HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը գերխոշոր հաշվով պարտվեց Գերմանիային

Աշխարհի 2022թ․ առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 0:6 հաշվով պարտություն կրեց Գերմանիայի ընտրանուց: Հանդիպումը տեղի ունեցավ Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում։

Հանդիպման հենց մեկնարկում դաշտի տերերին հաջողվեց բացել խաղի հաշիվը: 6-րդ րոպեին շեշտակի հարվածով գոլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին: Գոլից հետո Գերմանիայի հավաքականը շարունակեց մեծ ճնշում գործադրել մեր ընտրանու դարպասին և 15-րդ րոպեին կրկնապատկեց առավելությունը: Կրկին աչքի ընկավ Սերժ Գնաբրին: 35-րդ րոպեին հաշիվը արդեն խոշոր դարձավ, Մարկո Ռոյսը երրորդ գնդակն ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին Տիմո Վերները հաշիվը դարձրեց 4:0 և թիմերը գնացին ընդմիջման: Ցավոք սրտի, Խոակին Կապառոսի սաները ոչ մի խնդիր չստեղծեցին Գերմանիայի հավաքականի համար:

Երկրորդ կեսի սկզբում Հայաստանի հավաքականը մի փոքր ակտիվություն ցուցաբերեց, սակայն գործը այդպես էլ վտանգավոր դրվագի չհասավ: Փոխարենը գերմանացիները կարողացան մեծացնել առավելությունը: 52-րդ րոպեին հեռվից կատարած հարվածով Յոնաս Հոֆմանը հաշիվը դարձրեց 5:0: Հանդիպման մնացած ժամանակահատվածում ոչինչ չփոխվեց՝ Գերմանիան անդադար գրոհում էր, Հայաստանը՝ պաշտպանվում: Դաշտի տերերը ևս մեկ գոլ խփեցին 91-րդ րոպեին, աչքի ընկավ Կարիմ Ադեյեմին: Խաղն ավարտվեց 6:0 հաշվով:

J խմբի մյուս խաղերում Իսլանդիան 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ Ռումինիան 2։0 հաշվով պարտության մատնեց Լիխտենշտայնին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականը կրկին մրցակցի հարկի տակ 0։0 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

Այսպիսով, կայացած 5 տուրերից հետո Մունդիալ-2022-ի եվրոպական գոտու որակավորման J խմբի մրցաշարային աղյուսակ 12 միավորով գլխավորում է Գերմանիայի հավաքականը: 2-րդ հորիզոնականում 10 միավորով Հայաստանն է, Ռումինիան 9 միավորով 3-րդն է, Հս. Մակեդոնիան՝ 8 միավորով 4-րդը, Իսլանդիան՝ 4 միավորով 5-րդը, իսկ Լիխտենշտայնն իր ակտիվում դեռևս միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբեր 8-ին՝ Երևանի Հանրապետական մարզադաշտում հյուրընկալելով Լիխտենշտայնին։ Այդ օրը նաև Հս. Մակեդոնիան սեփական հարկի տակ կընդունի Ռումինիային, իսկ Իսլանդիան՝ Գերմանիային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter