HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտանի շների համար Երևանում հատուկ զբոսայգիներ կստեղծվեն

Երևանի բոլոր վարչական շրջաններում ընտանի շների համար կստեղծվեն հատուկ զբոսայգիներ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո և հավատի» այգում, ինչպես նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շների առանձնացված զբոսայգիները պատրաստ կլինեն արդեն այս տարի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Նպատակն այն է, որ շուն պահող մարդիկ ունենան առանձնացված հատված, որտեղ կարող են իրենց շներին տանել զբոսանքի՝ առանց անհարմարություն պատճառելու ոչ միայն այլ մարդկանց, այլ նաև իրենց: Գիտեք, որ շատ տարածքներում, այդ թվում՝ զբոսայգիների խոտածածկ տարածքներում, խաղահրապարակների հարևանությամբ շների զբոսանքն արգելված է, և մենք հաճախ ենք ստանում շուն պահող քաղաքացիների արդարացի բողոքը»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Ծրագրի առաջին փուլն իրականացվում է ռուսաստանաբնակ գործարար Սոս Մարտիրոսյանի աջակցությամբ: Զբոսայգիներում հարմարավետ պայմաններ կստեղծվեն ինչպես շների զբոսանքի, այնպես էլ վարժանքների համար: Առաջին անգամ նախաձեռնվող այս ծրագիրն իրագործելու նպատակով համայնքը համագործակցում է ոլորտի մասնագետների հետ:

«Այս զբոսայգիները կառուցելիս մենք համագործակցում ենք մասնագետների հետ, նաև շնասերների հետ, որպեսզի ստանանք հնարավոր լավագույն տարբերակը, որը կլինի և անվնաս, և հարմար շների վարժանքի ու զբոսանքի համար»,- ասում է Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Կենդանիների պաշտպանության «Շունչ» հիմնադրամի նախագահ Արեգ Գինոսյանը նշում է, որ հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվել են շների վարժանքի համար նախատեսված սարքեր, առարկաներ․

«Ուրախ ենք, որ համայնքը համագործակցում է այս գաղափարն իրագործելու համար: Այգին երկարատև ժամանցի համար հետաքրքիր կլինի»,- ընդգծում է նա։

Վարժասարքեր, գիշերային լուսավորություն, ոռոգման նոր ցանց, աղբամաններ, հատուկ ցուցանակներ, ինչպես նաև նստարաններ կլինեն շներին զբոսանքի հանած քաղաքացիների հանգստի համար: Զբոսայգիներում փոքր և խոշոր շների համար նախատեսված տարածքները կլինեն առանձնացված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter