
«Ժառանգությունը» պայքարում է՝ նոր իշխանություն ձեւավորելու համար
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե ՀԱԿ-ին տեսնում է ապագա խորհրդարանում եւ նույնիսկ մոտավորապես գիտի, թե Կոնգրեսը քանի մանդատ կունենա: Անդրադառնալով ասվածին՝ «Ժառանգության» ղեկավարը նշում է, թե ստույգ չգիտի՝ մանդատների վերաբաշխման հարցը կանխավ որոշվա՞ծ է, թե՞ ոչ: Բայց, այնուամենայնիվ, անցյալի հետագիծը հուշում է, որ ընդհանուր պատկերը որոշ չափով կանխավ որոշվում է:
«Իմ կարծիքով՝ մակերեսային խոսքերը կարեւոր չեն: Մենք որոշել ենք հնարավոր բոլոր եղանակներով (առանց որեւէ մեկը բացառելու)՝ Ազգային ժողովից մինչեւ հրապարակ, ընտրական եւ ոչ ընտրական, շարունակել պայքարը նոր իշխանության ձեւավորվամ համար՝ արտահերթ կարգով»,- ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հավելում, որ գուցե դա իրենց ուժերից վեր է, սակայն «հիմիկվանից որոշել, որ ընտրականն է միակ եղանակը կամ ոչ ընտրականը, վաղաժամ մոտեցում է»: Ուստի, անհրաժեշտ է արձանագրել՝ նոր Հայաստանը կերտվելու է բոլոր հնարավոր եղանակներով:
«Որոշակի հանգամանքների բերմամբ «Ժառանգությունը» էապես կավելացնի իր ներկայությունն ԱԺ-ում, բայց դա կյանքի նպատակ չէ: «Ժառանգությունը» փաստել է, որ իր ինքությունից վեր կան քաղաքական, քաղաքացիական ավելի բարձր նպատակներ, եւ մեր խնդիրը 6-ը կամ 7-ը կրկնապատկելը չէ, այլ ունենալ այն Հայաստանը, որն իրավական է, ժողովրդավարական, ուստի եւ կարող է ազգային հարցեր հետապնդել ու լուծել,- ասում է Հովհաննիսյանը եւ ընդգծում,- այն, ինչ պետք է սրան հասնելու համար, այդ բանաձեւումն իրականացնելու համար «Ժառանգությունը» պատրաստ է»:
Մեկնաբանել