
Ռոմանոս Պետրոսյանի հրամաններն անվավեր են ճանաչվել. «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենը կվերականգնվի պաշտոնում
Մեկ տարի տևած դատական գործի արդյունքում Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից հեռացված տնօրեն Լևոն Գաբրիելյանը պետք է վերականգնվի պաշտոնում:
Դատավոր Գրիգորի Վարդանյանի սեպտեմբերի 3-ին կայացրած վճռով՝ ամբողջությամբ բավարարվել են ՊՈԱԿ-ի տնօրենի պահանջները. անվավեր են ճանաչվել նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանները, այդ թվում՝ Լևոն Գաբրիելյանի պաշտոնից ազատման հրամանը, նրան վերականգնել են պաշտոնում և պարտավորեցրել Շրջակա միջավայրի նախարարությանը Գաբրիելյանին վճարել նրա միջին աշխատավարձը ողջ պարապուրդի համար: Բացի դրանից, ՇՄՆ-ն պետք է փոխհատուցի Լևոն Գաբրիելյանի փաստաբանական ծախսերը՝ 120 hազար դրամի չափով և պետտուրքը՝ 8000 դրամ:
Լևոն Գաբրիելյանը շրջակա միջավայրի նախարարի 2020թ. օգոստոսի 28-ի հրամանի հիման վրա ենթարկվել էր կարգապահական տույժի՝ խիստ նկատողություն՝ աշխատանքային պարտականություններն իր մեղքով չկատարելու համար, սակայն հրամանով չէր հիմնավորվել, թե կոնկրետ որ պարտականությունները չեն կատարել:
2020թ. նոյեմբերի 27-ին Ռոմանոս Պետրոսյանը կայացրել էր մեկ այլ հրաման, որով Գաբրիելյանի նկատմամբ կիրառվել էր ևս մեկ կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, մասնավորապես՝ 2019թ. հոկտեմբերի 18-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և «Բեքստեյջ» ՍՊ ընկերության միջև կնքված հողամասի վարձակալության մասին պայմանագրով հողամասի օգտագործման պայմանների նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու համար:
2020թ. նոյեմբերի 30-ին նախարարի երրորդ հրամանով՝ մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար կրկնակի կարգապահական պատասխանատվության ենթարկվելու հիմքով Գաբրիելյանի լիազորությունները 2020թ. դեկտեմբերի 1-ից դադարեցվել էին, և լուծվել էր վերջինիս հետ 2018թ. մարտի 7-ի կնքված աշխատանքային պայմանագիրը:
Դատարանը, չնայած Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների առարկություններին, հաշվի է առել Գաբրիելյանի փաստարկները, իսկ քանի որ ապացուցման բեռը պատասխանողի՝ ՇՄՆ-ի վրա էր, բավարար չի համարել ՇՄՆ-ի հիմնավորումները և ապացուցողական բազան՝ Լ. Գաբրիելյանին աշխատանքից հեռացնելու համար: Ըստ այդմ, դատավոր Գրիգորի Վարդանյանն ամբողջությամբ բավարարել է ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի հայցապահանջները:
Նշենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պարտականությունները ներկայում կատարում է նրա տեղակալը՝ Արա Հակոբյանը:
Կարդացեք նաև՝
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի
Մեկնաբանել