
Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հոսքը դեռևս չի վերականգնվել
Այս տարվա առաջին կիսամյակում (2021թ. հունվար-հունիս) Հայաստան է այցելել 239 263 միջազգային զբոսաշրջիկ: Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 68 327-ով կամ 22.2%-ով: Շեշտենք, որ նախորդ տարվա զբոսաշրջիկների թիվը պայմանավորված էր առաջին եռամսյակի այցելություններով, քանի որ երկրորդ եռամսյակում զբոսաշրջային այցելություններ չեն արձանագրվել: Այդ պատճառով, եթե համեմատենք միայն երկրորդ եռամսյակի ցուցանիշները, ապա, բնականաբար, աճ կունենանք նախորդ տարվա համեմատ, բայց ոչ՝ նախաքովիդյան 2019-ի:
Միայն այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստան է այցելել 152 739 զբոսաշրջիկ: Համեմատության համար՝ 2019 թվականի երկրորդ եռամսյակում այցելուների թիվը կազմել է 405 566:
Կիսամյակային տվյալներով ևս վերջին առնվազն հինգ տարվա կտրվածքով 2021-ը ամենացածրն է:
Այդպիսով, կարող ենք փաստել, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հոսքը դեռևս չի վերականգնվել:
Հյուրանոցներում հանգրվանել է զբոսաշրջիկների 34.4%-ը
Այս տարվա հունվար-հունիսին զբոսաշրջիկներից միայն 82 392-ն է տեղավորվել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում: Նրանք կազմում են զբոսաշրջային հոսքի 34.4%-ը: 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ հյուրանոցներում հանգրվանածների թիվն աճել է 16.7%-ով:
Վիճկոմիտեն հաշվարկում է, թե հյուրանոցում հանգրվանած զբոսաշրջիկները որ երկրներից են եկել: Ըստ այդ տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած և հյուրանոցներում հանգրվանած միջազգային զբոսաշրջիկների ամենամեծ մասը՝ 44.7%-ը, Ռուսաստանի քաղաքացիներ են: Երկրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են (13.4%): Ցանկում հաջորդում են Միացյալ Նահանգները (5.5%), Ֆրանսիան՝ (4.3%) և Գերմանիան՝ (2.8%):
Մնացած զբոսաշրջիկները հանգրվանել են բարեկամի կամ հարազատի տանը կամ վարձով տրվող բնակարաններում:
Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:
Հանգիստ և գործ. ինչ նպատակով են զբոսաշրջիկները Հայաստան եկել
2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 37%-ը հանգստի և ժամանացի նպատակով է այցելել: 27.8%-ին գործնական նպատակներն են Հայաստան բերել: Բավականին փոքր է կրթության (0.1%) և բուժման (0.4%) նպատակով ժամանած զբոսաշրջիկների թիվը:
Իսկ 34.7%-ը Հայաստան է ժամանել այլ նպատակով:
Առաջին կիսամյակում Հայաստանից մեկնողների թիվը կրճատվել է 57.9%-ով
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից զբոսաշրջության նպատակով արտասահման է մեկնել 115 546 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այս թիվը կրճատվել է 158 889-ով կամ 57.9%-ով:
Տվյալները ցույց են տալիս, որ ինչպես Հայաստան ժամանողների հոսքը չի վերականգնվել, այնպես էլ՝ Հայաստանից մեկնողների:
Մեկնաբանել