HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 15-ից` ուժեղացված վերահսկողություն թարմ մսի շուկայում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2021թ. սեպտեմբերի 15-ից սկսելու է սպանդանոցներում, իրացման ցանցում և հանրային սննդի կետերում իրացվող թարմ միս-մսեղիքի ծագման ուժեղացված վերահսկողություն: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ լրատվական ծառայությունը:

Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, Տեսչական մարմինը, ըստ իր հայտարարության, նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից: 

Այսօր Հայաստանում, ՍԱՏՄ տվյալներով, գործում է 85 սպանդանոց: 

Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 1-ից հանրապետությունում սպառման ենթակա թարմ միս-մսեղիքը պետք է պարտադիր ունենա սպանդանոցային ծագում:

Դա ենթադրում է՝

  • բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված մսի շրջանառություն,
  • մսի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,
  • վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:

Սպանդանոցային ծագման միս-մսեղիքը Հայաստանի տարածքով փոխադրելու և իրացնելու համար տրամադրվում է ձև 5 անասնաբուժական վկայականը: Այն սպանդանոցները պետք է տրամադրեն միսն իրենցից ձեռք բերող-իրացնողներին: 

5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարի կողմից լրացվում և տրվում է իրացնողին, եթե վկայականում նշված խմբաքանակը բաժանվելու և իրացվելու է տարբեր վաճառակետերում կամ hանրային սննդի օբյեկտներում: Բաժանված յուրաքանչյուր խմբաքանակի հետ ևս տրվում է պիտակ, որը նույնականացվում է վկայականի հերթական համարակալման թվով: 

Ձև 5 վկայականի վաճառքն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Թարմ միս ձեռք բերող-իրացնողը պարտավոր է պահանջել դրա սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5-ը կամ պիտակը, իսկ սպառողը կարող է պահանջել և ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունը և համոզվելով, որ տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter