HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը Լիխտենշտայնի դեմ խաղում

Աշխարհի 2022թ․ առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց Լիխտենշտայնի ընտրանու հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։

Առաջին խաղակեսի մեկնարկային րոպեներից Խոակին Կապառոսի սաները ահռելի ճնշում գործադրեցին մրցակցի դարպասին: Գրոհները հաջորդում էին մեկը մյուսին, աչքի ընկնելու հնարավորություն ունեցան Հենրիխ Մխիթարյանը, Վարազդատ Հարոյանը, Տիգրան Բարսեղյանը, Սարգիս Ադամյանը, Ալեքսանդր Կարապետյանը: Միայն առաջին կեսի ընթացքում մեր հավաքականի խաղացողները 18 հարված կատարեցին մրցակցի դարպասին, սակայն դրանցից միայն մեկը ավարտվեց գոլով: Առաջին կեսի ավելացված րոպեներին Հայաստանի հավաքականը կարողացավ բացել հաշիվը: Հենրիխ Մխիթարյանը շրջանցեց Լիխտենշտայնի ընտրանու պաշտպանին և դուրս էր գալիս հարվածային դիրք, սակայն մրցակիցը նրան ցած գցեց տուգանային հրապարակում: Հանդիպման գլխավոր մրցավարը դրվագի տեսակրկնությունը նայելուց հետո 11-մետրանոց նշանակեց, որն էլ դիպուկ իրացրեց հենց Մխիթարյանը: Այս գոլից հետո թիմերը գնացին ընդմիջման:

Երկրորդ խաղակեսը անցավ նույն սցենարով, ինչ առաջինը: Մեր հավաքականն ուներ տարածքային և խաղային տոտալ առավելություն, սակայն գրոհները կրկին արդյունավետ հարվածներով չէին եզրափակվում: Այնպես ստացվեց, որ գրոհեց Հայաստանը, բայց հաջողության հասավ Լիխտենշտայնը: 80-րդ րոպեին հյուրերի եզակի գրոհներից մեկի ժամանակ Լիխտենշտայնի հավաքականի խաղացողը հեռվից հարված կատարեց, Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն անհաջող հետ մղեց գնդակը և վրա հասած Նոա Ֆրիկը այն ուղարկեց մեր ընտրանու դարպասը: Հանդիպումը հենց այս հաշվով էլ ավարտվեց, և Հայաստանի հավաքականը կորցերց անչափ կարևոր երկու միավոր:

J խմբի մյուս երկու խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 22։45-ին։ Իսլանդիան սեփական հարկի տակ կընդունի Գերմանիայի հավաքականին, իսկ Հյուսիսային Մակեդոնիան՝ Ռումինիային։

Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա Հայաստանի հավաքականի երրորդ հանդիպումն էր։ Սեպտեմբերի 2-ին մեր հավաքականը 0։0 հաշվով արտագնա ոչ-ոքի էր խաղացել Հս․ Մակեդոնիայի հետ, իսկ սեպտեմբերի 5-ին մրցակցի հարկի տակ 0։6 հաշվով պարտություն էր կրել Գերմանիայից։

Այսպիսով, անցկացրած 6 խաղերից հետո Մունդիալ-2022-ի եվրոպական գոտու որակավորման փուլի J խմբում Հայաստանի ազգային ընտրանին այս պահի դրությամբ 11 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, սակայն հաղթանակի դեպքում Ռումինիան կարող է շրջանցել մեր հավաքականին։

Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի այս տարվա հոկտեմբերի 8-ին՝ հյուրընկալվելով Իսլանդիայի ընտրանուն, իսկ երեք օր անց՝ հոկտեմբերի 11-ին, կրկին մրցակցի հարկի տակ կխաղա Ռումինիայի հավաքականի դեմ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter