
ԱԱԾ-ն պաշտոնեական անփութության դեպք է բացահայտել, որով պետությանը 12,5 մլն դրամի վնաս է պատճառվել
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ պետական գերատեսչության իրավասու պաշտոնատար անձինք անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն են կատարել, որի հետեւանքով 12 մլն 500 հազար դրամի վնաս է պատճառվել պետական բյուջեին:
Ի պաշտոնե պարտավոր լինելով վարել պետության կողմից երաշխավորված՝ անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթի հասանելիության նպատակով ձևավորված էլեկտրոնային շտեմարանը և դրանում կատարել փաթեթի շահառու հանդիսացող հաստիքային աշխատակիցների աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալների մուտքագրումը, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով նրանք իրենց պարտականությունները ոչ պատշաճ են կատարել, ինչի արդյունքում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում առողջապահական փաթեթի շահառու հանդիսացած 352 անձինք աշխատանքից ազատվելուց և սահմանված 6 ամիսը լրանալուց հետո շարունակել են մնալ շահառուների ցուցակում ու նրանց համար ՀՀ պետական բյուջեից ապահովագրական ընկերություններին ընդհանուր առմամբ անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 12.500.000 ՀՀ դրամի չափով ապահովագրավճար, որն անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ է առաջացրել:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել