HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ակադեմիա չգնաց, որ պահպանի մտքի ազատությունը

Դեղինի առատություն է ու դեղին ֆոնին տերեւներից ազատվել ցանկացող, քամու բերան մտած ծառերի ճկվող ճյուղեր, միահարկ, տափակ կտուրով մի տուն ու բաց դռան մեջ սպասումից քարացած մի կին: Նարեկը վրձինը թաթախում է դեղինի մեջ ու մոլբերտի վրա տեղադրված կտավում ինչ-որ շտկումներ անում:

Ես ասում եմ՝ «լավն է, գիտես, դեղին գույնը մի տեսակ ուրախության զգացում է արթնացնում մեջս, թեպետ սպասում կա կնոջ կանգնած ձեւի մեջ»: Նարեկը գլխով է անում. «Հա, բայց դեռ կիսատ է, դեռ մի քանի շտրիխ կա անելու, դրանք էլ անեմ, հետո ռամկայի մեջ եմ դնելու, ցուցահանդեսի եմ պատրաստվում»:

Բախտս չի բերել. երիտասարդ նկարիչը քչախոս է: Մտքումս հոգոց եմ հանում. մեկ էլ այս խնդրին բախվել եմ գյումրեցի դարբիններ Պապոյանների ու Մնոյանների տոհմի ներկայացուցիչների հետ զրուցելիս` ես խոսում էի, իրենք, որպես համաձայնության նշան,գլխով անում: «Դարբինը ժամանակ չունի ու չպիտի խոսի,- այն ժամանակ բացատրեցին ինձ,- պիտի գործ անի, ուշքն ու միտքը կրակի ու տաք երկաթի վրա պահի»:

«Դե նկարիչներն էլ հիմնականում շատախոս չեն»,- Նարեկը ծիծաղում է, իսկ մայրը կարծես հուշելով`լրացնում. «Նարեկս ինձ է քաշել չխոսկան»:

Երբ 88-ի երկրաշարժը եղավ, Նարեկն ընդամենը 11 ամսական էր: Մեծացավ ավեր տեսած Գյումրիում: Աչքը վարժվել էր տնակային թաղամասերին, քանդված փողոցներին, ամռանը քաղաքի վրա ամպ կազմող փոշուն, որ անձրեւի հետ նստում էր գետնին ու ցեխի անտանելի շերտ դառնում: Գուցե մռայլը ցրելու անզուսպ ցանկությունն էր, գուցե նախասիրությունը, ինքն էլ չգիտի դրա բացատրությունը, սակայն նկարելիս ընտրում է միայն վառ գույներ:

«Սիրում եմ դեղինը, նարնջագույնն ու կարմիրը,- ասում է Նարեկը,- անչափ հավանում եմ Մինասի ու Սարյանի գործերը: Ինձ ասում են, որ գունային առումով ես շատ մոտ եմ կանգնած Մինաս Ավետիսյանին: Գուցե դա նրանից է, որ նաեւ գյուղ, գյուղական միջավայր շատ եմ նկարում»:

24-ամյա Նարեկ Թումասյանն ակադեմիական կրթություն չի ստացել: Նրա նմաններին ասում են «ինքնուս»: Նկարել սկսել է հայոց այբուբենը սովորելուց շատ ավելի վաղ:

«Հետո, երբ դարձավ տառաճանաչ, անընդհատ տառեր էր նկարում»,- հիշում է մայրը: Նարեկն ասում է՝ «բզբզում էի», ու գուցե դա էր պատճառը, որ անգամ նկարչական դպրոց չուզեց հաճախել: Ծնողներն էլ իրենց հերթին լուրջ չէին ընդունում տղայի հակումները: Հետագայում ավարտեց Գյումրիի պետական ճարտարագիտական համալսարանի ավտոմատիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին հիմնականում գրաֆիկայով էր զբաղվում:

Մայրը` Նաթելան, ասում է, որ ինքն ավելի շատ տղայի գծանկարներն է հավանում: Նկարչությամբ Նարեկը լրջորեն սկսեց զբաղվել մոտ երկու տարի առաջ: Հենց այդ ժամանակ էլ խոհանոցի մի անկյունում հայտնվեցին «տարածքի» հետ չհամադրվող մի քանի առարկաներ` մոլբերտ եւ ցածլիկ մի սեղան` վրան յուղաներկեր ու վրձինների խուրձ:   

Համացանցը, մասնավորապես «Ֆեյսբուքը» հեղաշրջեց Նարեկի կյանքը: Նկարների ֆոտոլուսանկարները սկսեց տեղադրել իր էջում: Արձագանքները չուշացան: Ընկերները հիանում էին, մասնագետները` խորհուրդներ տալիս: Նարեկը խոստովանում է, որ նկարելով պարզապես իր հույզերն է արտահայտում:

Նախնիները Արեւմտյան Հայաստանի Մշո գավառից են գաղթել: Հայրն իրեն ու եղբորը դեռ փոքրուց անընդհատ պատմում էր պապից լսած պատմությունները: «Էրգրի» պատկերը Նարեկի համար տափակ կտուրով գյուղական տունն էր ու արտից տուն դարձող ամուսնու ճամփեն պահող հայ կնոջ կերպարը: Եվ հիմա, երբ վրձինը ձեռքն է վերցնում, անկախ իրենից կորսված հայրենիքի հենց այդ պատկերներն են հառնում աչքի առաջ:

«Արյունն էլ հավանաբար հիշողություն ունի, գենը… Կարծում եմ դա է, որ ինձ ստիպում է հիմնականում այսպիսի պատկերներ ստեղծել»,- Նարեկի երկար թերթերունքներով երիզված աչքերը դառնում են թախծոտ:

Ակադեմիա չգնաց, որ պահպանի մտքի ազատությունը: «Ինձ կողքից անընդհատ ասում էին, թե գոնե Գյումրիի ակադեմիա նկարչության ֆակուլտետը տուր գործերդ, գնա սովորիր, բայց էնտեղ ուսանող ընկերներ ունեմ, իրենցից իմացել էի, որ գոյություն ունեն որոշակի սահմանափակումներ, որոնք ինչ-որ տեղ կաշկանդում են ուսանողին, դրա համար էլ որոշեցի չգնալ»,- չկատարած քայլի համար առանց ափսոսանքի պատմում է Նարեկը: Որոշներն էլ կան, որ խորհուրդ են տալիս ամեն ինչ թողնել ու գնալ արտասահման կրթվելու: Ինքն էլ կուզենար, բայց դա մեծ գումարներ է պահանջում, որ չունի ու չգիտի՝ կունենա՞ երբեւէ երազանքն իրականացնելու համար:

Նարեկը նկարները չի վերնագրում: Ասում է՝ թող մարդիկ իրենք որոշեն ինչ անուն տալ այս կամ այն կտավին: Ստորագրում է նկարի աջ կամ ձախ անկյունում, երբեմն էլ անվան փոխարեն պարզապես գրում է «N 13»:

«Հունվարի 13-ին է ծնվել Նարեկս, այդ թիվը շատ է սիրում,- շտապում է բացատրել մայրը,- մեկ-մեկ էլ էդ ձեւով է թողնում ստորագրությունը գործերի տակ»:

Նարեկի գործերը հավանողները պնդում են, որ տղայի հաջողության գաղտնիքը նրա կտավների գունեղության ու պարզության մեջ է:

«Դե, կյանքը մեր առանց էդ էլ շատ բարդ է, փոթորկոտ, ագրեսիա շատ կա, գուցե դրա համար էլ ես անընդհատ իմ նկարներում ձգտում եմ խաղաղության ու անդորրի, աշխատում եմ բնությանը մոտ լինել,- ասում է Նարեկը,- չնայած արածս որոշ գծանկարներում այդ նույն ագրեսիան կամ իմ ներքին խռովքը արտահայտել եմ»:

Երիտասարդ նկարիչը կտավի ու յուղաներկի համար գումար վաստակում է աշխատելով Գեոֆիզիկայի ինստիտուտում՝ որպես ինժեներ, եւ «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունում` կայքի ադմինիստրատոր:

«Ուզում եմ ցուցահանդես-վաճառք կազմակերպել: 50 յուղաներկ գործ ունեմ: Գումարը պիտի փոխանցեմ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ին, որ գիտեք՝ անօթեւանների ու սոցիալապես անապահով ընտանիքների խնդրով է զբաղվում: Մի փոքր մասն էլ կհատկացվի նոր կտավների ու յուղաներկերի ձեռք բերմանը: Իմ առաջին անհատական ցուցահանդեսն է լինելու, հույս ունեմ, որ հաջող կանցնի»,- Նարեկը ժպտում է ու նշաձեւ աչքերի խորության մեջ իրար են խառնվում նրա այնքան սիրելի դեղին, կարմիր եւ նարնջագույն գույները` շրջապատին փոխանցելով տիրոջ հոգու ջերմությունը:

Մեկնաբանություններ (7)

GAYANE
Նարեկ ջան դու կարողանում ես տալ մեզ այն կրակը,որը կա քո հոգում ,երբեք չկորցնես քո եսը, ինքնուրույնությունը, ուժը ,բայց երբեմն պետք է լսել մասնագետներին ,հանճարի հասնելու համար մեծն ՎԱՆ ԳՈԳԻ նման սիրիր ազատությունդ...
bolorin
lavn a, bayc der shat azdecutyunneric arji azatvel , vor kon@ ereva hstak u hnaravor lini liarjek gnahatel kez, lik@ gorc unes anelu u ete karoxanas kdarnas!
HASMIK
APRES NAREK JAN!!!!! IROQ AMEN ANGAM FACEBOOKUM HIANUM EM QO CHASHAKOV ENTRAC NKARNEROV,SHAT QNQUSH HOGI UNES,VONC ES APRELU ES DAJAN ASHXARHUM.....
Papii tornikna ya :D
Vuxxxxxxxxxxxxxxx the best painter :*** Qo nmann chkaaaaaaaa mernem janiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiin :D
Գոհար Արշակյան
Ապրես Նարեկ, քո աշխատանքները ոչ միայն լույս ու ջերմությունն են սփռւմ, այլև հավատով են լցնում վաղվա նկատմամբ... հրաշալի բնանկարներ ունես, քո գործերում շարժ, հեքիաթ ու կյանք կա, մանկական գրքերի կատարյալ նկարազարդող կարող ես նաև լինել, լավ կլիներ, որ հրատարակիչներն իմանային քո տեղը...երևի լավ է, որ հեռու ես նկարչական ակադեմիզմից, ամեն մի ակադեմիզմ, ըստ իս, ջնջում է ստեղծագործական անհատականությունը , պարտադրելով խաղի կանոններ, ինչը լավ է լոկ օպերայի, բալետի կամ ամեն պարի պարագայում...
Vahan
Kecces Երանուհի Սողոյան «Ուզում եմ ցուցահանդես-վաճառք կազմակերպել: 50 յուղաներկ գործ ունեմ: Գումարը պիտի փոխանցեմ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ին, որ գիտեք՝ անօթեւանների ու սոցիալապես անապահով ընտանիքների խնդրով է զբաղվում: Մի փոքր մասն էլ կհատկացվի նոր կտավների ու յուղաներկերի ձեռք բերմանը: Իմ առաջին անհատական ցուցահանդեսն է լինելու, հույս ունեմ, որ հաջող կանցնի»,- Նարեկը ժպտում է ու նշաձեւ աչքերի խորության մեջ իրար են խառնվում նրա այնքան սիրելի դեղին, կարմիր եւ նարնջագույն գույները` շրջապատին փոխանցելով տիրոջ հոգու ջերմությունը:
Varser
Շատ սիրուն ա նկարում: Իրոք կարողանում ենք գեղագիտական հաճույք ստանալ Նարեկի նկարներից. էնքա՜ն վառ, լուսավոր, գունեղ ու պայծառ տրամադրություն են ներշնչում նրա գործերը: Ու շատ լավ է, որ նա քչախոս է. դա ապացուցում է, որ նա արվեստագետ է...:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter