HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աղվան Հովսեփյանը կալանավորվել է

Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպաններից Սասուն Ռաֆայելյանը:

Պաշտպանները դեռևս դատարանի որոշմանը ծանոթ չեն, հրապարակվել է միայն եզրափակիչ մասը։ Որոշումը ստանալուց և դրան ծանոթանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։

Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Հովսեփյանը ձերբակալվել է։ Ըստ ՀՔԾ-ի` քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու հոդվածով։

Նշենք, որ Հովսեփյանին ձերբակալելու լուրից հետո նրա պաշտպաններից Գագիկ Խաչիկյանն, անդրադառնալով այդ հանգամանքին, ֆեյսբուք իր էջում գրել է. «Քիչ առաջ Աղվան Գառնիկի Հովսեփյանը նշանակվել է մեղադրյալ (սարկազմս կհասկանան մասնագետները)։ Քննիչը պատրաստվում է խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան։ Խիստ կարևոր է, որ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձին հնարավոր չի եղել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Մեղադրանքի կողմը անհաջող փորձ է արել վերջինիս հասուն որդիների կողմից բիզնես գործունեությունը ներկայացնել որպես պարոն Հովսեփյանի հովանավորչության արդյունք։ Գտնվել են երկու «շաքար սիլվա», որոնք ստանձնել են համապատասխան գործիքի դերը և քննությանը մատակարարել անհրաժեշտ դատարկաբանությամբ։ Ձերբակալման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է։ Աղվան Հովսեփյանը տրամադրված է մարտական։ Մեղադրանքը բնականաբար չի ընդունում։ Համոզված եմ, որ բոլոր պղպջակները արագ պայթելու են»։

Երեկ երեկոյան կալանավորման միջնորդությունը ներկայացվել է դատարան։ Այն քննել և բավարարել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Մեկնաբանություններ (1)

mihran robert mahmouzian
crook .hang him

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter