HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արշալույսցի հողագործ. «Անապատացվում են այն հողերը, որ ժամանակին պետություն են պահել»

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի տարածքում ժամանակին աշխատել է 28 խորքային հոր, որոնք ապահովել են գյուղի ցանքատարածությունների անխափան ոռոգումը: Գյուղացիները հենց այդքան հոր հաշվեցին ձեռքի մատների վրա: Ներկայում շահագործվում է 8 խորքային հոր, եւ գյուղի հողատարածքների զգալի մասը մնացել է անմշակ: Ովքեր համարձակվել են տնամերձից հեռու հող մշակել՝ բերքը կորցնելու վտանգի առաջ են: Նույն իրավիճակն է հարևան եզդիաբնակ Ֆերիկ համայնքում:

Ֆերիկի համայնքապետ Ռուստամ Հասանյանն ասում է, որ ունեցել են 3 խորքային հոր, որոնցից երկուսն ապամոնտաժվել են և չեն շահագործվում, իսկ մեկ հորը չի հասցնում ջուր մատակարարել 328 հա գյուղատնտեսական նշանակության հողերի: Ջրի բացակայության հետեւանքով Ֆերիկի հողերի մեծ մասն անմշակ է: Հող մշակողներն էլ այս տարի կրկնակի քիչ բերք են ստացել, քանի որ չեն հասցրել ժամանակին ոռոգել:

Չորացել են նաև Արշալույս, Ակնալիճ համայնքների դաշտերում գտնվող բանջարաբոստանային մշակաբույսերը: Տուժել է հատկապես լոլիկի բերքը: Բույսի վրա դեռ չհասունացած կանաչ լոլիկ կա, սակայն արդեն չորացել է:

Արշալույս գյուղից քիչ հեռու Ակնալիճ համայնքի հողերն են: «Հետքն» այս տարվա հունիսին գրել էր, որ Հովհաննես Կնյազյանը 20 հա հող ունի Ակնալիճ համայնքում, որից 5 հա-ի վրա լոլիկ է աճեցնում, իսկ մնացածը նորատունկ խաղողի այգիներ են: Այդ ժամանակ լոլիկը ծաղկել էր, նշմարվում էր բերքը, բայց արդեն կորուստներ էին արձանագրվել. ծաղիկը թափվում էր:

Լոլիկի դաշտերն արդեն չորացել են: Հովհաննեսը դաշտում չէր: Հարևաններն ասացին, որ չի ուզում դաշտ գալ, որ վնասները չտեսնի:

Հովհաննեսի լոլիկի դաշտից քիչ հեռու Սայաթի՝ խաղողի չորացող այգին է: Սայաթ Գևորգյանը Արշալույս համայնքի բնակիչ է, ունի 1.5 հա խաղողի այգի: Գյուղի արտեզյան հորերից մեկը Սայաթի այգուց 70 մետր է հեռու, սակայն այգին երկու ամսից ավելի ջուր չի տեսել: Տարածքի բոլոր առուները չոր են: Այնպիսի տպավորություն էր, ասես ջուր ընդհանրապես չի հոսել: Կիսախողովակների մեջ տեղ-տեղ ջրի հետքեր կային: Սակայն, այնքան երկար դրանցով ջուր չի հոսել, որ ջուրը մամռակալել ու նեխել է:

Սայաթն ասաց, որ խորքային հորի պոմպը Ջրօգտագործողների ընկերակցությունից մոտ 3 տարի առաջ տարել են իբր վերանորոգելու, որ հետ բերեն, արտեզյան հորը շահագործեն, սակայն այդպես էլ հետ չեն բերել:

Ասում է, որ 2019թ.-ին և այս տարի գյուղացիները մեծ վնասներ են կրել ջուր չլինելու պատճառով: Նախկինում ևս ջրի պակաս ունեցել են, սակայն՝ ոչ այս մասշտաբների:

Սայաթը պատմեց, որ նախորդ տարիներին այգուց ստացել է 35-41 տոննա բերք, այս տարի հույս չունի նույնիսկ դրա կեսը ստանալ: Ջրի բացակայության պատճառով վազի վրա խաղողը չորացել, չիր է դարձել: Տարածքում նույնիսկ խոտ չի աճել:

«Չգիտեմ՝ այս տարի իմ ծախսերը կհանեմ, թե՞ չէ: Բուժումներն անում եմ մեխանիզացիայով, բանվորին վճարում եմ, թունաքիմիկատները գնում եմ, մոտ 1.8 մլն դրամի ծախս եմ արել: Բայց չեմ դժգոհել, ինչքան ծախս եմ արել, այդքան էլ ինձ է մնացել: Այս տարի վախենում եմ, որ վնասով եմ փակելու: Մենք ոչ մի օգնություն չենք ուզում կառավարությունից, ընդամենը ոռոգման ջուր»,-ասում է Սայաթ Գևորգյանը:

Սայաթը գյուղում միշտ հպարտացել է՝ եզակի մարդկանցից է, որ վարկ չունի: Արդեն 25 տարի է՝ աշխատում է Փրկարար ծառայությունում: Աշխատանքից հետո շտապում է այգի, զբաղվում հողի մշակությամբ, օրվա մի մասն էլ հատկացնում է մեղվաբուծությանը: Ասում է՝ իր աշխատանքով կարողացել է ընտանիքը պահել, վարկերի տակ չընկնել:

«Իմ քաշին մի նայի, չմտածես, թե աշխատող չեմ, առավոտից իրիկուն աշխատում եմ»,- կատակով ասում է Սայաթը և հավելում, որ խաղողի բերքով կարողացել է Արշալույս գյուղում սեփական տուն գնել:

«Այդպես չի լինի, որ Հայաստանի գյուղատնտեսությունն անընդհատ անկում ապրի: Իմ նման տղերքը, որ պետության համար խնդիր չեն ստեղծել, վարկ չեն վերցրել, կարողացել են իրանցով մի բանի հասնել, այսօր արդեն խեղճանում են, գնում են սնանկացման: Ես իմ երեխեքին միշտ ասել եմ, որ արտագաղթել չկա, պիտի մնան իրենց հողում, բայց այսօր չեմ կարողանում իմ ասածն ապացուցել, ապրուստը պակասում է, չեմ կարողանում իմ ընտանիքի կարիքները հոգալ»,-հավելում է Սայաթ Գևորգյանը:

Ինչպես Սայաթն, այնպես էլ արշալույսցի շատ հողագործներ ժամանակին վճարում են հարկերը, ջրի վարձավճարը, բայց երբ հերթը հասնում է պատկան մարմիններին, որ պետք է գյուղացուն ջրով ապահովեն, թերանում են: Սայաթն ասում է, որ համաձայն է նույն 100 հազար դրամը կամ ավելի շատ վճարել ոռոգման ջրի համար, միայն թե ջուր ստանա, միլիոնների եկամտից չզրկվի:

Սայաթն ասում է, որ ջրային ոլորտը կարգավորող պաշտոնյաներն այնքան հաճախ են փոխվում, որ չեն հասցնում պայմանավորվածություններն իրագործել: Օրինակ, պայմանավորվել էր «Էջմիածնի» ՋՕԸ-ի տնօրենի հետ, որպեսզի պոմպը շահագործեն, սակայն օրեր առաջ տեղեկացել է, որ վերջինս ազատվել է պաշտոնից:

«2019թ. Ջրային կոմիտեի նախագահի հետ պայմանավորվեցի, որ ծրագրի մեջ մտցնենք պոմպակայանի շահագործումը, գարունն եկավ, նրան փոխեցին, տեղամասային պետի հետ պայմանավորվեցինք, նրան էլ փոխեցին: Այս տարի արդեն երկու անգամ ՋՕԸ-ի տնօրեն է փոխվել»,-ասում է Սայաթ Գևորգյանը:

Հողագործն ասում է, որ չի ուզում «բողոքողի» տպավորություն թողնել, սակայն երբ աշխատանքի դիմաց եկամուտ չի ստանում, ստիպված է օգնություն խնդրել: Այս անգամ խնդրում է վարչապետի աշխատակազմին. «Մեզ ջուր տվեք, ուրիշ ոչինչ պետք չի»:

«Գյուղերում լիքը բան կա, որ վերադասները տեղյակ չեն: Մարդկանց, որ դնում են այդ պաշտոններին, չեն աշխատում, ոչ մեկ էլ չի գալիս տեսնի, թե ինչ է կատարվում: Հիմա անապատացվում են այն հողերը, որ ժամանակին պետություն են պահել»,-ասում է Սայաթը:

Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանն ասաց, թե ստույգ չգիտի՝ քանի խորքային հոր կա գյուղում, իր հիշելով՝ 28 չի: Նշեց, որ ոչ մի տարի գյուղացին այդքան չի դժգոհել ոռոգման ջրի պակասից, ինչքան այս տարի:

«Ջրի պրոբլեմն այս տարի կա, պոմպակայանների խնդիր էլ ունենք, ոնց որ 3-4 պոմպակայան է աշխատում: Սա նորվա պատմություն չի, տարիների ընթացքում հորերի մի մասը փակվել է, մի մասում երևի ջուր չկա արդեն, հորեր կան, որ նասոս չունեն: Այս տարի էլ երաշտ էր, ջրի պակասը զգացվեց»,- ասում է Զ. Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter