HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորի թեկնածուն 6 տարբեր ընկերությունով Վայոց Ձորում ֆոտովոլտային կայաններ է կառուցելու

2018 և 2021թթ. տարբեր կուսակցություններից պատգամավորի թեկնածու, վայքեցի Կառլեն Մինասյանն իր գործընկերների հետ Վայոց Ձորում ֆոտովոլտային 6 կայան է կառուցելու: Դրանցից 4-ը լինելու է Հերհեր գյուղում, 2-ը` Ազատեկում:

Կառուցողը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել առանձին նախագծեր, որոնք, սակայն, փոխկապակցված են և ընդհանուր տեղեկություններ են պարունակում կայանների վերաբերյալ:

Կառլեն Արամի Մինասյանը 2018թ. «Մենք» դաշինքի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքի վարկանիշային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածուների ցուցակում 7-րդ էր: «Մենք» դաշինքը, հիշեցնենք, ստեղծվել էր Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունների հուշագրով ԱԺ 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով և ստացել էր ձայների 2%-ը:  

2021թ.-ի խորհրդարանական ընտրություններին նույն անձն առաջադրվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, ցուցակում 20-րդն էր: ԲՀԿ-ն, հիշեցնենք, չստացավ ընտրողների համապատասխան քվեն խորհրդարան մտնելու համար:

Նշենք, որ որպես թեկնածու` ԲՀԿ-ի ցուցակից հայտարարագրած դրամական միջոցներով Կառլեն Մինասյանը երրորդն էր. նա հայտարարագրել էր 200 մլն դրամ, 170 հազար ԱՄՆ դոլար և 60 հազար եվրո:

Սակայն մինչ 2021թ. ընտրությունները, Կառլեն Մինասյանը 2019թ. հոկտեմբերին իր գործընկերների` եղբայրներ Անուշավան և Արթուր Վահանի Հովհաննիսյանների հետ 5 տարբեր ընկերություն է հիմնադրել և դիմել Հերհեր և Ազատեկ համայնքներում ֆոտովոլտային կայաններ կառուցելու համար: Այդ նպատակով նշված ընկերությունները գյուղատնտեսական նշանակության հողեր են ձեռք բերել սեփականության իրավունքով` յուրաքանչյուր կայանի համար շուրջ 5 հա, կատեգորիան փոխել արդյունաբերականի, ստացել ֆոտովոլտային կայաններ կառուցելու լիցենզիաներ և դիմել ՇՄՆ փորձաքննության համար:

Այդպիսով, «Սուն սոլար», «Այ Սոլար», «Սրմ Սոլար» և «Դուստր Սոլար» ՍՊԸ-ները կայանները կառուցելու են Հերհեր համայնքում: Ինչպես արդեն նշեցինք, արևային կայանի տարածքը և օդային գիծը սեփականության իրավունքով պատկանում են նշյալ չորս ընկերությանը, որոնց գործունեությունը և կանխատեսվող ազդեցությունը գործնականում նույնն են:

Գյուղատնտեսական հողերը դառնում են արդյունաբերական

«Սուն սոլար»-ի Ֆոտովոլտային էլեկտրակայանը կառուցվելու է Հերհեր գյուղի Վառված սարի 16 հողամասերում և զբաղեցնելու է 5.4 հա: Այն ունենալու 5 ՄՎտ դրվածքային հզորություն:

«Դուստր Սոլար» ՍՊԸ-ի կայանը Հերհեր գյուղի Վառված սարի 12, 13, 15 հողամասերում է լինելու: Կառուցելու է 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Ֆոտոէլեկտրական կայանի զբաղեցրած մակերեսը՝ 5.06 հա է:

«Արմ Սոլար» ՍՊԸ-ն Հերհեր գյուղի Վառված սարի 8 և 9 հողամասերում է կառուցելու 5 ՄՎտ դրվածքային հզորությամվ ֆոտովոլտային կայանը: Կայանի զբաղեցրած մակերեսը՝ 5.64 հա:

«Այ Սոլար» ՍՊԸ-ն Հերհեր գյուղի Վառված սարի 16, 17, 18 և 19 հողամասերում է կառուցելու 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանը: Ֆոտոէլեկտրական կայանի զբաղեցրած մակերեսը 5.11 հա է:

«ԷԴՄ Սոլար» ՍՊԸ-ն էլ, «ԷՏ Սոլար» ՍՊԸ-ի հետ համատեղ, Վայող Ձորի մարզի Ազատեկ համայնքում է իրականացնելու արևային կայանի նախագծման, կառուցման և շահագործման աշխատանքներ:

«ԷԴՄ Սոլար» ՍՊԸ-ի արևային կայանը 5000 կՎտ դրվածքային հզորությամբ է լինելու, և զբաղեցնելու է 4.5 հա մակերես: «ԷՏ Սոլար» ՍՊԸ-ի նախագիծը դեռևս ներկայացված չէ ՇՄՆ կայքում, սակայն քանի որ առաջինում նշված է, որ համատեղ են իրականացնելու գործունեություն, ենթադրվում է, որ նույնչափ տարածք էլ այս ընկերության կայանն է զբաղեցնելու:

Չնայած նրան, որ Վայոց Ձորի մարզը բավականին հարուստ է բնական էկոհամակարգերով և կենսաբազմազանությանբ` նախագծողները նշել են, որ բուն ուսումնասիրվող տարածքներում դրանք գրեթե բացակայում են:

Նախատեսվող գործունեության տարածքը ծառածածկ չէ, կան թփուտային բուսատեսակներ: Ռելիեֆը ժայռային է, աղքատ հողաբուսաշերտով:

«Նախատեսվող աշխատանքների համար ընտրված տեղամասերը ենթարկված են անտրոպոգեն ազդեցության, քանի որ այդ տարածքները և շրջապատող լանջերը օգտագործվել և օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով, մասնավորապես, որպես սեզոնային արոտավայրեր: Այս ամենը հանգեցրել է նրան, որ ուսումնասիրվող տեղամասերում և հարակից տարածքներում բնական էկոհամակարգերը ներկայում խիստ փոփոխված և դեգրադացված են, իսկ բուն նախատեսվող աշխատանքների համար ընտրված տեղամասերում բուսականությունը գրեթե բացակայում է»,- նշված է Հերհերում կառուցվող կայանների ՇՄԱԳ նախագծերում:

Սեփականության վկայականներում կայանների հողատարածքները նշված է որպես գյուղատնտեսական, խոտհարք: Սակայն այդ տարածքների հողերի նշանակությունը փոխված է էներգետիկ նշանակության: Ստացվում է, որ ֆոտովոլտային կայանների համար շուրջ 30 hա գյուղատնտեսական հող է օգտագործվելու:

«Սուն սոլար», «Այ Սոլար», «Սրմ Սոլար» և «Դուստր Սոլար» ՍՊԸ-ներում Կառլեն Մինասյանը ներգրավվածությունը տարբեր է: Օրինակ` «Սուն սոլար»-ում նրա հայրը` Արամ Կառլենի Մինասյանը, 51 տոկոսի մասնակիցն է, Արշակ Հովհաննիսյանը` 49%: «Այ Սոլար»-ում հակառակն է` Արամ Մինասյանը` 49, իսկ Արթուր Հովհաննիսյանը` 51:

«Սրմ Սոլար»-ում Կառլեն Մինասյանն է 51 %-ին տիրապետում, Արշակ Հովհաննիսյանը` 49-ին: «Դուստր Սոլար»-ում կրկին հակառակն է` Կառլեն Մինասյանը` 49-ի, Արթուր Հովհաննիսյանը 51 տոկոսի սեփականատերն է:

«ԷԴՄ սոլար»-ում Կառլեն Մինասյանը 100 տոկոս բաժնետեր է, «Էտ սոլար»-ում բաժնետերը Քաջարանում հաշվառված Էլմիր Արշավիրի Մելիքյանն է: Վերջինս երևում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Գևորգ ՊԵտրոսյանի կնոջ` Նվարդ Վանյանի հայտարարագրում. Էլմիր Մելիքյանը Նվարդ Վանյանին 12,7 մլն դրամի գույք է վաճառել:

 Հանքարդյունաբերությամբ պատգամավորի թեկնածուն նույնպես հետաքրքրված է

Կառլեն Մինասյանը 70 բաժնեմասի մասնակցություն ունի նաև «Վայք Ռեսուրսիս» ՍՊԸ-ում, որը գրանցվել է այս տարվա մարտին: Ընկերությունը Ազատեկ գյուղի տարածքում 2021-2024թթ. ժամանակահատվածում  երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու հայտ է ներկայացրել: Այստեղ Կառլեն Մինասյանի գործընկերներից մեկը նախկին պաշտոնյայի հետ առնչությեւն ունեցող անձ է: 10 %-ի մասնակցություն ունեցող Տիգրան Արշակյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Վահագն Արշակյանի եղբայրն է։ Վահագն Արշակյանը նախկին նախարար Զարուհի Բաթոյանի խորհրդականն էր 2020-ի հունվարից մինչև 2020-ի սեպտեմբերը։ 20 % մասնակցություն ունեցող Տարոն Նավասարդյանն էլ «Լիդիանի» երկրաբնապահպաններից է:

Կառլեն Մինասյանը, Տիգրան Արշակյանը և Տարոն Նավասարդյանը բաժնետեր են նաև «Լայմ սթոն» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը քվարցիտներ է որոնելու Վայոց Ձորի Արփի բնակավայրում։

Կառլեն Մինասյանը հանքարդյունաբերությանն առնչվող մեկ այլ ընկերություն է գրանցել այս տարվա ապրիլին` «Մալիշկա ռեսուրսիս» ՍՊԸ-ն, որտեղ 40% մասնակցություն ունի: Այստեղ ևս Տիգրան Արշակյանը 20% մասնակցություն ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter