HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Լիխտենշտայն․ մեզ օդ ու ջրի պես հաղթանակ է անհրաժեշտ

Այսօր՝ ժամը 20։00-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի ԱԱ-2022-ի ընտրական 10-րդ խմբի Հայաստան-Լիխտենշտայն հանդիպումը։ 5 տուրից հետո մեր ընտրանին 10 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ Լիխտենշտայնը, որը միավոր չունի, եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Հիշեցնենք, որ այս խմբում են ընդգրկված նաեւ Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի եւ Հս․ Մակեդոնիայի ազգային թիմերը։

Այսօրվա հանդիպմանը մեր ընտրանու հայտացուցակն արդեն հայտնի է։ Դրանից դուրս են մնացել Արսեն Բեգլարյանը, Հովհաննես Համբարձումյանը, Հրայր Մկոյանը, Դավիդ Դավիդյանը եւ Վբեյմար Անգուլոն: Երեկվա ասուլիսում Խոակին Կապառոսը նշեց, որ առանցքային խաղացողներից Համբարձումյանը հանդիպումը բաց կթողնի Գերմանիայի հետ վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով։

Հայաստանը գաճաճ Լիխտենշտայնի դեմ ֆուտբոլային դիմակայությունում դրական վիճակագրություն ունի։ Մինչ այս թիմերը հանդիպել են 5 անգամ, որոնցից 3-ում հաղթել են մերոնք, 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։ Ընդ որում՝ Երեւանում կայացած հանդիպումներում մերոնք միայն հաղթել են։ Բայց անկախ ամեն ինչից՝ Լիխտենշտայնը իր փակ խաղաոճով բավականին խոչընդոտներ է հարուցում նույնիսկ հզոր հավաքականների դեմ խաղերում։ Այնպես որ մեր տղաներին հեշտ խաղ չի սպասվում, չնայած ընտրական խմբից դուրս գալու համար Կապառոսի սաներին օդ ու ջրի նման անհրաժեշտ է հաղթանակ հետնապահի նկատմամբ։

Հայաստանի ու Լիխտենշտայնի ազգային թիմերն առաջին անգամ հանդիպել են Ազգերի լիգայի 2018-2019 թթ․ խաղարկությունում։ 2018-ի սեպտեմբերի 6-ին մերոնք Երեւանում հաղթեցին 2-1։ Հայաստանի ընտրանու գոլերը խփեցին Մարկոսն ու Տիգրան Բարսեղյանը։ Նույն տարվա նոյեմբերի 19-ին Վադուցում գրանցվեց 2-2։ Մերոնցից աչքի ընկան Սարգիս Ադամյանն ու Ալեքսանդր Կարապետյանը։ Հերթական երկու հանդիպումները «Եվրո-2020»-ի ընտրական փուլում էին։ 2019-ի հունիսի 8-ին Երեւանում մեր թիմը հաղթեց 3-0՝ շնորհիվ Գեւորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի ու Տիգրան Բարսեղյանի գոլերի։ Նույն տարվա հոկտեմբերի 12-ին Վադուցում թիմերը բաժանվեցին 1-1 հաշվով․ մերոնցից աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը։ ԱԱ-2022-ի ընտրական փուլում այս տարվա մարտի 25-ին Վադուցում մերոնք, չնայած խաղային հսկայական առավելությանը, դժվարությամբ հաղթեցին դաշտի տերերին․ սեփական դարպասը գրավեց Նոա Ֆրոմելտը։

Այսպիսով՝ Հայաստան-Լիխտենշտայն հակամարտությունում 5 խաղից 3-ում հաղթել է մեր ընտրանին, 2-ում էլ գրանցվել է ոչ-ոքի։ Գոլերի տարբերությունը՝ 9-4՝ հօգուտ մեր հավաքականի։

Հայտնի է, որ այսօրվա խաղի տոմսերն արդեն սպառվել են, ինչն ամեն օր չես հանդիպի հայկական ֆուտբոլում։ 

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22։45-ին, կմեկնարկեն նաեւ Իսլանդիա-Գերմանիա եւ Հս․ Մակեդոնիա-Ռումինիա հանդիպումները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter