ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է ՌԴ սենատոր Անդրեյ Կլիմովին
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել է ՌԴ սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ: Այս մասին տեղեկացնում ԱԺ աշխատակազմը։
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական եւ դաշնակցային համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով եւ կարեւորել է խորհրդարանական փոխգործակցության խորացումը:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքներին, որոնք մինչ օրս հաղթահարված չեն. Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները եւ չի վերադարձնում հայ ռազմագերիներին ու գերեվարված անձանց: ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ վերոնշյալ խնդիրների լուծման հարցում կանոնավոր օժանդակություն ցուցաբերելու համար:
Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ երկարատեւ համագործակցության ընդլայնմամբ:
Անդրեյ Կլիմովը երկկողմ խորհրդարանական հարաբերությունների խորացման գործում կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ գործակցությունը: Կլիմովն անդրադարձել է անվտանգության ապահովման խնդիրներին, աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունների մարտահրավերներին, միջկուսակցական կապերի խթանման անհրաժեշտությանը:
Մեկնաբանել