HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Չեռնոբիլի աղետի փրկարարները աղետալի վիճակում են

Այսօր լրանում է Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքի ատոմակայանի վթարի 26-րդ տարելիցը: Վթարից անմիջապես հետո և հետագա մի քանի տարիներին ԽՍՀՄ կազմի մեջ մտնող հանրապետությունների քաղաքացիներ են գործուղվել Չեռնոբիլ` իրականացնելու փրկարարական աշխատանքներ: Հայաստանից այդ աղետի հետևանքների վերացմանը մասնակցել է շուրջ 3000 մարդ, գրեթե բոլորն էլ անկախ իրենց կամքից են գործուղվել աղետի գոտի:

Հայ լիկվիդատորները հայրենիք են վերադարձել բազմաթիվ հիվանություններով: Եթե ԽՍՀՄ տարիներին նրանց առողջական վիճակը պետության ուշադրության կենտրոնում էր, ապա Հայաստանի անկախացումից հետո նրանք ո՛չ լիարժեք հիվանդանոցային բուժօգնություն, ո՛չ անհրաժեշտ քանակությամբ դեղորայք, ոչ էլ առողջարանային ուղեգրեր են ստանում:

Հայ լիկվիդատորները բուժօգնություն են ստանում Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում: Կենտրոնի ճառագայթային վնասվածքների բաժանմունքն անմխիթար վիճակում է և վերանորոգման կարիք ունի: Էլ չենք խոսում բուժսարքավորումների մասին, որոնք վաղուց թարմացման կարիք ունեն:

«Շինարարության վրա էի աշխատում, վայենկոմատից պավեստկա ուղարկեցին ու տարան: Կումունիստի վախտով ո՞ւր փախնեինք, ավտոմատը ճակատներիս դրած են տարել Չեռնոբիլ: 37 թվին գիշերով ոնց էին ժողովրդին աքսորում Սիբիր, մեզ էլ ըտենց տնից վերցրել տարել են Չեռնոբիլ, չեն թողել շոր էլ հագնենք: Հազար ցավի տեր եմ` մի օր ստամոքսս ա, մի օր` գլուխս, մի օր` ճնշում ու պոչկա»,- «Հայացք»-ի թղթակցի հետ զրույցում գանգատվեց վարդենիսցի Ավետիք Հայրապետյանը, ով այս օրերին բուժում է ստանում վերոնշյալ բաժանմուքնում: Նա 88 թվականին է Չեռնոբիլում մասնակցել փրկարարական աշխատանքներին, սակայն ասում է, որ մինչ օրս թոշակ չի ստանում: Նա ցույց է տալիս իր փաստաթուղթը, ըստ որի փրկարարական հատուկ բրիգադում է աշխատել և ցավով արձանագրում է, որ դա էլ հաշվի չի առնում մեր կառավարությունը:

«Կգնամ Ռուսաստան, Ռուսաստանն է ինձ տարել, թող ռուսն էլ ինձ տեր կանգնի: Ես հավատ չունեմ էս կառավարության հանդեպ»,- ասում է Ավետիք Հայրապետյանը:

Գյումրեցի 45-ամյա Արթուրը 18 տարեկանում է գործուղվել Չեռնոբիլ: Նախկինում զինվորական է եղել, սակայն այսօր հազիվ 40 հազար դրամ թոշակ է ստանում: Նրա խոսքով` Շիրակի մարզպետարանը ոչ մի կերպ չի աջակցում իրեն: «Ասում են` գնացեք Ռուսաստան, դուք մեզ համար չեք ծառայել, ռուսների համար եք ծառայել»,- պատմում է նա: Արթուրը սրտի, թոքերի, երիկամների հիվանդություն ունի, ասում է, որ առողջ տեղ չունի: «Մենակ նարկոտիկներ են տվել, ասում են` գնա բավարարվի: Արհեստականորեն կուլտուրական ձևով նարկաման սարքեցին ինձ: Էս հիվանդանոցում էլ թամամ հիվանդանոցային պայմաններ չկան: Սրանք 41 թվականի կոյկեք են, որոնք տեղադրված են եղել վրանային հոսպիտալներում»,- ասաց Արթուրը` ցույց տալով բաժանմունքի պայմաններն ու մահճակալները:

Այստեղ բուժվող հիվանդները գոհ են բուժանձնակազմից, ասում են` բժիշկները հոգատար են:

Թալինի բնակիչ Վաղինակ Սիմոնյանը անտառտնտեսության նախկին աշխատակից է եղել, մասնակցելով Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացմանը` մի շարք հիվանդություններ է ձեռք բերել` «գլխացավ, թուլություն, սրտի ցավեր»: Նա դժգոհում է հատկապես սոցիալ-տնտեսական պայմաններից: Վաղինակի խոսքով` հատկապես հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձանց համար այսօր դժվար է աշխատանք գտնելը: «Ասում են` քո համար աշխատանքի տեղ չունենք: Ոչ մի անգամ սանատորիայի ուղեգիր չեմ ստացել, բայց սովետի տարիներին տարեկան 3 անգամ գնում էի սանատորիա»,- դժգոհեց նա:

Հրաչիկ Աբրահամյանն էլ շտապում է տեղեկացնել, որ ղարաբաղյան պատերազմի մասնակից է, սակայն պետության կողմից իրեն գնահատված չի զգում:

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Մարինա Միրիջանյանն ասում է, որ հնարավորության սահմաններում փորձում են լուծում տալ այս անձանց խնդիրներին: Սակայն լիկվիդատորների հիվանդությունները բազմաթիվ են, իսկ այս փոքրիկ բաժանմունքում հնարավոր չէ համալիր բուժում նշանակել: Բժշկի տեղեկացմամբ` այստեղ տարեկան բուժօգնություն է ստանում 600-700 հիվանդ, որոնց մոտ առկա են տարբեր հիվանդություններ` ուռուցքներ, նյարդային, սրտանոթային համակարգի խնդիրներ, կան նաև ինսուլտներ տարած հիվանդներ:

Շուրջ 3000 լիկվիդատորներից 450-ն այս տարիներին մահացել են, մի մասը մեկնել է արտերկիր: «Չեռնոբիլ ասոցիացիա» ՀԿ-ում գրանցված է 1600 «չեռնոբիլցի»:

Կազմակերպության նախագահ Գևորգ Վարդանյանի խոսքով` մահերի թիվն օրեցօր ավելանում է: ՀԿ նախագահը 2007 թ. օրինագիծ է ուղարկել ԱԺ, սակայն այն դեռևս չի ընդունվել: Կառավարությունից տեղեկացրել են, թե դեռևս նման օրենք ընդունելու և այդ օրենքով նախատեսված միջացառումներն իրականացնելու համար միջոցներ չկան: Գևորգ Վարդանյանը մտահոգիչ է համարում նաև ճառագայթահարված ծնողներից ծնված երեխաներին բուժզննման չենթարկելը: Ըստ նրա` պետբյուջեի միջոցներով տարեկան գոնե 2 անգամ նրանց երեխաները պետք է բուժզննում անցնեն, ինչպես նաև պետք է այդ անձանց առողջության կորստի փոխհատուցում տրվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter