ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դեմ է Եվրամիության անկախ զինված ուժերի ստեղծման գաղափարին
ԱՄՆ-ից անկախ զինված ուժերի ձևավորումը Եվրոպայում կհանգեցնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների պառակտման։ Այդ մասին The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
«Ես ողջունում եմ պաշտպանության ոլորտում Եվրոպայի հավելյալ ջանքերը, բայց դա երբեք չի կարողանա փոխարինել ՆԱՏՕ-ին, և մենք պետք է վստահ լինենք, որ Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան կմիավորվեն»,- նշել է նա։
Նրա կարծիքով՝ ցանկացած փորձ, որը կթուլացնի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև առկա կապը, կթուլացնի ոչ միայն ՆԱՏՕ-ն, այլև կբաժանի Եվրոպան։
Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների Լյուբլյանայում կայանալիք հանդիպումից առաջ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Աֆղանստանում ընթացող իրադարձությունները ցույց տվեցին սեփական անկախ զինված ուժերի ստեղծման անհրաժեշտությունը։
Բացի այդ, Սթոլթենբերգը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը կխոչընդոտեն Աֆղանստանի՝ ահաբեկիչների հանգրվան դառնալուն։ «Ես ամբողջությամբ համաձայն եմ նրա հետ, որ միջազգային ողջ հանրությունը, ներառյալ Ռուսաստանը և Չինաստանը, պետք է աշխատեն կանխարգելել այն, որ Աֆղանստանը չդառնա մի վայր, որտեղ ահաբեկչական խմբավորումները կարողանան ազատ գործեն և պատրաստեն, կազմակերպեն, նախագծեն և ֆինանսավորեն հարձակումներ մեր երկրների վրա»,- ընդգծել է Սթոլթենբերգը։
Ավելի վաղ, Ռուսաստանի և Չինաստանի հետ համանման համագործակցության մասին խոսել էր նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։ Բրիտանացի նախարարը հայտարարել էր, որ Լոնդոնը ստիպված կլինի աշխատել Չինաստանի և Ռուսաստանի հետ, որպեսզի ազդեցություն ունենա «Թալիբան»-ի վրա։
Լուսանկարը՝ EPA File Photo-ի
Մեկնաբանել