HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Սենատի նախագահ Անտոնի Բրյունիի հետ

ԱԺ-ն տեղեկացնում է, որ Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անտոնի Բրյունիին:

«Ողջույնների փոխանակումից հետո ԱԺ նախագահը նշել է, որ հաճույքով է հիշում Անտոնի Բրյունիի հրավերով 2019թ. հոկտեմբերին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բավական արգասաբեր այցը Նիդերլանդներ:

Նա հիշեցրել է, որ այդ այցի ընթացքում կայացավ նաեւ Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը, որի համանախագահներն ինքն ու Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդեւինդն էին: ԱԺ նախագահը նշել է, որ չնայած COVID-19-ի ստեղծած խոչընդոտներին՝ բարեկամական հարաբերությունները մեր պետությունների եւ խորհրդարանների միջեւ բավական ներդաշնակ են զարգանում, եւ մեր երկրները տրամադրված են իրականացնելու հայ-նիդերլանդական առավել խորացված եւ թիրախային համագործակցություն:

Դրա վառ ապացույցն է նաեւ 2020թ.-ի սեպտեմբերին Երեւանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության բացումը: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնել հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ նախագահն առանձնացրել է մասնավորապես 3 մարտահրավեր, որոնցում ՀՀ-ն քաղաքական աջակցություն է ակնկալում մեր գործընկերներից՝ խաղաղության հաստատում մեր տարածաշրջանում, հայ ռազմագերիների խնդրի լուծումը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն այն վերածել է քաղաքական սակարկության եւ Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Նա շեշտեց, որ հայկական կողմի համար խնդրահարույց է մնում տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը եւ շահադիտական նպատակներով նրանց աջակցող պատվիրակների պահվածքը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին՝ 2020թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը եւ դրա հետեւանքները դատապարտող շուրջ 17 բանաձեւերի համար:

Քննարկման ընթացքում ԱԺ նախագահն անընդունելի համարեց Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքին: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի շրջանակներում:

Նիդերլանդների Սենատի նախագահը նշեց, որ լավ հիշողություններ ունի ՀՀ ԱԺ պատվիրակության այցից: Նա տեղեկացրեց, որ Covid-19-ի հետ դժվար ժամանակներ սկսվեցին խորհրդարանում: Կարեւորելով Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացումը՝ նա նշեց, որ այն ոգեւորիչ է եւ մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Սենատի նախագահն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ընդունված Նիդերլանդների խորհրդարանի բանաձեւերը լայն արձագանք են ստացել Հայաստանի հասարակությունում:

Նրա խոսքով՝ ցանկացած իրավիճակում չափազանց կարեւոր է մարդու իրավունքների գերակայությունը՝ այս համատեքստում կարեւորելով նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցությունը: Հանդիպման ավարտին Անտոնի Բրյունին վերահաստատել է տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը: ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter