HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում մեծաքանակ թմրամիջոց և զինանոց է հայտնաբերվել (տեսանյութ)

«Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին երևանցի 30-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ սպիտակ բյուրեղանման զանգվածներ էին, գլանակ և ոսկերչական կշեռք: Բերման ենթարկվածը խոստովանեց, որ հայտնաբերվածը մեթամֆետամին է։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Պարզվեց, որ մեթամֆետամինը նրան պարբերաբար իրացնում է Երևան քաղաքի 46-ամյա մի բնակիչ՝ իր 24-ամյա որդու միջոցով։ Սեպտեմբերի 2-ին Արտաշատի խճուղում հայտնաբերվեցին և թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին Երևանի 46-ամյա բնակիչը, նրա 24-ամյա որդին և 44-ամյա մի տղամարդ։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ 44-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին 0,29 գրամ դեղնականաչավուն զանգված, մոխրացած հետքերով ապակյա կաթուցիչ և ինքնաշեն ապակյա ծխամորճ։ Ոստիկանությունում 44-ամյա տղամարդը նշեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իսկ ապակյա ծխամորճով օգտագործել էր կրիստալ։ Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեին, որ կրիստալը տղամարդուն իրացրել էր բերման ենթարկված 46-ամյա տղամարդը, ինչը հաստատվեց։

Ոստիկանները 46-ամյա տղամարդու հանցավոր գործունեության վերաբերյալ նաև այլ տվյալներ ունեին։ Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նա տարբեր վայրերում պահում է տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչպես և զենք ու զինամթերք։ Տղամարդը խոստովանեց և մատնացույց արեց թաքստոցը՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղը:

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, նշված վայրից իրավապահները հայտնաբերեցին 983 գրամ մեթամֆետամին, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ, փամփշտատուփ՝ լիցքավորված 7 փամփուշտով, արծաթագույն ատրճանակ, ատրճանակի փամփշտատուփ՝ 3 փամփուշտով, «ԱԿՄ» ինքնաձիգ, «ՌՊԿ» գնդացիր, 4 պայթուցիչ, պահունակ՝ լիցաքավորված 45 փամփուշտներով, ինքնաձիգի 24 պահունակ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30-ական փամփուշտներով, ինքնաձիգի կրակմարիչ, ինքնաձիգի 56 փամփուշտ, ազդանշանային 5 հրթիռ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, «ՌԳԴ» տիպի 1 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, զրահաբաճկոն, քիմիական նյութերի բանաձևեր, չափաբաժիններ և մատյան՝ որի մեջ գրված էին անուն-ազգանուններ ու գումարի չափեր։ Խուզարկվեց նաև նրա բնակության վայրը, որտեղից հայտնաբերվեցին 14,28 գրամ մեթամֆետամին, 6,82 գրամ ափիոն, 11 գրամ մարիխուանա, «Սայգա» ինքնաձիգ՝ 16 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 19 փամփուշտներով և ողորկափող հրացանի 33 փամփուշտ։

46-ամյա տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը բերել էր Արցախից, իսկ թմրամիջոցն իրացրել էր տարբեր անձանց։ Նշանակվել են փորձաքննություններ։Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter