HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Գերմանիա-Հայաստան. աշխարհի քառակի չեմպիոնները վիճակագրական բացարձակ առավելություն ունեն

Այսօր՝ Երեւանի ժամակով 22:45-ին, Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում կմեկնարկի աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի Գերմանիա-Հայաստան հանդիպումը: Հիշեցնենք, որ երկու թիմերն ընդգրկված են ընտրական 10-րդ խմբում, որտեղ 4 տուրից հետո առաջատարը 10 միավորով մեր հավաքականն է, իսկ աշխարհի քառակի չեմպիոնները 9 միավորով երկրորդն են:

ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում այս պահին մեր թիմը 88-րդն է, իսկ Գերմանիան՝ 16-րդը: 

Մինչ այս երկու ազգային ընտրանիները հանդիպել են 3 անգամ, որից երկուսը՝ պաշտոնական խաղերում, մեկը՝ ընկերական:

ԱԱ-1998-ի ընտրական փուլում՝ 1996-ի հոկտեմբերի 9-ին, Երեւանում գերմանացիներն առավելության հասան 5-1 հաշվով: Մերոնցից միակ գոլը խփեց Կարապետ Միքայելյանը: Պատասխան խաղը կայացավ Դորտմունդում 1997-ի սեպտեմբերի 10-ին. դաշտի տերերը հաղթեցին 4-0: Եվս մի ընկերական մրցավեճ տեղի ունեցավ ԱԱ-2014-ին ընդառաջ. աշխարհի ապագա չեմպիոնները Հայաստանի ընտրանուն հյուրընկալեցին 2014-ի հունիսի 6-ին Մայնցում եւ հաղթեցին 6-1: Մեր թիմից միակ գոլը 11-մ հարվածով խփեց Հենրիխ Մխիթարյանը:

Այսպիսով՝ վիճակագրությունը գերմանացիների օգտին է. 3 խաղում 3 հաղթանակ, գոլերի տարբերությունը՝ 15-2: 

Հս. Մակեդոնիայի հետ կայացած վերջին խաղից հետո այսօր նորից Խոակին Կապառոսի տրամադրության տակ են մեր հավաքականի 3 առանցքային խաղացողներ՝ Վարազդատ Հարոյանը, Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանը:

Գերմանիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի շոտլանդացի Ուիլյամ Քոլումը։ Նրան կօգնեն հայրենակիցներ Ֆրենսիս Քոնորը եւ Դեւիդ Մաքգիչին։ Չորրորդ պաշտոնյան Քեւին Քլենսին է։ 

Արդեն հայտնի է, որ գերմանացիները հանդես են գալու իրենց ավանդական սեւ-սպիտակ մարզահագուստով, իսկ մեր թիմն առաջին անգամ կխաղա ծիրանագույն մարզազգեստով: 

Հայ-գերմանական մրցավեճից բացի՝ այսօր կկայանան Ռումինիա-Լիխտենշտայն եւ Իսլանդիա-Հս․ Մակեդոնիա հանդիպումները։

Թարմացում. 13:45- Հայաստանի հավաքականի 23-հոգանոց հայտացուցակում չեն ընդգրկվել Անատոլի Այվազովը, Անդրե Չալըշըրը, Դավիդ Դավիդյանը, Արշակ Կորյանը եւ Ժիրայր Շաղոյանը:

Հայտացուցակի տեսքն այսպիսին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter