HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դասեր չենք քաղում հին սխալներից, կամ ինչպես Յուրչենկոն «քաշեց» ամբողջ թիմին

Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտայն հանդիպումից (1-1) հետո երկրպագուների մի մասն այն կարծիքին է, որ գրանցված ոչ-ոքին խմբի ընդգծված հետնապահի հետ խաղում ավելի վատ արդյունք է, քան գերմանացիներից կրած 0-6 հաշվով պարտությունը: Իրականում կարելի է համաձայնել նման կարծիք ունեցողների հետ, քանի որ եթե գերմանացիներից պարտությունը ինչ-որ տեղ սպասելի էր, ու ցավալի էր միայն գրանցված հաշիվը, ապա Լիխտենշտայնի դեմ խաղում ամեն ինչն էր ցավալի՝ ինքնին հաշիվը (արդեն երրորդ անգամ չենք կարողանում այս թիմին երկու անգամ հաղթել նույն մրցափուլում), հսկայական առավելության ֆոնին ձեռքից բաց թողած հաղթանակը եւ ամենակարեւորը՝ երկրորդ տեղի համար պայքարում անչափ կարեւոր միավորների կորուստը:

Ճիշտ է, 6 տուրից հետո Հայաստանի ընտրանին շարունակում է ընթանալ երկրորդ տեղում, սակայն Ռումինիան ու Հս. Մակեդոնիան շնչում են մեր թիկունքին. ռումինները մեզնից հետ են 1 միավորով, իսկ մակեդոնացիները՝ 2: Բայց էականն այն է, որ նրանք դեռ մեկական խաղ ունեն Լիխտենշտայնի դեմ, ու փորձը ցույց է տալիս, որ ի տարբերություն մեզ՝ մրցակիցները նման թիմերի հետ խաղերում չեն սայթաքում: Հիշու՞մ եք Ազգերի լիգայի 2018-2019 թթ. խաղարկությունը, որում մեր ընտրանին 0-1 հաշվով Երեւանում պարտվեց Ջիբրալթարին, իսկ Վադուցում փրկվեց պարտությունից՝ 2-2 խաղալով Լիխտենշտայնի հետ: Ու չնայած անձնական խաղերում Հայաստանի հավաքականը առավելություն ուներ Հս. Մակեդոնիայի նկատմամբ, այս գաճաճ երկրների հետ հանդիպումներում 5 կարեւոր միավոր կորցնելու պատճառով հետ մնաց մակեդոնացիներից, որոնք վերջնարդյունքում մասնակցեցին «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլին: Լիխտենշտայնը մեզնից միավորներ խլեց նաեւ «Եվրո-2020»-ի ընտրական փուլում, երբ կրկին Վադուցում 1-1 խաղացինք, չնայած հաշվի մեջ առջեւում էինք:

Այսպիսով՝ խաղից առաջ գաղտնիք չէր, որ Լիխտենշտայնը, թող կոպիտ չհնչի, ճանապարհին ընկած քար է մեզ համար, բայց երեք անգամ նույն ճանապարհով անցել ենք, ու երեք անգամ էլ ոտքերս դեմ է առել այդ քարին: Իսկ դրա գլխավոր պատճառը մինչեւ վերջ ուշադիր չխաղալն է. այդ թիմը ցույց է տվել, որ չեղած տեղից մեզ անակնկալ կարող է մատուցել թեկուզ մեր իսկ անգրագետ սխալների պատճառով, բայց մենք էլի կրկնում ենք նույն սխալները:

Մակեդոնացիների ու գերմանացիների հետ խաղերից հետո նկատելի էր, որ մեր ընտրանու ֆիզիկական ընդհանուր վիճակն այնքան էլ լավ չէ: Ճիշտ է, դա առաջին խաղակեսում շատ նկատելի չէր, բայց հատկապես խաղի վերջին 10 րոպեներին, երբ հաշիվը 1-1 էր, ու անհրաժեշտ էր խփել երկրորդ գոլը, մեր ֆուտբոլիստները ֆիզիկապես անզոր տեսք ունեին, ու վազելու ուժ գրեթե չէր մնացել: Ավելին՝ նրանց ցածր տեմպը չփոխվեց ամբողջ հանդիպման ընթացքում: Եթե հիշենք, թե ինչ արագություն էին հաղորդել գերմանացիները մերոնց դեմ խաղում, ու ինչպես էին հենց մերոնք խաղում Լիխտենշտայնի դեմ, համեմատելու եզրեր չկան:

Այս գաճաճ երկրի թիմը վաղուց ցույց է տվել, որ իր հացն ու ջուրը սեփական դարպասի դիմաց «ավտոբուս» կանգնեցնելու միջոցով մյուսներից միավոր խլելն է. նրանք այդքան ու այդպես են կարողանում ֆուտբոլ խաղալ, իրենց գործն է, այլ հարց է, թե դիմացինը որքան է կարողանում հակազդել այդ հակաֆուտբոլին: Մեր թիմը 6 խաղերից 3-ում ոչ-ոքի է խաղացել, իսկ 3 հաղթանակներից երկուսն էլ տարել է մաքառումների գնով: Այսինքն՝ մերոնք մինչեւ հիմա չեն գտել Լիխտենշտայնի դեմ հակաթույնը:

Խաղից հետո, նկատելի ունենալով հաշիվը, Կապառոսն ասաց, թե ֆուտբոլում լինում են նաեւ անարդար պահեր, բայց ի՞նչ անարդարության մասին է խոսքը, եթե դու գրեթե 90 րոպե խաղում ես նույն ոճով մի թիմի դեմ, որը վաղուց սովոր է ամբողջ խաղը 11 հոգով պաշտպանվելուն: Բնականաբար, երեկ մեր հյուրերի համար անակնկալ չէին Հայաստանի ընտրանու միօրինակ խաղարկումները. պաշտպաններից կամ հենակետային գոտուց փոխանցում դեպի աջ կամ ձախ եզր, որտեղ եզրային խաղացողները (աջից՝ Տերտերյանն ու Բարսեղյանը, ձախից՝ Հովհաննիսյանն ու Բայրամյանը) գնդակը պարբերաբար կախում էին տուգանային հրապարակի վրա, որտեղ իրենց շատ լավ էին զգում մրցակցի խաղացողները՝ դարպասապահ Բյուխելի գլխավորությամբ. նրանք կա՛մ հեռացնում էին գնդակն առանց բարդության, կա՛մ Բյուխելը որսում էր այն: Չկար որեւէ ոչ ստանդարտ գործողություն՝ բացառությամբ Հենոյի հարվածի, երբ մեր ավագը ընդունեց գնդակն ու, մի ակնթարթում պտտվելով սեփական առանցքի շուրջը, հարվածեց դարպասին, բայց մյուս հարվածների պես սա էլ կենտրոնով էր՝ Բյուխելի վրա, որը չնայած դժվարությամբ, բայց շեղեց գնդակի ուղղությունը:

Լիխտենշտայնի դեմ մեր 6 խաղերից 5-ում իր թիմի դարպասը պաշտպանել է Բենջամին Բյուխելը: Եվ ուշագրավն այն է, որ մերոնք 3-0 հաշվով հաղթել են միայն այն խաղում, որում նա հանդես չի եկել: Մյուսներում մերոնք տառապել են: Բայց դա առաջին հերթին եղել է սեփական սխալների պատճառով, քանի որ հայ ֆուտբոլիստները խաղացել են միօրինակ ու կանխատեսելի:

Եթե եզրից եկած փոխանցումները եզրափակելիս վտանգավոր էր միայն Կարապետյանի գլխով հարվածը, որից հետո Բյուխելը գնդակը հանեց անկյունային, ապա նման խիտ պաշտպանության պարագայում, երբ տուգանայինը նման էր անտառի, սպասվածից բավական քիչ էին հեռահար հարվածները. որակական առումով կարելի է առանձնացնել միայն Ուդոյի հարվածը, որը մի փոքր բարձր էր: Երկու հրաշալի առիթ բաց թողեցին Հարոյանը, որը տուգանայինում ստեղծված խառը իրավիճակում չկարողացավ մի քանի մետրից գրավել դարպասի անպաշտպան անկյունը, եւ Բարսեղյանը, որի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

Մեկնարկային կազմի խաղացողների հոգնածությունը նախորդ երկու խաղերից հետո կարելի է հասկանալ, սակայն որեւէ թարմություն չմտցրին փոխարինման մտած խաղացողները: Ընդհանրապես, խամրած էր եզրերի խաղը՝ հատկապես նկատելի էր Հովհաննիսյանի ու Բարսեղյանի գործողությունների անարդյունավետությունը, վատ տեսք ուներ նաեւ Սարգիս Ադամյանը: Սուր հակագրոհների մի քանի առիթ եղավ, բայց դրանք մեր խաղացողները չօգտագործեցին:

Լուսավոր կետ կարելի է համարել այն, որ Հենոն հավաքականում անցկացրած իր 91-րդ խաղում խփեց 31-րդ գոլը՝ թարմացնելով սեփական ռեկորդը մեր ընտրանու պատմության եջ: Ավելին ասենք՝ սա Մխիթարյանի առաջին գոլն էր Լիխտենշտայնի դարպասը. հիշեցնենք, որ 2018-ին Երեւանում նա 11-մետրանոցից չկարողացավ գրավել Բյուխելի դարպասը:

Առանձին պետք է խոսել դարպասապահ Յուրչենկոյի մասին, որը կարծես այս խաղի ամենապարապ մարդն էր, բայց արդյունքում դարձավ խաղի հակահերոսը: Ամբողջ խաղի ընթացքում մերոնք գոլ խփելու 28 փորձ են կատարել՝ 10 հարված դարպասին, 11-ը՝ դարպասի ուղղությամբ, 7-ի ճանապարհն էլ փակվել է: Լիխտենշտայնը ընդամենը 3 փորձ է կատարել, 3 դեպքում էլ հարված է եղել մեր դարպասին: Դրանցից մեկը Յուրչենկոն որսացել է առաջին փորձից, երկրորդի դեպքում գնդակը բռնել է երկրորդ փորձից՝ իր դիմաց հետ մղելուց հետո, իսկ երրորդի պարագայում, երբ կրկին գնդակն ուղիղ իր վրա էր ընթանում, գնդակը հետ է մղել կենտրոնով՝ այն գոտի, որտեղ մրցակցի խաղացողն էր, ինչից հետո 80-րդ րոպեին Նոա Ֆրիկը գրավեց մեր դարպասը:

Պատանի ու երիտասարդ դարպասապահներին սովորեցնում են, որ գնդակը հետ մղելու դեպքում պետք է այն շեղել աջ կամ ձախ (մանավանդ եթե դիմացդ մրցակից կա), բայց Յուրչենկոն վերցրեց ու յուրօրինակ փոխանցում կատարեց իր դիմաց կանգնած Ֆրիկին, որը խաղից դուրս վիճակում կլիներ, եթե այն չփակեր Տիգրան Բարսեղյանը: Առանձնապես ոչ մի վտանգ չներկայացնող մրցակցի գրոհը գոլով ավարտվեց, ինչն առաջին հերթին եւ գլխավորապես Յուրչենկոյի մեղքն է: Գերմանացիների հետ խաղում էլ այս դարպասապահը սխալի իր բաժինն ուներ առաջին եւ հինգերորդ գոլերում, բայց երեկվա հանդիպմանը թույլ տված կոպտագույն սխալը ջուրը թափեց ամբողջ թիմի ջանքերը: Ճիշտ է՝ թիմն իր բարձրության վրա չէր խաղի ընթացքում, բայց, անկախ ամեն ինչից, մենք հաղթում էինք մինչեւ 80-րդ րոպեն: Իսկ հաղթանակը կարեւորագույն 3 միավոր էր, որից կարողացանք պահել միայն 1-ը:

Երեկ մեր մրցակիցներից Գերմանիան հյուրընկալվելիս 4-0 հաղթեց Իսլանդիային, իսկ Հս. Մակեդոնիա-Ռումինիա խաղում գրանցվեց 0-0, ինչը մեր օգտին էր, քանի որ հենց այս երկու թիմերն են Հայաստանի ընտրանու գլխավոր մրցակիցները երկրորդ տեղի համար պայքարում: Բայց կրկնենք՝ ի տարբերություն մեզ՝ ռումիններն ու մակեդոնացիները դեռ պետք է խաղան Վադուցում, ու մի տեսակ դժվար է հավատալ, որ մեր պես շռայլ կգտնվեն ու միավորներ կզիջեն Լիխտենշտայնին:

Այս պարագայում մեր միակ հույսը նորից ու նորից մնում ենք մենք. հոկտեմբերին հյուր ենք գնալու իսլանդացիներին ու ռումիններին: Անչափ կարեւոր է այդ խաղերում 6 միավոր վաստակելը, բայց դա անչափ բարդ է լինելու: Նոյեմբերին էլ ընդունելու ենք մակեդոնացիներին ու գերմանացիներին, եւ բալկանցիներին պարտավոր ենք հաղթել՝ երկրորդ տեղը չզիջելու համար, այլապես հետո ստիպված ենք լինելու հետ նայել ու ափսոսալ, թե ինչպես 1-1 խաղացինք Լիխտենշտայնի հետ՝ զրկվելով օդի պես անհրաժեշտ 2 միավորից:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter