HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երկու զինծառայող Բաքվից վերադարձավ Հայաստան. ՊՆ-ն մեկ օր առաջ տեղեկություն չուներ նրանցից

Սեպտեմբերի 7-ի երեկոյան լրատվամիջոցները հայտնեցին, որ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը Բաքվից Հայաստան է բերում երկու գերու, որոնց անունները հրապարակվեցին մի փոքր հետո՝ մայոր Արթուր Նալբանդյան և զինծառայող Արամայիս Տոռոզյան։ Փոխարենն ադրբեջանական կողմը հետ ստացավ Ջամիլ Բաբաևին, որը ձերբակալվել էր օգոստոսի 25-ին Մարտակերտում։

Մայոր Արթուր Նալբանդյանը և զինծառայող Արամայիս Տոռոզյանն այն զինծառայողներն էին, որոնք այս տարվա հուլիսի 13-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, մառախուղի պատճառով մոլորվել էին Սյունիքի Իշխանասար լեռան շրջանում։

Դեռ օգոստոսի 23-ին «Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարությանը՝ հասկանալու, թե պաշտպանական գերատեսչությունն արդյոք ունի տեղեկատվություն մոլորված զինծառայողների գտնվելու վայրի, հնարավոր գերեվարման փաստի և կարգավիճակի վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչությունը լրացուցիչ ժամանակ էր խնդրել հարցմանը պատասխանելու համար՝ նշելով, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Լրացուցիչ ժամանակ խնդրելուց 7 օր անց պաշտպանական գերատեսչությունը պատասխանել էր մեր գրավոր հարցմանը՝ նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի մայոր Արթուր Հայկի Նալբանդյանի ու բանվոր-զինծառայող Արամայիս Հրանտի Տոռոզյանի հնարավոր գերեվարման փաստի, հանգամանքների, նրանց վերադարձի շուրջ վարվող բանակցությունների ու հայ զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչությունը միայն նշել էր, որ 2021 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, մայոր Արթուր Նալբանդյանը բջջային հեռախոսով կապ է հաստատել և հայտնել, որ մառախուղի պատճառով մոլորվել են և հայտնվել հակառակորդի տարածքում, իսկ ՊՆ-ն փաստի առթիվ տեղեկացրել էր ՌԴ խաղաղապահ զորքերի հերթապահին։

Ստացվում է, որ ՊՆ-ն տեղեկություն չուներ հայ զինծառայողների գերեվարման հնարավոր փաստի մասին, բայց հարցման պատասխանի հաջորդ օրը հայտարարվում է Բաքվից նրանց վերադարձի մասին։ Բացի այդ, ինչպես կարող է ՊՆ-ն տեղեկություն չունենալ նրանց վերադարձի շուրջ վարվող բանակցությունների մասին, եթե սեպտեմբերի 6-ին Երևանում հանդիպել էին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ու Ռուստամ Մուրադովը և, տրամաբանական է, որ քննարկել էին նաև գերիների փոխանակման հարցը։

Անհասկանալի է, թե ինչու է Պաշտպանության նախարարությունը որդեգրել նման վարքագիծ, երբ ուղղակի ժամեր են հարկավոր, որ հերքվի այդ կառույցի պաշտոնական պատասխանը։

Լուսանկարը՝ արխիվային/ The Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter