HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ադրբեջանը` Ղարաբաղի շուրջ առևտրական «քառուղիներում»

Ադրբեջանը Ղարաբաղի շուրջ հերթական առևտուրն է փորձում նախաձեռնել Ռուսաստանի հետ: Այդ տպավորությունը ավելի հաստատուն է դառնում Տրանսկասպյան գազամուղի շուրջ Բաքվի օրումեջ փոխվող դիրքորոշումը դիտարկելու համատեքստում: Ադրբեջանական պաշտոնատարները մեկ հայտարարում են, որ Կասպից ծովի տակով Թուրքմենստանից Ադրբեջան այդ գազամուղի նախագիծը, որ խրախուսվում է Բրյուսելում նստած որոշ եվրաչինովնիկների կողմից, շատ կարևոր է:

Հետո Մոսկվայի մշտապես կոշտ-հետևողական արձագանքից անհանգստացած հերքում են իրենք իրենց, թե Ադրբեջանը այդ հարցում «ընդամենը տրանզիտ ապահովող» երկիր է, և վճռական որոշումը պետք է կայացնեն Եվրահանձնաժողովը և Թուրքմենստանը` որպես գազի հիմնական մատակարար:

ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովի Ադրբեջան կատարած այցից շատ չի անցել, բայց Բաքվի դիրքորոշման մեջ կրկին շանտաժի տարրեր են ի հայտ գալիս: Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Ն.Ալիևը հանդես է եկել հերթական հայտարարությամբ. «Մենք կցանկանայինք, որ այս նախագծի շուրջ քաղաքական հռչակագրից բացի ստորագրվեր միջկառավարական համաձայնագիր Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև` Տրանսկասպյան գազամուղի կառուցման մասին:

Այդ դեպքում Ադրբեջանը պատրաստ է տրամադրել իր ենթակառուցվածքները (նկատի ունի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը) և ստեղծել բարենպաստ ռեժիմ թուրքմենական գազի արտահանման համար: Հիմա հիմնականը ֆինանսական հարցերն են, և մենք կցանկանայինք Եվրահանձնաժողովից տեղեկանալ, թե ինչպիսին են լինելու գնվող գազի ծավալները, ի՞նչ ֆինանսական երաշխիքներ կան: Ամեն դեպքում, երաշխավորված արտահանում հնարավոր կլինի իրականացնել միայն այն դեպքում, եթե Թուրքմենստանը պատրաստակամ լինի տարեկան նվազագույնը 10 մլդ խմ գազ մղել այդ գազամուղով»:

Սա անուղղակի խոստովանություն է, որ ադրբեջանական գազի այդքան գովազդված պաշարները իրականում սահմանափակ են, և որպես հիմնական մատակարար նախագծում հանդես է գալու Թուրքմենստանը: Մյուս կողմից, Տրանսկասպյան գազամուղի թեման կրկին շեշտադրելը անկասկած ակնարկ է Մոսկվային, որը կտրականապես դեմ է դրա կառուցմանը, թե` տեսեք, նախագիծն արդեն մշակման փուլում է, և մենք պատրաստ ենք սկզբունքային համաձայնություն տալ:

Իսկ որպեսզի այդ համաձայնությունը չլինի, Ի.Ալիևի աշխատակազմի հասարակական և քաղաքական հարցերով պատասխանատու, ոչ անհայտ Ա.Հասանովը, բառացիորեն Ն.Ալիևին զուգահեռ, հայտարարում է. «Բաքուն շատ սպասումներ ունի Մոսկվայից Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Չկա աշխարհում որևէ այլ երկիր, որն այդքան ազդեցություն ունենար այս հակամարտության լուծման առումով:

Մենք հայտարարում ենք այս մասին` հաշվի առնելով և՛ տարածաշրջանային հարցերի հետ կապված մոտեցումները, և՛ Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը: Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա այնքան մեծ է, որ աշխարհում այլ զուգահեռ գտնելը դժվար է: Ռուսաստանը այդ պետությանը կարող է ուղղորդել ցանկացած ուղղությամբ և կառուցողական դիրքորոշման ցանկացած հարցում: Այդ իմաստով մենք շատ սպասելիքներ ունենք Ռուսաստանից, որը հանդես է գալիս նախաձեռնություններով: Պուտինը և Մեդվեդևը ջանքեր են գործադրել այս ուղղությամբ, և մենք ակնկալում ենք, որ դրանք շարունակություն կունենան, ու այս տարվա ընթացքում մենք կտեսնենք շատ լուրջ առաջընթաց»:

Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Պուտինի կողմից «ջանքերի գործադրման» մասին հղումը իրականության հետ բացարձակապես կապ չունի, քանզի իր նախագահության առաջին երկու ժամկետում Պուտինը գործնականում հանդես է եկել հիմնահարցի «սառեցման» դիրքերից` հակամարտող կողմերին կոչ անելով ինքնուրույն պայմանավորվել:

Մեդվեդևը, այո, որոշակիորեն փորձել է բավարարել Բաքվի ակնկալիքները, բայց որևէ հաջողության չի հասել, և այդ կապակցությամբ ադրբեջանական կողմը բազմիցս արտահայտել է իր հիասթափությունը: Հետևապես Ա.Հասանովի հերթական զեղումը` Ն. Ալիևի հայտարարության հետ զուգահեռվելով, ոչ այլ ինչ է, քան Մոսկվային առևտրական գործարք առաջարկելու փորձ. Տրանսկասպյան գազամուղից հրաժարվելու դիմաց վերադարձրեք Ղարաբաղը:

Բայց Բաքվում մոռանում են երկու հանգամանք: Նախ` Ղարաբաղը ամենևին էլ Մոսկվայի գրպանում չէ, և եթե Ռուսաստանը փորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա, ուղղակի կկորցնի Հարավային Կովկասում միակ դաշնակցին, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արևմտյան վեկտորի ազդեցությունը վերջին տարիներին ակնհայտորեն աճել է:

Բացի դրանից` եթե անգամ Մոսկվան որոշի ճնշել Հայաստանին, ու այդ ճնշումը արդյունք տա, դա ամենևին չի նշանակում, որ Ղարաբաղը հետ ստանալով` Ադրբեջանը կրկին չի միանա Տրանսկասպյան գազամուղի նախաձեռնությանը, եթե Եվրահանձնաժողովն իր հերթին հետևողական ճնշում գործադրի Բաքվի վրա, մանավանդ որ այդ նախաձեռնությամբ շահագրգիռ են նաև ԱՄՆ-ը և Թուրքիան` որպես հիմնական տարանցիկ երկիր: Ուստի Մոսկվայի համար շատ ավելի հեռանկարային է Բաքվի և Աշգաբադի վրա ճնշում գործադրել իր լծակների ողջ զինանոցով:

Կա նաև հարցի տնտեսական կողմը, որը հանգում է հետևյալին` արդյոք Թուրքմենստանը իրականում կարո՞ղ է ապահովել Տրանսկասպյան գազամուղը ամբողջ ռեսուրսային ծավալով, եթե անգամ Մոսկվան ու Թեհրանը չկարողանան «խելքի բերել» Աշգաբադին, որի վրա ազդեցության շատ լուրջ լծակներ կան: Խնդիրն այն է, որ Թուրքմենստանը այժմ վերածվել է Չինաստանին գազ մատակարարող հիմնական գործընկերոջ:

2009-ին չինական կապիտալով ու աշխատուժով ռեկորդային արագությամբ կառուցված Կենտրոնասիական գազամուղով Աշգաբադը Պեկինին տարեկան նվազագույնը 40 մլրդ խմ գազ է պարտավորվել մատակարարել: Սակայն աճող չինական տնտեսության էներգետիկ պահանջարկն էլ է աճում, և, փորձագետների պնդմամբ, այս տարվա առաջին եռամսյակում Չինաստանն արդեն գնել է մոտ 20 մլրդ խմ գազ: Զուգահեռ, Թուրքմենստանը գազ է մատակարարում նաև Ռուսաստանին` Մերձկասպյան գազամուղով, որն իր հերթին այդ գազը արտահանում է Ուկրաինա, Բելառուս և Եվրոպա:

Եվ վերջապես, այժմ Տրանսկասպյան գազամուղից ոչ պակաս արդիական է համարվում Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան խոշոր գազամուղի կառուցումը: Փորձագետների գնահատմամբ` Աշգաբադը հազիվ կարողանա բավարարել նույնպես լուրջ տեմպերով աճող հնդկական տնտեսության պահանջարկը, և եվրոպական ուղղությամբ պարզապես արտահանելու ոչինչ չի մնա: Ընդ որում` դեպի հնդկական գազամուղի նախագիծը ոչ միայն Ռուսաստանի դժգոհությունը չի հարուցում, այլև ողջունվում է: Որովհետև դրա կառուցման գործում «Գազպրոմը» կարող է կարևոր դերակատարություն ունենալ և նույնիսկ ձգտում է բաժնետեր դառնալ ապագա կոնսորցիումում:

Ըստ ամենայնի, Ադրբեջանը այլևս ոչինչ չունի առաջարկելու Մոսկվային, եթե փորձում է Կրեմլի վրա վաճառել խիստ կասկածելի հեռանկար ունեցող ծրագրում իր մասնակցությունը: Այս իսկապես անտրամաբանական գործելաոճն արդեն սովորույթի է վերածվում: Թեպետ չի բացառվում, որ «Տրանսկասպյան գազամուղ-Ղարաբաղ» առևտրային սխեման ադրբեջանական որոշ «հանճարների» ուղեղում ծագեց այն պահից, երբ պարզ դարձավ, որ չի հաջողվում այդպիսի առևտուր նախաձեռնել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության շուրջ բանակցություններում:

Թեպետ Մոսկվան շահագրգռված է Գաբալայի կայանի վարձակալությունը շարունակել և անգամ Հայաստանի հնարավոր դժգոհությունը անտեսելով` պարբերաբար ժամանակակից սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, բայց ամենևին չի կարող անտեսել այն ռազմավարական լուրջ առավելությունները, որ ընձեռում է Հայաստանում տեղակայված ռուսական բազան ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Մերձավոր Արևելքում որևէ անցանկալի իրադրության օպերատիվ միջամտելու տեսանկյունից: Մանավանդ երբ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածի հավանականությունը թեպետ առարկայական չէ, բայց հանված էլ չէ օրակարգից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter