HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քռի թաղի տրանսֆորմատորի ճակատագիրը

Սուրճ էի խմում, երբ մայրս զանգեց ու ասաց՝ արագ պատրաստվեմ, մեքենան հանեմ ավտոտնակից, սպասեմ իրեն: Ասաց՝ եկել են իր հայրական թաղամասի տրանսֆորմատորը տանեն, պիտի գնանք։

Տեղ հասանք այն ժամանակ, երբ Հրազդանից ժամանած մեր հյուրը կանանց ուղղորդում  էր՝ գնալ տուն ու զբաղվել տան գործերով, չխառնվել տղամարդկանց հարցերին։

Մի փոքր նախապատմություն․ տրանսֆորմատորը, որի համար արդեն քանի օր է Լիճքի բնակիչները պայքարում են, ձեռք են բերել 90-ական թվականներին՝ թաղամասի բնակիչների միջոցներով։  Քռի բնակիչները գրեթե երկու ամիս ապրել են առանց հոսանքի։ Սեփական նախաձեռնությամբ կառուցել են հատուկ ենթաէլեկտրակայանը ուշ  աշնանը։ Հոսանքի լարերը ևս թաղի բնակիչներն են մոնտաժել։ Երկար տարիներ այս նախաձեռնությունը ապահովել է գյուղացիներին անխափան էլեկտրաէներգիայով։ Մինչև այն պահը, երբ գալիս են հատուկ լիազորություններով օժտված անձինք և ասում, որ ենթաէլեկտրակայանը չի աշխատում, և 400 կՎտ հզորությամբ ենթակայանը, որը հատկապես մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում ձմռանը, փոխարինում են 160 կՎտ հզորությամբ ենթակայանով։ Գյուղացիներն ավելի ուշ են հասկանում, թե ինչ է կատարվում և մեքենաներով փակում են փողոցի ելքերը ու գիշերը հսկում, որ իրենց տրանսֆորմատորը չտանեն։

Այսօր ժամանած մեր հյուրերը, իրենց խոսքով, եկել էին համոզելու գյուղի բնակիչներին, որ պետության կողմից տեղադրված 160 կՎտ հզորությամբ ենթակայանի դիմաց պետք է տանեն գյուղի բնակիչների գումարներով գնված  400 կՎտ հզորությամբ ենթակայանը։

Թաղամասի բնակիչները բացատրում էին, որ իրենց տեղադրածը չի ապահովում  անհրաժեշտ քանակի էներգիայով, հոսանքի տատանումներ են տներում, տեխնիկան փչանում է։ Թաղամաս ջուր բարձրանում է հատուկ պոմպերի միջոցով, որոնք ևս էլեկտրական են։ Տներում սովորաբար երկուսից ավելի սառնարան կա, հեռուստացույցներ, էլեկտրատաքացուցիչներ և այլ սարքավորումներ։

Հատուկ լիազորություններով մեր հյուրերը առաջարկում էին, որ մեր 400 կՎտ հզորությամբ ենթակայանը տանեն դնեն իրենց պահեստում, եթե ձմռանը իրենց տեղադրածը չարդարացնի իրեն, հետ բերեն, նորից տեղադրեն գյուղի ունեցածը։

Գյուղացիները իրենց հերթին առաջարկեցին տրանսֆորմատորը դնել հարևանի տան բակում՝ հատուկ պայմաններ ապահովելով։ Եվ եթե նոր տեղադրված տրանսֆորամատորը չապահովի անհրաժեշտ էներգիան, ավելի արագ հետ տեղադրեն։ Բայց հյուրերը նորից պնդում էին, որ հնարավոր չէ, պետք է գյուղացիների ձեռք բերած գույքը պահվի իրենց պահեստում։

Համոզել գյուղացիներին, որ իրենց գույքը տան, չստացվեց, հերթը հասավ գյուղացու պահանջին ի պատասխան անձնական վիրավորանք հասցնելուն։ Սպասվող բախումը բարեբախտաբար կանխվեց գյուղացիների կողմից, մեր հյուրերը հեռացան առանց որևէ արդյունքի։

Թաղի բնակիչներին մնում էր հիշել իրենց ծանր օրերը առանց էլեկտրականության ու քննարկել, թե ինչպես են նոր տրանսֆորմատորի լույսերը թրթռում, և փչացնում իրենց տեխնիկան։

Վախ կա, որ գիշերը նորից թաքուն կփորձեն տանել թաղի սեփականությունը։ 

Աննա Արզումանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter