HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակվել է «Ամերիաբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղը

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո փակվել է հայաստանյան խոշոր բանկերից «Ամերիաբանկի»` Ստեփանակերտ քաղաքի մասնաճյուղը։ 2008 թ.-ին Արցախում մասնաճյուղ բացած բանկն այսօր խուսափում է Ստեփանակերտի մասնաճյուղի փակման վերաբերյալ հարցերին հստակ պատասխանելուց։

Հետպատերազմական Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին նյութեր պատրաստելիս տեղեկացանք, որ 2021 թ.-ի առաջին ամիսներին փակվել է «Ամերիաբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղը։ Այցելեցինք Արցախի մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան և Գարեգին Նժդեհ փողոցների հատման մաս, որտեղ գործել է բանկի մասնաճյուղը։ 

Բանկային ծառայություններ մատուցած գրասենյակի դռները կողպված էին, ապակիների վրայից հեռացված էին պաստառներն ու «Ամերիաբանկի»-ի հետ նույնացվող գրառումները։ Մնացել էր միայն մասնաճյուղի հեռախոսահամարը։ Ստեփանակերտում իմացանք նաև, որ մասնաճյուղի փակումից ավելի վաղ բանկն իր պաշտոնական կայքի մասնաճյուղերի ցանկից հեռացրել էր Ստեփանակերտի մասնաճյուղի տվյալները։

Մինչ բանկից այս հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալը հայտնաբերեցինք, որ բանկի Յութուբ էջից հեռացվել է Ստեփանակերտի մասնաճյուղի բացման մասին տեսանյութը։ Բայց չի հեռացվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում այդ նյութը տարածող գրառումը։

Արցախի նախագահի պաշտոնական կայքում 2013 թ.-ի սեպտեմբերի 8-ին հրապարակվել է հաղորդագրություն, ըստ որի` «Ամերիաբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղի նոր մասնաշենքի բացմանն է մասնակցել այդ ժամանակ նախագահ Բակո Սահակյանը։ Բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն այդ ժամանակ հայտարարել է, որ 2013 թ.-ի դրությամբ «Ստեփանակերտ» մասնաճյուղի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 15 մլն դոլար։ Բանկի Ստեփանակերտի մասնաճյուղը բացվել է 2008 թ.-ին։

«Ամերիաբանկի» տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Բարսեղյանը մեր գրավոր հարցերին անորոշ ձևակերպումներով լի պատասխան-գրություն է ուղարկել։

Կոնկրետ պատասխանների փոխարեն նա մեր ուշադրությունն է հրավիրել բանկի համար ռազմավարական նշանակություն ունեցող հանգամանքների վրա, որոնցով պայմանավորված է բանկի ծառայությունների տրամադրման շրջանակը և ուղիները։

«Դեռևս 2015 թվականից բանկի համար, ի թիվս այլ բարելավումների, ռազմավարական նշանակության մակարդակում է գտնվում տեխնոլոգիական հեղափոխության զարգացման ռիթմին համահունչ հեռավար ծառայությունների ընդլայնումը, ինչպես նաև թվային նոր ուղիներով դրանց մատուցումը։

Այս ամենի լույսի ներքո նորանոր լուծումները հնարավոր են դարձրել բանկային ծառայությունների մատուցումն իրականացնել առցանց հարթակների և տարբեր այլ ուղիների միջոցով, որի արդյունքում որոշ ուղղություններով նվազել է բանկի ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը։ Այդուհանդերձ, հարկ է նկատի ունենալ, որ բանկը սահմանափակված չէ իր ծառայություննները հասանելի դարձնել ինչպես մասնաճյուղային ցանցի, այնպես էլ թվային ուղիների միջոցով»,- իր պատասխանում նշել է «Ամերիաբանկի» տնօրինության նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Բարսեղյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter