HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԴՕՍԱԱՖ»-ի հրաձգարանը մասնատվել է․ տեղում բարձրահարկերով համալիր են նախագծում

Հայաստանի ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի 20 տարի ղեկավարած «ԴՕՍԱԱՖ» (Добровольная общество содействия армии, авиации и флоту) հասարակական կազմակերպությանը պատկանող հրաձգարանի շենքը մասնատվել է։ Սեփականատերերից մեկը «ԴՕՍԱԱՖ»-ի ավտոդպրոցի նախկին տնօրենի որդին է։ Մյուս սեփականատերերը բնակելի համալիր կառուցելու նպատակով նախագծման թույլտվություն են ստացել Երևան համայնքից։

Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետի 2021 թ.-ին տրամադրած նախագծման թույլտվությունները, նկատեցինք, որ «ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ին և 2 ֆիզիկական անձի տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք։ Ըստ այդ փաստաթղթի՝ սեփականատերերը ցանկանում են Երևանի բուսաբանական այգու անմիջապես հարևանությամբ բազմահարկ 4 շենք կառուցել։ 2021 թ.-ի մարտի 16-ին տրամադրված նախագծման թույլտվության մեջ որպես կառուցապատողներ գրված է. «Հայաստանի ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական ՀԿ, Վահե Աբրահամյան, Արմինե Մխիթարյան»։

Բնակելի համալիր նախագծելու համար տրամադրված փաստաթղթում նաև նշվում է, որ Ռուբինյանց փողոցի վրա գտնվող 0.92 հա մակերեսով հողակտորը բաղկացած է 4 առանձին հողակտորից։ Դրանք հասարակական շինությամբ են ծանրաբեռնված և ունեն ռելիեֆային թեքություն։ Սեփականատերերը պետք է պատրաստեն բնակելի մասնաշենքերից բաղկացած համալիրի նախագիծ։ Շենքերը պետք է ունենան առավելագույնը 63 մետր բարձրություն, շինություններն ու ճանապարհները պետք է կառուցվեն հողամասի մինչև 60 տոկոսում, մնացած 40 տոկոսը պետք է կանաչապատվի։

Նկար 1.jpg (332 KB)

Մենք պարզեցինք, որ Ավան վարչական շրջանում գտնվող կառուցապատման տարածքում կա 3 սեփականատեր։ Սեփականատերերից Վահե Աբրահամյանին է պատկանում 3000 քմ տարածքը, նա Արմինե Մխիթարյանի հետ որպես համասեփականատեր ունի նաև 1000 քմ տարածք, իսկ Գագիկ Հարությունյանն ունի ընդհանուր 4936 քմ(2468+2468 քմ) տարածք։

Շինությունն ու հողակտորը գտնվում են «ԴՕՍԱԱՖ»-ին պատկանող՝ «Գայի անվան ավտոդպրոցի» անմիջապես հարևանությամբ և սահմանակից են բուսաբանական այգուն։

Գագիկ Հարությունյանը «ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ին պատկանող «Երևանի Գայի անվան ավտոդպրոց» ՍՊԸ-ի նախկին տնօրեն, այժմ՝ տնօրենի օգնական Լյուդվիգ Հարությունյանի որդին է։ Զբաղեցնում է ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկման բաժնի պետի պաշտոնը։ 

Գագիկ Հարությունյան.jpg (717 KB)

Գագիկ Հարությունյանը

Նրա եկամուտների և ունեցվածքի հայտարարագրի համաձայն՝ այդ պաշտոնը ստանձնելու ժամանակ (2017թ․) ունեցել է 1 բնակարան, 2 ավտոմեքենա, հանձնած 17.3 միլիոն դրամ փոխառություն (կարող է լինել ավանդ), 1.5 միլիոն դրամ և 5 հազար ԱՄՆ դոլար։ 2017 թ.-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում 1 բնակարան և 1 ավտոկայանատեղի է գնել։

2020 թ.-ին Գագիկ Հարությունյանը 23 և 25 միլիոն դրամ արժողությամբ երկու գույք է ձեռք բերել «ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ից։ Նույն տարվա հայտարարագրում նշված է, որ Հարությունյանը 48 միլիոն դրամ վարկ է վերցրել «Ամերիաբանկ»-ից։

«ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի հրաձգարանի մյուս մասի սեփականատերերից Վահե Աբրահամյանը տարիներ առաջ ավտոդպրոցին պատկանող շինություններից մեկի տարածքի վարձակալ է եղել։

շենքը.jpg (398 KB)

Գույքերը, մինչև վերը նշված անձանց կողմից ձեռք բերվելը, որպես մեկ ամբողջական միավոր, պատկանել են «Հայաստանի ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական» հասարակական կազմակերպությանը։ ՀԿ-ն գույքը մասնատել և օտարել է մի քանի տարվա մեջ՝ մինչև 2020 թ.-ը։

Հայաստանի ազգային արխիվում պահպանվել են այն փաստաթղթերը, որոնց հիման վրա «ԴՕՍԱԱՖ»-ը ստացել է հողակտորը։ Պարզվում է, որ դեռևս 1970 թ.-ին Խորհրդային Հայաստանի Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ 1 հա հողակտորը հատկացվել է «ԴՕՍԱԱՖ»-ին հրաձգային (կրակային) դպրոց կառուցելու նպատակով։ Դպրոցը կառուցվել է, իսկ 2004 թ.-ին Երևան համայնքի ղեկավարը դպրոցի զբաղեցրած հողամասն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել է ՀԿ-ին։

նկար 2 արխիվ.jpg (560 KB)

«ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ն, իր կանոնադրության համաձայն (որը մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների), մինչև այսօր էլ զբաղվում է ռազմահայրենասիրական դաստիարակությամբ։ Կազմակերպության գլխավոր խնդիրը Հայաստանի պաշտպանության գործին օժանդակելն է, իսկ նպատակը՝ ռազմահայրենասիրական և մարզատեխնիկական աշխատանքն է ՀՀ քաղաքացիների և հատկապես երիտասարդության և դեռահասների շրջանում, հայրենասիրական, ռազմական, սպորտային, ավիացիոն և այլ ոլորտներում դաստիարակությունը։ Ինչ վերաբերվում է գույքին, ապա իրեն պատկանող գույքը կազմակերպությունն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների համար:

«ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի ներկայիս նախագահ Էդիկ Հակոբյանը տեղեկություններ չունի, թե ինչպես է մասնատվել և օտարվել ՀԿ-ին պատկանած հրաձգարան-դպրոցի շենքն ու հողամասը։ Հակոբյանին հայտնի չէ նաև, թե ինչու է Երևանի քաղաքապետի տրամադրած նախագծման թույլտվության մեջ նշված ՀԿ-ի անունը, քանի որ կառուցապատման համար նախատեսված հողակտորն ու շենքը այլևս ՀԿ-ի սեփականությունը չեն։ Հակոբյանը տեղեկացրեց, որ «ԴՕՍԱԱՖ»-ին հատկացված տարածքը, եթե օտարվում է, ապա ըստ սեփականաշնորհման ժամանակ եղած պայմանի՝ պետք է համայնքին վճարվի գույքի կադաստրային արժեքը։ Այսինքն՝ հրաձգարանի շենքի և հողատարածքի վաճառքից գոյացած գումարի հիմնական մասը վճարվել է Երևան համայնքին՝ որպես կադաստրային արժեք։

Հանդիպեցինք և պարզաբանումներ փորձեցինք ստանալ «Գայի անվան ավտոդպրոցի» նախկին տնօրեն, ներկայում տնօրենի օգնական Լյուդվիգ Հարությունյանի հետ։ Նա մեզ համար շրջայց կազմակերպեց ավտոդպրոցի տարածքում, ցույց տվեց իր որդու սեփականությունը դարձած տարածքները։ Մանրամասն ցույց տվեց, թե ինչ անմխիթար վիճակում է գտնվում շենքը (բետոնե հենասյուները կքել էին պանելների ծանրությունից) և պատմեց, թե ինչպես է անլուծելի մնացել հարևան շենքի կոյուղու հարցը, որի պատճառով շինության հարակից հողերը ճահճացել են, և գարշահատություն է տարածվել։

Լյուդվիգ Հարությունյանի հետ մեր զրույցից տպավորություն ստեղծվեց, որ տարածքի փաստացի տերը ոչ թե նրա՝ ոստիկանությունում աշխատող որդին է, այլ հենց ինքը։ Հարությունյանն այդ տարածքի շուրջ բիզնես ծրագրեր էր կազմել։

Ավտոդպրոցի տնօրենի օգնականի համար անհասկանալի է, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանը նախագծման թույլտվություն տրամադրել տարածքի մյուս սեփականատերերին ամբողջ տարածքում շինարարական նախագիծ կազմելու համար։ Դա էլ այն պայմաններում, որ սեփականատերերն իրար հետ առանձնապես գործընկերային հարաբերություններ չունեն։ Ինչպես ԴՕՍԱԱՖ-ի տնօրենը, այնպես էլ Հարությունյանը զարմացած են, թե ինչու է նախագծման թույլտվության մեջ «ԴՕՍԱԱՖ»-ի անունը գրվել:

Այս մասին «Հետքը» պարզաբանում կստանա քաղաքապետարանից և կհրապարակի հաջորդիվ։

Հեղինակ՝ Անուշ Բարսեղյան, Սուսաննա Մատինյան

Լուս.՝ Անի Ղուլինյանի

Համակարգող՝ Տիրայր Մուրադյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter