HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» Տավուշի մարզում

«Ժառանգության» միասնական ցուցակի ներկայացուցիչներն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելեցին Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան, Ոսկեւան, Իջեւան, Բերդ, Աչաջուր, Դիլիջան: Խմբի կազմում էին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատմաբան Ստեփան Հասան-Ջալալյանը եւ նախընտրական թիմի այլ անդամներ: Քարոզարշավի ընթացքում խումբն ուղեկցում էին նաեւ երկու կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները: 

Իջեւանում տեղի ունեցած բազմամարդ հանդիպմանը Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ քաջ ծանոթ է իջեւանցիների հոգսերին: Նա նաեւ շեշտեց. «Վստահ եղեք, ընտրելով «Ժառանգությանը»՝ մեզ հետ միասին կկերտեք այն նոր Հայաստանը, որի համար տարիներ ի վեր պայքարում ենք»: 

«Մայիսի 6-ին Աստծո հայացքի ներքո զարթնեք ու որոշեք՝ մնում եք հնի՞ մեջ, թե՞ գալիս եք դեպի Նոր Հայաստան», - Նոյեմբերյանում հանդիպման  ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կոչ արեց ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել սեփական ապագային:

«Ժառանգության» առաջնորդը նաեւ բոլոր բնակավայրերում ժողովրդին հրավիրեց ներկա գտնվել մայիսի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք համերգ-հաղթահավաքին, որին ելույթ կունենան հայտնի երգիչներ Ռուբեն Հախվերդյանն ու ԱՄՆ-ից հատուկ «Ժառանգությանը» սատարելու համար ժամանող Հարութ Փամբուկչյանը: 

Ստեփան Սաֆարյանը, ելույթ ունենալով Նոյեմբերյանում, մասնավորապես նշեց. «Մենք պատրաստ ենք ձեզ անմնացորդ ծառայել եւս 5 տարի, պատրաստ ենք լինել ձեր իշխանության ներկայացուցիչը, իսկ այդ իշխանության ձեւավորողը դո՛ւք եք ու մայիսի 6-ին պետք է որոշեք, թե ինչպիսին է լինելու Տավուշի մարզի ու Հայաստանի ընթացքը եւ այս համատեքստում սխալվելը ձեզ համար արժենալու է եւս 5 տարվա թշվառ կյանք»: 

Ստեփան Հասան-Ջալալյանն էլ իր հերթին ասաց, որ «մայիսի 6-ին մենք ունենք ընտրության երկու տարբերակ՝ կյանք, որի ճանապարհին մեզ հանդիպելու է գործազրկություն, արտագաղթ, կամ էլ պետք է ընտրել մի կյանք, որտեղ կհանդիպենք բարեկեցություն, աշխատանք եւ ներգաղթ»: «Քվեախցիկում դուք լինելու եք միայնակ՝ քվեաթերթիկը ձեր դիմաց, ինչպես քվեարկեք, այդ կյանքն էլ ունենալու եք, հետո չտրտնջաք, թե յոլա ենք գնում՝ չի կարելի 20 տարի յոլա գնալ», - նշեց նա:

«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter