HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ վարկառու դատավորը քննում է իրեն վարկ տված բանկի գործը

Հայաստանում քաղաքացիական գործեր քննող դատավորներին է վերապահված նաև ֆինանսական կազմակերպություններին վերաբերող գործերի լուծումը: Նրանք քննում են նաև այն բանկին, վարկային կազմակերպությանը վերաբերող գործերը, որոնցից վարկ են վերցրել կամ այնտեղ ավանդ ունեն: Այդ մասին դատավարության կողմերը տեղյակ չեն, քանի որ դատավորները չեն հայտնում, որ պայմանագրային փոխհարաբերություններ ունեն բանկերի հետ:

Ուսումնասիրել ենք քաղաքացիական գործեր քննող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների 2019-2020թթ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերը:

Պարզվեց, որ 2019թ.-ին 28 դատավոր բանկերում և վարկային կազմակերպություններում փոխառություն է ունեցել, 22 դատավոր էլ՝ ավանդ կամ ներդրում: 2020թ.-ին 28 դատավոր ունեցել է փոխառություն, իսկ 19-ը՝ ավանդ կամ ներդրում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը 2019թ.-ին 38 մլն 255 հազար դրամ փոխառություն է վերցրել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից, որն էլ ամբողջությամբ հանձնել է բնակարանների շինարարությամբ զբաղվող «Սիամս» ՍՊԸ-ին: Այլ կերպ ասած՝ դատավոր Ավետիսյանը հիփոթեքով բնակարան է գնել:

Ավետիսյանը «Ինեկոբանկ»-ից 18 մլն 901 հազար դրամ վարկ էլ վերցրել է 2020թ.-ին:

«Դատալեքս» տեղեկատվական պորտալի միջոցով, պատահականության սկզբունքով, ուսումնասիրել ենք դատավորի 2019թ. մայիս ամսվա դատական գործերը: Նշված ժամանակահատվածում դատավորի վարույթում գտնվել է 31 գործ, որոնցով հայցվորը «Ինեկոբանկ»-ն է եղել. բոլոր գործերով հայցադիմումները բավարարվել են հօգուտ բանկի:

Դատավորից փորձեցինք տեղեկանալ՝ արդյոք բանկի նկատմամբ ունեցած իր խոշոր վարկային պարտավորությունը չի կաշկանդում իրեն նույն բանկի գործերը քննելիս և արդյոք «Ինեկոբանկ»-ին վերաբերող դատական գործերով կողմերին հայտնում է, որ բանկի հետ ունի պայմանագրային փոխհարաբերություններ:

Հարցերը լսելուց հետո, որոշ ժամանակ անց աշխատակազմից փոխանցեցին. «Դատավոր Ավետիսյանը խիստ ծանրաբեռնված է, այդ պատճառով չի կարող խոսել»:

Մեկ այլ դեպքում Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մատինյանը 2019թ.-ին դարձյալ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից վերցրել է 49 մլն 896 հազար դրամ վարկ: Դատավորը նույն տարվա վերջում 49 մլն 800 հազար դրամ հանձնած փոխառություն է ունեցել նույն բանկին:

Մատինյանը «Ինեկոբանկ»-ում մոտ 49 մլն դրամի վարկ ու ավանդ էլ ունեցել է 2020թ.-ին:

Դատավորը 2019թ.-ի մայիսին «Ինեկոբանկի» հայցադիմումի հիմքով ունեցել է 38 հայցադիմում, որից 34-ը լուծվել է բանկի օգտին, 2-ը՝ կարճվել է, 2-ն էլ անավարտ է եղել:

Դատավոր Մատինյանի աշխատակազմից էլ խոստացան նույն հարցերի վերաբերյալ հաջորդ օրը պատասխանել, սակայն դատավորն այդպես էլ չպատասխանեց:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանը ևս պայմանագրային փոխհարաբերություններ է ունեցել բանկի հետ: Մասնավորապես, 2019թ.-ին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ից վերցրել է 24 մլն դրամ վարկ:

Մի դեպքում՝ 24 մլն, մեկ այլ դեպքում 4 մլն 800 հազար դրամ փոխառություն է հանձնել «Ջաֆ» ՍՊԸ-ին: Վերջինս Երևան քաղաքում զբաղվում է բնակարանաշինարարական ծրագրերով: Այս դեպքում ևս ստացվում է, որ դատավոր Մարգարյանը հիփոթեքով բնակարան է գնել: Դատավորը 2019թ. մայիսին Կոնվերս բանկին վերաբերող 3 դատական գործ է ունեցել. բոլորն էլ բավարարվել են:

Մանուկ Մարգարյանը նույնպես պարզաբանում չտվեց:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալֆրեդ Վարդանյանը 2019թ. ունեցել է 3500 ԱՄՆ դոլար ավանդ, իսկ 2020թ.-ին դարձյալ ունեցել է նույն չափի ավանդը, բացի այդ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից վերցրել է 4 վարկ՝ ընդհանուր 7 մլն դրամ, իսկ «Ակբա բանկ» ՓԲԸ-ից՝ մոտ 1 մլն 500 հազար դրամ:

Դատավորը 2020թ. մայիսին «Ինեկոբանկ»-ի վերաբերյալ ունեցել է 12 դատական գործ, որից 8-ը բավարարել է, 2-ը՝ մերժել, իսկ 2-ը՝ վերադարձրել:

Ալֆրեդ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարկեր վերցնելն ու այդ նույն բանկերի գործերը քննելու առումով բացարձակ կաշկանդվածություն չունի:

«Դա նույնը կլինի, որ հեռախոսից չօգտվենք, որովհետև կապի ծառայությունների գործեր ենք քննում, ջուր չխմենք, հոսանք չմիացնենք, որովհետև ջրի, էլեկտրական ցանցերի վերաբերյալ գործեր ենք քննում: Դա նույն տրամաբանության մեջ կլինի և բացարձակ կաշկանդվածություն չկա»,- պատասխանեց դատավորը:

Ինչ վերաբերում է նիստի ժամանակ պայմանագրային փոխհարաբերությունները բացահայտելուն, ապա, ըստ դատավոր Ալֆրեդ Վարդանյանի, օրենքով նախատեսված ինքնաբացարկի հիմքերի մեջ չի մտնում պարտադիր բացահայտում:

Հարցին, թե բանկի հետ ունեցած վեճով կողմերից մեկը տեղյակ չէ, որ դատավորն ունի պայմանագրային փոխհարաբերություն բանկի հետ և ոչ բոլոր քաղաքացիները կարող են դատավորի հայտարարագրից պարզել այդ փաստը, արդյոք անհրաժեշտություն չի՞ տեսնում, որ հենց նիստի ժամանակ բացահայտվի:

«Դրա համար այլ ծառայությունների հետ համեմատություն արեցի: Բանկ, «Վեոլիա Ջուր», էլեկտրական ցանցեր, Գազպրոմ, կապի ծառայությունները հավասարազոր են: Պաշտոնը թողնենք մի կողմ, մենք բոլորս այս երկրի քաղաքացիներ ենք, օգտվում ենք ծառայություններից, որոնք մատուցվում են երկրում, այլ տարբերակ չունենք: Հետևաբար ցանկացած դատավոր օգտվում է այն հրապարակային ծառայություններից, որոնք առաջարկվում են բոլոր քաղաքացիներին հավասարապես: Հետևաբար նման դեպքերի համար առանձնահատուկ բացահայտման օրենքով նախատեսված պահանջ և անհրաժեշտություն ուղղակի չկա»,- պատասխանեց դատավոր Վարդանյանը:

Ի տարբերություն այլ ծառայությունների սակագների, որոնք բոլորի համար նույնն են, բանկերն ունեն խաղի այլ կանոններ և տեղեկությունները պաշտպանվում են «բանկային գաղտնիքով»: Հետևաբար՝ դատարանում վեճ ունեցող սուբյեկտը չի կարող վստահ լինել, որ բանկն առանձնահատուկ մոտեցում չի ցուցաբերի իր գործերը քննող դատավորի նկատմամբ: Այս դիտարկմանն ի պատասխան Ալֆրեդ Վարդանյանն ասաց.

«Ես իմ անունից կարող եմ ասել, որ իմ կարծիքով բացարձակ ռիսկ չի պարունակում, հրապարակային ծառայությունների մատուցում նախատեսված է բոլորի համար»:

Այստեղ հավաքել ենք բոլոր այն դատավորներին, ովքեր, 2019-2020թթ., վարկ կամ ավանդ ունենալով բանկում, քննել են տվյալ բանկի հետ կապված գործեր։ Այս շտեմարանից օգտվելով՝ բանկերի հետ դատական վեճի մեջ գտնվող ընթերցողները կարող են տեղեկանալ՝ արդյոք գործը քննող դատավորը պայմանագիր ունի՞ տվյալ բանկի հետ, թե՞ ոչ։ 

 

Այնուամենայնիվ, ռիսկեր կան

Դատավոր-բանկ/վարկային կազմակերպություն պայմանագրային փոխհարաբերությունների վերաբերյալ գրավոր հարցեր էինք ուղարկել նաև Բարձրագույն դատական խորհրդին: ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը հայտնել է, որ Խորհուրդը քաղաքացիական գործեր քննող դատավորների վարկերի, ավանդների վերաբերյալ տեղեկատվությանը չի տիրապետում:

Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյոք վարկատու բանկի մասնակցությունը գործին ինքնին պարունակում է կոռուպցիոն ռիսկ և հանդիսանո՞ւմ է դատավորին կաշկանդող փաստ, Դավիթ Խաչատուրյանի դիտարկմամբ՝ կախված է գործի կոնկրետ հանգամանքներից:

Ըստ ԲԴԽ անդամի՝ իրավիճակը տարբեր է, երբ դատավորը գործի քննության ընթացքում դիմում է վարկ ստանալու համար, բայց դեռ չի ստացել, դիմումը քննարկման փուլում է, իսկ մյուս դեպքում, երբ դատավորը վարկը ստացել է նախքան գործի քննությունը՝ մյուս վարկառուների հետ հավասար պայմաններում:

Հետաքրքրվել էինք, ԲԴԽ-ն երբևէ քննարկե՞լ է վերը նշված հարցերը և ի՞նչ եզրահանգման է եկել:

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը պատասխանել է, որ հարցը քննարկվել է միայն աշխատանքային ձևաչափով, դրանք կարգապահական վարույթի շրջանակներում քննության առարկա չեն հանդիսացել:

«Միաժամանակ հայտնում ենք, որ սույն թվականի հունիսի 1-ին Արդարադատության ակադեմիայի, Վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում: Թեմաներից մեկը եղել է դատավորների բարեվարքության և անաչառության ապահովումը՝ այդ թվում դատավորի կողմից գործին մասնակցող վարկային կազմակերպությունում վարկ ստանալու հանգամանքի բացահայտումը»,- նշում է Դ. Խաչատուրյանը:

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առերևույթ ռիսկեր շահերի բախման կամ շահերի համընկնում տվյալ պարագայում չի տեսնում, քանի որ բանկերը ևս ծառայություն մատուցող կազմակերպություններ են, և տվյալ դեպքում դատավորը պարզապես օգտվում է ծառայությունից: Այն հանգամանքը, որ դատավորը օգտվում է տվյալ բանկի ծառայություններից, ինքնաբացարկի կամ բացարկի հիմք լինել չի կարող։

«Այլ հարց է, երբ դատավորը պրոբլեմատիկ խնդիր ունի բանկի հետ, որի գործերը քննում է»,- նշեց փաստաբան Գյոզալյանը՝ ընդգծելով, որ այդ դեպքերում առերևույթ շահերի բախում առկա է, քանի որ երբ դատավորը պրոբլեմատիկ վարկառու է, ապա ստվերային համաձայնությունների կայացման ողջամիտ կասկածի առիթ կարող է հանդիսանալ։ Այսինքն՝ ողջամիտ կասկած կարող է առաջանալ, որ դատավորը կարող է գնալ այդ քայլին իր գույքի չբռնագանձման կամ իր անձնական շահից բխող այլ նպատակներով։

Փաստաբանը նշեց, որ իր պրակտիկայում չի արձանագրվել դեպք, երբ դատարանում դատավորը նշի իր բանկային ավանդներ կամ վարկեր ունենալու հանգամանքը տվյալ բանկի գործերը քննելիս։

Մեկ այլ փաստաբան Գևորգ Դավթյանն էլ նշեց, որ ռիսկեր, այնումաենայնիվ, առկա են, սակայն ռիսկերը հիմնականում վերաբերում են այն դեպքերին, երբ դատական գործերը խնդրահարույց են։ Այսինքն՝ այն դեպքերում, երբ դատարան ներկայացված տվյալներով և փաստերով դատարանը կարող է որոշում կայացնել ինչպես հայցվորի, այնպես էլ պատասխանողի օգտին, ապա ռիսկը բավական մեծ է, և այդ գործերն առանձնակի ուսումնասիրման կարիք ունեն։

Փաստաբանի դիտարկմամբ՝ ռիսկը զգալի ավելանում է հատկապես այն դեպքում, երբ դատավորը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Օրինակ, եթե դատավորը երկու ամիս չի կատարում իր պարտավորությունները և ոչ մի տույժ-տուգանքի չի արժանանում բանկի կողմից՝ այդ ընթացքում քննելով բանկի համար խնդրահարույց գործերը, ապա անկախ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ դատավորի կայացրած որոշումների անկողմնակալության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Գևորգ Դավթյանը նշեց, որ բանկերի ներկայացրած հայցերը հիմնականում նույնանման են, պարզ և շատ հաճախ քննվում են պարզեցված կարգով․ տվյալ դատավորների կողմից այդ գործերի քննումը գրեթե զուրկ է ռիսկերից։

Քանի որ դատավորների և բանկերի/վարկային կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերում առկա տեղեկատվությունն օրենքով պաշտպանված է և ենթակա չէ հրապարակման, իսկ դատավորներն էլ չեն հայտնում փոխհարաբերությունների մասին, բանկերի գործերի քննության կողմնակալության ռիսկը չի նվազում:

հեղինակ՝ Անահիտ Հովակիմյան

համակարգող՝ Գրիշա Բալասանյան

Գլխավոր լուսանկարը՝ Freepik-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter