HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միակ այլազգի կին պատգամավարության թեկնածուն

Նարեկ Ալեքսանյան 

Խորհրդարանական այս ընտրությունների թեկնածուների ցուցակը, ի տարբերություն նախորդի, բավականին խայտաբղետ է: Կուսակցությունների շարքերում, այնուհետև նրանց ցուցակներում հայտնվում են մարզիկներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց զուգորդումը քաղաքականության հետ (պատգամավորի գործի բնույթից ելնելով` հետագայում նաև օրենսդիր գործառույթներ իրականացնելու), թեկուզ անզեն աչքով, աղոտ է պատկերացվում:

Տպավորություն է, որ ինչ-որ մեկը ցանկանում է խորհրդարանին ներկայացուցչական տեսք տալ: Քանի որ թե ընդդիմության, թե իշխանության նախընտրական ծրագրերը բովանդակային առումով շատ դեպքերում միմյանց կրկնումը կամ հավելումն են, խնդիր է առաջանում տարբերվելու:

«Նշենք, որ մեր այսօրվա բանախոսն է միակ կին այլազգի պատգամավորության թեկնածու Իրինա Գասպարյանը, ով Ասորիների միության նախագահն է և ներկայացված է ՀԴԿ-ի համամասնական ցուցակում»,- ահա այսպես ասուլիսավարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր զրուցակցին, ով այնուհետև իր հերթին ներկայացրեց դեմկուսի ծրագիրը, շատերի նման խոսեց նախընտրական քարոզչության ժամանակ հանդիպող խոչընդոտների, իշխանական կուսակցությունների շտաբերի հսկայական քանակության և նույն շարքից ևս մի քանի բաների մասին:

Ասուլիսի մյուս բանախոսը`Անահիտ Գրիգորյանը, ով նույպես ներկայացնում էր ՀԴԿ-ն և պետք է խոսեր քաղաքականության մեջ կնոջ դերի մասին (ըստ օրակարգում նշված թեմայի), ուղղակի ներկայացրեց իրենց կուսակցության նախընտրական ծրագրից որոշ դրույթներ, որոնցից թերևս ամենահավակնոտը հետևյալն էր. «Փոխել Սահմանադրության առաջին կետը. «Հայաստանը սոցիալական պետություն է»-ին ավելացնել «… որը պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների հանդեպ» տողը»:

Խոսելով քաղաքական արենայում կնոջ դերակատարության մասին՝ բանախոսը նշեց, որ կինը կարող է կայանալ քաղաքականության մեջ այնպես, ինչպես որ կարողանում է կայանալ այլ ոլորտներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter