HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

FBI-ը գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջին փաստաթուղթը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) հրապարակել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջին փաստաթուղթը։ Ավելի վաղ, փաստաթղթերի գաղտնազերծման վերաբերյալ հրամանագիր էր ստորագրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ 

16 էջանոց փաստաթուղթը թվագրվում է 2016 թվականի ապրիլի 4-ով։ Ինչպես գրում է Associated Press-ը, փաստաթուղթը պարունակում է հարցաքննության հակիրճ շարադրանք, որը 2015 թվականին իրականացվել է մի մարդու հետ, որն ԱՄՆ-ում հաճախ շփվել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիների հետ, որոնք աջակցում էին ահաբեկչության առաջին մասնակիցներին։ 

Փաստաթղթում մանրամասն նկարագրվում են ահաբեկիչների շփումները ԱՄՆ-ում գտնվող սաուդյան համախոհների հետ, սակայն չկան ապացույցներ, որ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչները մասնակից են եղել դավադրության կազմակերպմանն ու իրականացմանը։ 

Ավելի վաղ, ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանությունը ողջունել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների փաստաթղթերի գաղտնազերծման վերաբերյալ որոշումը, որպեսզի «մեկընդմիշտ վերջ դրվի Թագավորությանն ուղղված անհիմն մեղադրանքներին»։ Դեսպանությունում «կատարյալ սուտ» են համարում ահաբեկչություններին Սաուդյան Արաբիայի մասնակցության վերաբերյալ պնդումները։ 

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին մասնակցած 19 ահաբեկիչներից 15-ը եղել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ։ Ընդհանուր առմամբ, Նյու Յորքում, Վաշինգտոնում և Փենսիլվանիայում ահաբեկչական գործողություններին զոհ է գնացել 2996 մարդ, ներառյալ` 19 ահաբեկիչները, վիրավորվել՝ շուրջ 25 000-ը։ 24 մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած։

Սա մարդկության պատմության զոհերի թվով ամենախոշոր ահաբեկչական գործողությունն է։ Ահաբեկիչների չորս խմբեր առևանգել էին ուղևորատար չորս ինքնաթիռ, որոնցից երկուսը Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում մխրճվել էին Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների մեջ։ Երկնաքերերը փլուզվել էին։ Երրորդ ինքնաթիռն ուղղվել էր Վաշինգտոնի մոտ գտնվող Պենտագոնի շենքի ուղղությամբ։ Չորրորդ ինքնաթիռի անձնակազմն ու ուղևորները փորձել էին ահաբեկիչներից խլել ինքնաթիռի կառավարումը, որի արդյունքում այն ընկել էր Փենսիլվանիա նահանգի Շանքսվիլ շրջանի դաշտերից մեկում։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter