի վերանայման, գաղտնազերծման և հրապարակման վերաբերյալ։ Այդ հրամանով ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը պարտավորվում է առաջիկա վեց ամիսների ընթացքում հրապարակել համապատասխան փաստաթղթերը։ 

«Ահաբեկչությունների վերաբերյալ տեղեկատվությունը չպետք է գաղտնի մնա, եթե դրա նկատմամբ հանրային հետաքրքրությունը գերազանցում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար հնարավոր վնասը»,- նշվում է փաստաթղթում։

Այսպիսով, ԱՄՆ 46-րդ նախագահն իրագործում է իր նախընտրական քարոզարշավի հերթական խոստումը։ Բայդենն այն ժամանակ հայտարարել էր, որ իր ընտրվելու պարագայում կհանձնարարի գլխավոր դատախազին «անձամբ ուսումնասիրել բոլոր գործերի հանգամանքները», որտեղ կառավարությունը հղում էր անում պետական գաղտնիքի պահպանմանը և հանդես կգա «երկու տասնամյակ առաջ տեղի ունեցածի հետ կապված տեղեկատվության բացահայտման օգտին»։

Ավելի վաղ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհված մի քանի քաղաքացիների ընտանիքները հրաժարվել էին մասնակցել ողբերգության 20-ամյակին նվիրված հիշատակի արարողություններին, եթե նախագահ Բայդենը չհրապարակի գաղտնի փաստաթղթերը։ Սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատները հիմնականում ցանկանում են հասնել այն փաստաթղթերի բացահայտմանը, որոնք, ինչպես իրենք են կարծում, կարող են հստակեցնել Սաուդյան Արաբիայի դերն այդ ահաբեկչությունների ժամանակ։ Զոհերի ընտանիքներն արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են հասնել նրան, որ Էր Ռիադը պատասխանատվություն կրի «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ ենթադրյալ կապի համար։ Տուժածները նշում են, որ ահաբեկչական գործողություններն իրականացրած մահապարտների մեծ մասը եղել են այդ երկրի քաղաքացիներ։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ պատմության՝ զոհերի թվով ամենախոշոր ահաբեկչական գործողությունը։ Ահաբեկիչների չորս խմբեր առևանգել էին ուղևորատար չորս ինքնաթիռ, որոնցից երկուսը Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում մխրճվել էին Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների մեջ։ Երկնաքերերը փլուզվել էին։ Երրորդ ինքնաթիռն ուղղվել էր Վաշինգտոնի մոտ գտնվող Պենտագոնի շենքի ուղղությամբ։ Չորրորդ ինքնաթիռի անձնակազմն ու ուղևորները փորձել էին ահաբեկիչներից խլել ինքնաթիռի կառավարումը, որի արդյունքում այն ընկել էր Փենսիլվանիա նահանգի Շանքսվիլ շրջանի դաշտերից մեկում։ Բացի 19 մահապարտ ահաբեկիչներից, ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել էր 2977 մարդ, ևս 24-ը՝ հայտարարվել անհետ կորած։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter