HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին:

ԱԺ հաղորդմամբ՝ Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Արաբական Ծոցի երկրների, մասնավորապես՝ ԱՄԷ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, ուշադրության կենտրոնում պահում տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական գործընթացները:

«Ալեն Սիմոնյանը փաստեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար կարեւոր գործընկեր է եւ առանձնակի նշանակություն ենք տալիս մեր բարեկամությանը, ինչպես նաեւ բազմոլորտ համագործակցության խորացմանը: Նա կարեւորեց ԱՄԷ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում՝ բարձր գնահատելով իրենց երկրի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում:

Նա գոհունակությամբ արձանագրեց, որ մեր երկրների միջեւ ակտիվ է քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում: Բազմակողմ հարթակներում համագործակցությունը կրում է համակարգված բնույթ: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, որն առկա է քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմատեխնիկական, վերականգնվող էներգետիկայի, ավիացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, առեւտրատնտեսական, կրթության եւ այլ ոլորտներում:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության դերը՝ առանձնակի ընդգծելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը, որը շոշափելի ներդրում ունի միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործընթացում: ԱՄԷ խորհրդարանի խոսնակը, գոհունակություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, շեշտեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄԷ-Հայաստան քաղաքական եւ տնտեսական կապերը զարգանում են բավական ակտիվ:

Այս տարվա հոկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկելու է «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով «Դուբայ ԷՔՍՊՈ-2020»-ը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղաբաշին հրավիրեց իր հայ գործընկերոջը պաշտոնական այց կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացների վերաբերյալ»,-նշված է ԱԺ հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter