HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ-ն միանում է «100 տուն Արցախում» ծրագրին

Երևանի պետական համալսարանը միանում է Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին և ֆինանսավորում մեկ տան կառուցում: Այս մասին հայտնում են համալսարանի լրատվության բաժնից։

«100 տուն Արցախում» նախագծի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Այս ծրագրով կառուցվելու են բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ ծրագրին միանալու գաղափարը քննարկվել է ռեկտորատի նիստում և հավանության արժանացել.

«Մենք որոշեցինք, որ համալսարանն անմասն չպետք է մնա այս ծրագրից, և որոշում կայացրինք մեր խնայողությունների հաշվին միանալ նախագծին՝ դրանով ցույց տալով, որ ԵՊՀ-ն մնում է այն համոզմանը, որ Արցախը և արցախահայությունը մշտապես պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»:

Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՊՀ-ն պետք է ձեռք մեկնի և որոշակիորեն մեղմի այն ցավալի կորուստը, որ տեղի է ունեցել պատերազմի պատճառով. 

«Թե՛ հայրենասիրական, թե՛ մարդկային և թե՛ այլ արժեքների տեսանկյունից սա շատ կարևոր քայլ է, որ իրականացնում է ԵՊՀ կոլեկտիվը։ Մենք մշտական կապի մեջ ենք Արցախի հետ: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը վերակենդանանա, Արցախն ապրի ու գոյատևի, և որ արցախահայությունն իրեն երբևէ մենակ չզգա: Այնպիսի խոշոր կառույց, ինչպիսին Մայր բուհն է, չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից»,- ասել է ռեկտորի պաշտոնակատարը։

Նրա տեղեկացմամբ՝ մյուս շաբաթվա ավարտին ԵՊՀ պատվիրակությունը կմեկնի Արցախ և կմասնակցի տան հիմնարկեքի արարողությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter